Ջերմաստիճանի ինվերսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմաստիճանի ինվերսիա, մթնոլորտում, հատկապես տրոպոսֆերայում, ըստ բարձրության օդի ջերմաստիճանի օրինաչափորեն անկման փոխարեն՝ աճի երևույթ։

Ջերմաստիճանի ինվերսիան դիտվում է մթնոլորտի երկրամերձ շերտերում (սկսած երկրի մակերևույթից) և ազատ մթնոլորտում, տարբեր բարձրության շերտերում։ Երկրամերձ շերտերում ջերմաստիճանի ինվերսիան հաճախ առաջանում է անդորր գիշերներին (ձմռանը՝ երբեմն նաև ցերեկը), որը պայմանավորված է երկրի մակերևույթից ճառագայթման հետևանքով հողի և օդի երկրամերձ շերտի ջերմաստիճանի խիստ անկմամբ։

Ջերմաստիճանի ինվերսիայի հզորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրամերձ ջերմաստիճանի ինվերսիաի հզորությունը (ինվերսիոն շերտի հաստությունը) հասնում է տասնյակ, հազվադեպ՝ հարյուրավոր մետրերի։ Ջերմաստիճանի տարբերությունները ինվերսիոն շերտի ստորին և վերին սահմաններում հասնում են ավելի քան 15-20 °C-ի։ Ագատ մթնոլորտում դիտվող ջերմաստիճանի ինվերսիաներն ունեն անտիցիկլոնային (սեղմման) և ճակատային ծագում։

Անտիցիկլոններում վարընթաց հոսանքների շնորհիվ օդային զանգվածները սեղմվում և տաքանում են։ Մթնոլորտային ճակատների ստորին մասում գտնվող սառը օդի վրա տաք օդի վրահոսքը նույնպես առաջ է բերում ջերմաստիճանի աճ։ Մթնոլորտի ավելի բարձր շերտերում (ստրատոսֆերայում, մեզոսֆերայում, ջերմոլորտում) նկատվող ջերմաստիճանի ինվերսիանները արդյունք են գազերի՝ արեգակնային կարճալիք ճառագայթների ուժեղ կլանման։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Хргиан, Александр Христофорович Физика атмосферы М., 1969
  • Malberg H. (2002)։ Meteorologie und Klimatologie. Eine Einführung 4. Aufl. Springer-Verlag Berlin Heidelberg New York. ISBN 3-540-42919-0
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։