Ռեզերվացիա
Ռեզերվացիաներ, ռեզերվատներ (լատիներեն՝ reservare — պահպանել), որոշ արևմտյան երկրներում արմատական բնակչության մնացորդներին բռնի բնակեցնելու համար հատկացված հողատարածություններ։
Ռեզերվացիաները գոյություն ունեն ԱՄՆ-ում, Կանադայում և Բրազիլիայում՝ հնդկացիների, Ավստրալիական Միությունում՝ Ավստրալիայի բնիկների, Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ սևամորթ աֆրիկացիների համար։
Ռեզերվացիաները ԱՄՆ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ում ռեզերվացիաներ վարում է 1842 թվականին ստեղծված՝ Հնդկացիների գործերի վերաբերյալ բյուրոն, որի գործունեությունը փաստորեն ուղղված է ռեզերվացիաների հողերի կրճատմանը (1887-1961 թվականների ընթացքում 138 միլիոն ակրից հասել է 43 միլիոն ակրի)։ Բյուրոն ռեզերվացիաների բնական հարստությունները մշակելու է հանձնում մասնավոր մոնոպոլիաներին։ 1950-ական թվականներին ԱՄՆ-ի կոնգրեսն ընդունեց ռեզերվացիաների վերացման ու դրանցից հնդկացիների արտաքսման մասին մի շարք օրենքներ։
Ռեզերվացիաները Կանադայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադայում Հնդկացիների գործերի վերաբերյալ բաժինը (ստեղծվել է 1860 թվականից) նույնպես նպաստեց ռեզերվացիաների կրճատմանը և բնական հարստությունները մասնավոր մոնոպոլիաներին հանձնելուն։ 1966 թվականին ռեզերվացիաների մակերեսը 6 միլիոն ակր էր, որ համարվում էր 230 հազար հնդկացիների սեփականություն։ 1969 թվականին կանադական կառավարությունը հայտարարեց ռեզերվացիաները վերացնելու մտադրության մասին։
Ռեզերվացիաները Ավստրալիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայում ռեզերվացիաներ են անվանում բնիկներով բնակեցված տարածությունները, որոնցում մուտք գործելու իրավունք ունեն միայն կառավարական ծառայողներն ու հատուկ թույլտվություն ստացած անձինք։ Ամենաշատ ռեզերվացիաները գտնվում են Արևմտյան Ավստրալիայում, Քվինսլենդում և Հյուսիսային հողերում։ Որոշ ռեզերվացիաներում բնիկներն ապրում են ավանդական կենցաղով, այլ ռեզերվացիաներում նստակյաց են, կորցրել են տոհմացեղային կապերը և ապրում են վարձու աշխատանքով կամ բարեգործական ընկերություններից ու միսիաներից ստացած նպաստներով։
Ռեզերվացիաները Հարավաֆրիկյան Հանրապետությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԱՀ-ում ռեզերվացիաների տարածքը կազմում է երկրի մոտ 13%-ը, որտեղ բնակվում է աֆրիկացի բնակչության մոտ 1/3-ը (1983 թվականին)։ Աֆրիկացիները պաշտոնապես որոշ իրավունքներից օգտվում են միայն իրենց բնակության հողերում, երկրի այլ՝ «սպիտակ տերիտորիաներ» հայտարարված մասերում նրանց համար սահմանված է սոսկ «ժամանակավորապես լինելու» կարգավիճակ։ ՀԱՀ-ում ռեզերվացիաներն էժան և իրավազուրկ բանվորական ուժի աղբյուր են։
Ռեզերվացիաներ քշված հնդկացիները, աֆրիկացիները, Ավստրալիայի բնիկները պայքարում են խտրականության դեմ՝ ձգտելով իրենց իրավունքները վերահաստատել բռնագրավված հինավուրց հողերի վրա։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 620)։ |