Ռեմիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռեմիքս (անգլ.՝ remix), երաժշտական ստեղծագործության ձև, որը թողարկվում է բնօրինակից ուշ՝ ավելի ժամանակակից գործիքավորված տարբերակով: Երբեմն ստեղծվում է սկզբնական ստեղծագործության որոշ մասեր «խառնելու» ճանապարհով՝ ավելացնելով տարբեր ձայներ, հատուկ էֆեկտներ, կատարելով տեմպի և տոնայնության փոփոխություններ: Ռեմիքսի առավել հաճախ հանդիպող տիպերն են՝ ռեմիքշինգը, մեգամիքսը (մի քանի երաժշտական ստեղծագործությունների հավաքածու)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեմիքսավորման տեխնիկան զարգացել է ձայնագրող սարքավորումների կատարելագործմանը զուգահեռ: Հետագայում ի հայտ եկավ մի ամբողջ ուղղություն, որը զբաղված էր նոր աուդիո-արտադրանքի ստացմամբ՝ հնացած եղանակներով ձայնագրված երաժշտական նյութը ժամանակակից սարքավորումներով վերամշակելով: Սա հանգեցրեց հնչեղության նոր կողմերի զարգացմանը և արդեն հայտնի ստեղծագործությունների որակի բարելավմանը՝ ձայնի մշակման տեխնիկայի վերջին նվաճումների և նոր էֆեկտների օգտագործման հաշվին:

Ավելի ուշ այս խնդրի ավելի լայն վերաիմաստավորումը հանգեցրեց ռեմիքսավորման՝ որպես առանձին ստեղծագործական ուղղության առանձնացմանը: Դրա նպատակն է ընդլայնել, փոփոխության ենթարկել, երբեմն էլ ռեմիքսի ստեղծագործական մտահղացումը հակադրել երաժշտական ստեղծագործության սկզբնական մտահղացմանը։

Ռեմիքսները հիմնականում պահանջված են փոփ երաժշտությունում, որտեղ ձևավորվել է ռեմիքսացման տարբեր տեխնոլոգիաների մի ամբողջ ուղղություն: Առաջին ռեմիքսները՝ որպես բնօրինակ երգերի փոփոխված տարբերակներ, ստեղծվել են 1960-ական թվականների վերջերին Ճամայկայում: Ժամանակակից պարային ռեմիքսները սկիզբ են առնում 1970-ական թվականներից, երբ դիսկո ակումբների համար ի հայտ եկավ ժամանակի հայտնի երգերի ավելի ռիթմիկ և երկար տարբերակների պահանջ։ Հեղինակային իրավունքի սեփականատերերը հաճախ են իրենց երգերի համար ստեղծում ռեմիքսներ ժամանակակից տարբեր երաժշտական ոճերում[2]:

Ռեմիքս ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեմիքսներ ստեղծում են հեղինակները (հեղինակային իրավունք ունեցողները) կամ մասնագետները (հեղինակների կամ հեղինակային իրավունք ունեցողների պատվերով)։ Ռեմիքսներ թողարկվում են նաև երգահանների և դիջեյներ կամ ուղղակի երաժշտություն սիրողների կողմից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Everything is a Remix http://www.everythingisaremix.info/
  2. Keifer-Boyd Karen, Liao Christen (2018)։ Feminism. In Keywords in Remix Studies.։ New York:NY: Routledge։ էջեր 147–157 
  3. «Copyright Act 1968 (Cth) ss 31»։ էջեր 85–88 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]