Ջուղայի խաչքար (Էջմիածին, հյուսիսային պարսպի խորշում, 1602 թվական)
1602 թվականի Ջուղայի խաչքարը Էջմիածնում | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Արմավիրի մարզ |
Սկզբնական տեղադրություն | Ջուղայի գերեզմանատուն |
Ներկա տեղադրություն | Մայր Աթոռ |
Ներկա վիճակ | ամբողջական |
Ժառանգության կարգավիճակ | այո |
Նվիրված | Յովհանէս |
Խաչագործ | Գրիգոր վարպետ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1602 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարի քիվին՝ Քրիստոս, ավետարանիչներ, հերշտակներ, ստորին մասում՝ հեծյալ |
Նյութ | տուֆ |
Արձանագրություն | առկա է |
Ջուղայի պահպանված խաչքար, որը ներկայումս գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում՝ Մայր Աթոռի տաճարը շրջափակող պարսպի հյուսիսային խորշերից մեկում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.29)[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչքարը քանդակվել է Գրիգոր խաչագործի կողմից 1602 թվականին։ Գտնվել է Ջուղայի գերեզմանատանը։
Վազգեն Ա Բուխարեստցի կաթողիկոսի ջանքերով 20-րդ դարի վերջերին խաչքարը տեղափովում է Մայր Աթոռ՝ փրկվելով Ջուղայի խաչքարերի ոչնչացումից։ Տեղադրված է Մայր տաճարը շրջափակող պարսպի հյուսիսային խորշերից մեկում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչասալի ստորին՝ հողի մեջ դրվող հատվածը բացակայում է, դրված է խորհանարդաձև նոր պատվանդանի վրա։ Պատվանդանի և խաչքարի հատման գիծը ամրակայման արդյունքում որոշակի վնասվել է։ Վնասված են նաև ստորին աջ աստղազարդը, խորանախաչն ամփոփող ուղղանկյան ստորին և կողային եզրաշերտերը, խաչատակի կիսագնդի վերին հատվածը, Քրիստոսի դեմքը։ Գրեթե ամբողջովին քայքայված են հիշատակագրերը[2]։
Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչքարի քիվի կենտրոնում քանդակված է Հիսուս Քրիստոսը։
Քրիստոսի ոտքերի կողմերում քանդակված են 4 ավետարանիչներն,
- Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
- Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
- Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
- Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը
Ավետարանիչների կողմերում հրեշտակներ։
Սլաքաձև խորանի տակ Ադամի դիմաքանդակն է, իսկ կողքերին` Գրիգոր քարգործի ստորագրությունն է։
Խաչքարի ստորին հատվածում քանդակված է հեծյալ՝ աղեղը ձեռքին։
Արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քիվատակի արձանագրությունից, որը թեև շատ վատ է պահպանվել, ընթեռնելի է[3].
«Ս(ուր)բ խաչս բարէխաւս առ Ք(րիստո)ս պարոն Յովանիսին» |
Աստիճանաձև պատվանդանի երկու կողմերում վարպետի ինքնագիրն է։ Հիշատակարանը կրկնվում է պատկերաքանդակի կողքի արձանագրության մեջ[4]։
«Գր(ի)գ(ո)ր վ(ա)րպ(ե)տ» |
«Ս(ուր)բ խաչս բարեխօս առ Ք(րիստո)ս պարոն Յովաննէսին հոգուն» |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հարությունյան, Մարիաննա (2014) Ջուղայի պահպանված խաչքարերը. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ՀԱ (Է). pp. 21-44. ISSN 1829-4243
- ↑ С. Тер-Аветисян, Город Джуга, Тифлис, 1937, с. 164.
- ↑ Ա. Այվազյան, Ջուղա, Երեւան, 1984, էջ 169