Jump to content

Ջոն Ադամ Պրեսպեր Էքերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Ադամ Պրեսպեր Էքերտ
Ծնվել էապրիլի 6, 1919(1919-04-06)[1][2][3][…]
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 3, 1995(1995-06-03)[1][2][4] (76 տարեկան)
Բրին Մար, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
բնական մահով[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունինժեներ-էլեկտրիկ, գյուտարար, համակարգչային գիտնական, ճարտարագետ և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Moore School of Electrical Engineering?[1], EMCC?[1], Remington Rand[1], Sperry Rand?[1] և Unisys?[1]
Գործունեության ոլորտՀամակարգչային ճարտարագիտություն
ԱնդամակցությունՀաշվողական տեխնիկայի ասոցիացիա[5]
Ալմա մատերUniversity of Pennsylvania School of Engineering and Applied Science? (1943)[1]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Պարգևներ
 J. Presper Eckert Վիքիպահեստում

Ջոն Ադամ Պրեսպեր Էքերտ կրտսեր (անգլ.՝ John Adam Presper Eckert, Jr., ապրիլի 6, 1919(1919-04-06)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունիսի 3, 1995(1995-06-03)[1][2][4], Բրին Մար, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]), համակարգչային ճարտարագիտության բնագավառի ամերիկացի գիտնական, ինժեներ-էլեկտրոնիկ։ Համարվում է ENIAC առաջին էլեկտրոնային համակարգչի ստեղծող Ջոն Մոքլիի հետ համատեղ։ Մուրի դպրոցի դասախոսությունների հեղինակներից մեկն է, որը պատմության մեջ դասախոսությունների առաջին շարքն է համակարգիչների թեմայով։ Համակարգչային առևտրային կազմակերպություններից առաջիններից մեկի՝ Eckert–Mauchly Computer Corporation (EMCC) ընկերության հիմնադիրն է և առաջին կոմերցիոն UNIVAC I համակարգչի ստեղծողը։ Մինչև 1960-ական թվականների վերջերն օգտագործված հետաձգման գծերի վրա հիշողության գյուտարար։ Ֆոն Նեյմանի ճարտարապետության հեղինակներից մեկն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1919 թվականի ապրիլի 9-ին Ֆիլադելֆիայում (ԱՄՆ)։ Սովորել է Ուիլյամ Փեննի անվան մասնավոր դպրոցում, որը համարվում էր լավագույններից մեկը երկրում։ Դեռևս միջին դպրոցում ուսումնառության տարիներին սկսել է հաճախել Ֆիլադելֆիայի ինժեներական ակումբ, մասնավորապես՝ Ֆրանսուորտի էլեկտրոնիկայի լաբորատորիա, որտեղ անցկացրել է օրվա երկրորդ կեսը։

Դպրոցն ավարտելուց հետո, ծնողների հորդորով, որոնք ցանկանում էին նրան տեսնել ընտանեկան գործերի շարունակող, Ջոն Պրեսպեր Էքերտն ընդունվել է Ուորթոնի բիզնես դպրոց, սակայն 1937 թվականին տեղափոխվել է Մուրի էլեկտրատեխնիկայի դպրոց։ 1940 թվականին ստացել է իր առաջին արտոնագիրը՝ «Լույսի մոդելավորման մեթոդներ և սարքավորում»։ Դա սարքավորում էր, որը նախատեսված էր ձայնը կինոժապավենի վրա ձայնագրելու՝ հեռուստատեսային կամ ֆաքսիմիլային հաղորդման, ազդանշանների փոխանցման համար[11]։ Մասնակցել է ռադիոտեղորոշման փորձարկումների, դիֆերենցիալ անալիզատորի բարելավմանը։ 1941 թվականի ամռանը որպես դասավանդող մասնակցել է ամերիկյան «Ճարտարագիտություն, գիտություն և ռազմական կառավարում» (Engineering, Science, and Management War Training) ծրագրին։

Աշխատանք ENIAC-ի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի ամռանը ծանոթացել է Մուրի էլեկտրատեխնիկայի դպրոցի դասընթացի ունկնդիր Ջոն Մոքլիի հետ, որն աշխատում էր Ջոնս Հոփքինսի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ Ավարտելուց հետո Մոքլին մնացել է Մուրի դպրոցում որպես պրոֆեսորի օգնական։

1943 թվականին Մոքլին և Էքերտը առաջարկել են էլեկտրոնային լամպերի օգտագործմամբ էլեկտրոնային թվային հաշվողական մեքենայի (համակարգչի) գաղափարը, որը շատ անգամ ավելի արագ ու ճշգրիտ կլիներ, քան դիֆերենցիալ վերլուծիչը հրետանու բալիստիկ աղյուսակների հաշվարկման համար։ Գաղափարն արագ արձագանք է գտել զինվորականների մոտ, և որոշ ժամանակ անց Մուրի էլեկտրատեխնիկայի դպրոցը նման մեքենա ստեղծելու պայմանագիր է կնքել։ Էքերտը դարձել է նախագծի գլխավոր ինժեներ։ 1945 թվականին բոլոր աշխատանքներն ավարտվել են, իսկ 1946 թվականին նախագիծը ներկայացվել է լայն հասարակությանը։

Պատերազմից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի ապրիլի 12ին ստորագրվել է W-36-034-ORD-7593 պայմանագիրը՝ ԱՄՆ բանակի բալիստիկ հետազոտությունների լաբորատորիայի համար նոր՝ «Project PY» գաղտնանունով համակարգիչ ստեղծելու վերաբերյալ։ Սակայն նույն թվականին Էքերտն ու Մոքլին հեռացել են Մուրի դպրոցից մտավոր սեփականության իրավունքի վերաբերյալ վեճի պատճառով, և EDVAC ԷՀՄ-ն ստեղծել են առանց նրանց։ Նույն թվականին Փենսիլվանիայի համալսարանն ընդունել է նոր արտոնագրային քաղաքականություն, համաձայն որի՝ բոլոր արտոնագրերը շնորհվում են համալսարանի կողմից։

Էքերտն ու Մոքլին համալսարանի հետ հաշտությամբ ավարտել են ENIAC-ի հետ կապված վեճը. համալսարանն իրեն է վերապահել պետական և ոչ առևտրային կազմակերպություններին արտոնագիր տրամադրելու իրավունքը, թեև ի սկզբանե նախատեսել էր նաև առևտրային բաշխումը։

1946 թվականի հոկտեմբերին նրանք հիմնադրել են համակարգիչներ արտադրող առաջին ընկերություններից մեկը՝ Electronic Control Company, որը հետագայում վերանվանվել է Eckert–Mauchly Computer Corporation: Նրա առաջին պատվիրատուն դարձել է ԱՄՆ ստանդարտների ազգային բյուրոն։ Համակարգիչն ստացել է UNIVAC անվանումը։ Սակայն համակարգչային շուկայի բացակայությունը բացասական հետևանք է ունեցել Էքերտի և Մոքլիի համար։ Արտադրության ծախսերը 3 անգամ գերազանցել են նախատեսված ծախսերը։ Խնդիրը լուծելու համար ընկերությունը Northrop Aircraft Corporation-ից BINAC համակարգիչ ստեղծելու պատվեր է ընդունում։

Ֆինանսական խնդիրներն այդպես էլ վերջնականապես չեն լուծվել, և 1950 թվականին ընկերությունը դարձել է Remington Rand ավելի խոշոր ընկերության ստորաբաժանում, իսկ Էքերտը՝ գործադիր տնօրեն։

Մոքլին ընկերությունից հեռացել էր դեռ 1959 թվականին՝ հիմնելով իր սեփական ընկերությունը, իսկ Էքերտը մնացել է ընկերությունում մինչև 1989 թվականը։

1968 թվականին պարգևատրվել է ԱՄՆ ազգային գիտական մեդալով[12]։

Ջոն Պրեսպեր Էքերտը մահացել է լեյկոզից 1995 թվականի հունիսի 3ին Փենսիլվանիայի արևելքում գտնվող Բրին Մար փոքրիկ քաղաքում։

2002 թվականին հետմահու ընդգրկվել է Գյուտարարների փառքի ազգային սրահում։

Էքերտի ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքերտը կարծում էր, որ ֆոն Նեյմանի ճարտարապետությունը պետք է կոչվի իր պատվին, քանի որ նրա հիմնական նվաճումը՝ համակարգչի հիշողությունում ծրագրերի պահպանումը, մինչ այդ արդեն մշակվել էր Մուրի դպրոցում[13]։ Այդ տեսակետը պաշտպանում էր նաև ENIAC-ի ծրագրավորող Ջին Բարտիկը[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  5. 5,0 5,1 https://awards.acm.org/fellows/award-recipients
  6. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  7. https://events.seas.upenn.edu/distinguished-lectures/pender-lecture/
  8. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/piore_rl.pdf
  9. Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
  10. https://thejohnscottaward.github.io/jsc/1951-2010.html
  11. Patent US2283545 - P ECKERT - Google Patents. Google.com. Retrieved on 2013-08-10.
  12. National Inventors Hall of Fame Արխիվացված 2013-08-05 Wayback Machine
  13. «Amending the ENIAC Story. Mauchly, 1979». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  14. «Oral History of Jean Bartik» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ադամ Պրեսպեր Էքերտ» հոդվածին։