Ռահզադ (Սասանյան զորավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռահզադ
6-րդ դար - դեկտեմբերի 12, 627 կամ դեկտեմբերի 15, 627[1]
ԾննդավայրՀայկական մարզպանություն
Մահվան վայրՆինվե, Սասանյան Պարսկաստան[1]
Քաղաքացիություն Սասանյան Պարսկաստան
ԶորատեսակSasanian military?
ԿոչումSpahbed?
Մարտեր/
պատերազմներ
Բյուզանդա-սասանյան պատերազմ

Ռահզադ (միջին պարսկերեն։ Rāhzāt), ի սկզբանե Ռոչ Վեհան[2], բյուզանդական աղբյուրներում հայտնի է որպես Ռահզատես (հուն․՝ Ῥαζάτης)՝ ազգությամբ հայ զորավար Սասանյան Պարսկաստանի թագավոր Խոսրով Բ Փարվեզի (590-628 թթ.) օրոք[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

602 թ. սկսված բյուզանդա-սասանյան պատերազմը մոտենում էր իր 25-րդ տարուն։ Պատերազմի առաջին փուլում Բյուզանդիան կորցրել էր իր արևելյան և հարավարևելյան տարածքները՝ Հայաստանը, Անատոլիայի զգալի հատվածը, Սիրիան, Եգիպտոսը և այլն։ Քաղաքների մեծ մասը հրկիզված ու թալանված էին, գրավվել էր Երուսաղեմը, որտեղից տարվել էի քրիստոնեական սրբությունները, այդ թվում Քրիստոսի խաչափայտը։ Նախկին կայսր Փոկասին տապալելուց հետո գահ բարձրացած ազգությամբ հայ Հերակլը (610-641 թթ.) պետության փլուզումը կանխելու նպատակով որոշում է դիմել համարձակ քայլերի։ 627 թ. սեպտեմբերին սկզբին հավաքելով իր բազմազգ բանակը ներխուժում է Պարսկաստանի մինչպատերազմյան տարածքները։ Խոսրով Բ-ն անսպասելի իրավիճակից խուճապի է մատնվում։ Երկարատև պատերազմը ուժասպառ էր արել պարսկական բանակը, իսկ նշանավոր երկու գեներալներից մեկը՝ Շահինը զոհված էր, մյուսը՝ Շահրբարազը Եգիպտոսում էր, վախենալով, որ շահը մտադրություն ունի մահվան հաշվեհարդար տեսնել իր հետ։ Հետևաբար՝ Խոսրովը հարկադրված էր վերակազմավորել բանակը, իսկ նոր հրամանատար նշանակում է ռազմատենչ և քաջարի ազնվական Ռահզադին։

Ռահզադը առաջ է շարժվում Հերակլի ներխուժումը սասանյան մայրաքաղաք Տիզբոն կանխարգելելու նպատակով։ Բյուզանդական կայսրը ճանապարհին ավերում է հանդիպող բնակավայրերը, իսկ սասանյան հրամանատարը հետևում էր նրա ընթացքին։ Վերջապես Հերակլը անցնում է Մեծ Զաբ գետը (ներկա Հս. Իրաքի տարածք) և հենց այդտեղ էլ ճամբար կանգնեցնում, որպեսզի Ռահզադը նույն կամրջով անցնելիս չկարողանա խուսափել մարտից[4] : Սակայն պարսկական զորքը շարունակում է ընթացքը գետի հոսանքով ներքև։

Լսելով այս մասին կայսրը Ռահզադին անհանգստացնելու համար Բանեսի գլխավորությամբ ուղարկում իր զորքից որոշ հատված։ Սրան նախորդած բախման ընթացքում բյուզանդացիները սպանել և գերեվարել էին բազմաթիվ պարսիկների, այդ թվում Ռահզադի անձնական օգնականին, որից տեղեկանում են, որ պարսիկները սպասում են հավելյալ 3000-անոց զորքի։ Այս փաստը մտահոգում է Հերակլին, բացի այդ նրա զորքը բավականին թուլացել էր Միջին Ասիայից միացած վարձկան գոկթյուրքական զորաբաժնի դասալքությունների հետևանքով[5]։

627 թ. դեկտեմբերի 12-ին, Նինվե քաղաքի մոտ իր զորքերը տեղակայված Հերակլը սպասում էր պարսկական զորքերին։ Ռահզադը սա տեսնելով առաջ է շարժվում բյուզանդացիների ուղղությամբ։ Նա  փաղանգի օրինակով իր զորքերը բաժանում է երեք մասի[6]։ Ճակատամարտի բոհում Ռահզադը Հերակլին մենամարտի է կանչում, հույս ունենալով բյուզնդացիներին ստիպել փախուստի դիմել։ Հերակլը ընդունում է մենամարտը, առաջ մղում իր ձիուն և մեկ հարվածով կտրում սասանյան զորահրամանատարի գլուխը։ Որպես ռազմավար վերցնում է Ռահզադի 120 ոսկե թիթեղներից կազմված վահանը և ոսկյա լանջապանակը։ Պարսիկները տեսնելով իրենց խիզախ հրամանատարի և մյուս բարձրաստիճան զինվորականների մահը հուսալքվում են, կորցնում հաղթանակի նկատմամբ հավատը։ Պարսկական կողմը մոտ 6000 զոհ և վիրավոր է տալիս։

Պատերազմում հայկական կողմը աջակցում էր Բյուզանդիային։ Վերջինս հետագայում վերականգնում է կորցրած տարածքները, վերադարցնում Քրիստոսի խաչափայտը։ Ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի պարսկական գերությունից ազատման տոնվում է Խաչվերացը։ Խաչափայտի վերադարձը իր արտահայտումն է ունեցել նաև ժամանակի հայկական արվեստում (Մրենի տաճար, հս. տիմպան, VII դ.):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Histoire de l'Arménie des origines à 1071 — P. 275.
  2. Խիստ транслитерация: Rōč-Vehān կամ Rōz-Wehān
  3. Кэги (2003), էջ 158
  4. Кэги (2003), էջ 159-160
  5. Кэги (2003), էջ 160
  6. Кэги (2003), էջ 161-162

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kaegi, Walter Emil (2003), Heraclius: emperor of Byzantium, Cambridge University Press, ISBN 0-521-81459-6 {{citation}}: More than one of |ISBN= and |isbn= specified (օգնություն)