Ջեռուցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կենտրոնական ջեռուցման սկզբունքը

Ջեռուցում, շենքերի արհեստական տաքացում՝ մարդու նորմալ ինքնազգացողությունը, տեխնոլոգիական պրոցեսների նորմալ ընթացքը, սարքավորումների, նկարների, նյութերի ու արտադրանքի պահպանումն ապահովելու համար (բնակելի շենքերում ջերմաստիճանը պետք է լինի 18°—20°С, հանդիսասրահներում՝ 16°С, վիրահատարաններում՝ 25°С, մսի, կաթի արտադրությունում՝ 5° С)։ Ջեռուցման համակարգից շենքին մատուցվող ջերմության քանակը (որոշվում է շենքի ջերմության կորուստների և շենքում անջատվող ջերմության քանակների տարբերությամբ) կարգավորվում է ջեռուցման համակարգերի ավտոմատացմամբ և ջեռուցիչ սարքերի վրա տեղադրված կարգավորիչ ծորակներով։

Ջեռուցման համակարգերը լինում են կենտրոնական և տեղական։ Զեռուցման կենտրոնական համակարգերում ջերմությունն արտադրվում է տաքացվող շենքերում կամ նրանցից դուրս գտնվող կաթսայատներում, ինչպես նաև ջերմաէլեկտրակայաններում, որտեղից տաքացնող ջերմակիրը խողովակաշարերով փոխադրվում է շենքերում տեղադրված ջեռուցիչ սարքերը։ Զեռուցման կենտրոնական համակարգերը ստորաբաժանվում են ըստ ջերմակրի (ջուր, օդ, շոգի) տեսակի։

Առավել մեծ տարածում է ստացել (բնակելի, հասարակական և արդիական որոշ շենքերում) ջրային ջեռուցումը։ Լայնորեն կիրառվում է նաև օդային ջեռուցումը, որի դեպքում ջեռուցումը համատեղվում է օդափոխության կամ օդի կոնդիցիոնման հետ։ Բնակելի, հասարակական և որոշ արդիական շենքերում (որտեղ պահանջվում է օդի բարձր մաքրություն) ընդլայնվում է պանելային ջեռուցման (ջերմությունը ջեռուցվող շենք է հաղորդվում պատերում և միջնորմերում տեղադրված հարթ ջեռուցիչ պանելներով) և ճառագայթային ջեռուցման կիրառումը։ Որոշ թերությունների պատճառով ժամանակակից շինարարության մեջ շոգեջեռուցման կիրառումը զգալիորեն կրճատվել է։

Սակավահարկ շենքերում սովորաբար կիրառվում են ջեռուցման տեղական համակարգեր, որոնցում ջերմության աղբյուրները և ջերմատու մակերևույթը միավորված են։ Այստեղ ջերմությունն արտադրվում է ջեռուցվող սենյակներում։ Տեղական ջեռուցման տարածված տեսակ է համարվում վառարանային ջեռուցումը, որը փոխարինվել է առավել կատարյալ և շահավետ համարվող կենտրոնական ջեռուցման, ինչպես նաև տեղական ջեռուցման այլ տեսակներով՝ գազային և էլեկտրական ջեռուցումով։

Ջեռուցման տեխնիկան ունի բազմադարյան պատմություն։ Առաջին ջեռուցիչ սարքավորումները հայտնի էին դեռևս քարի դարում։ Մ․թ․ սկզբին ի հայտ եկան ծխնելույզներով ջեռուցիչ վառարանները։ Ջեռուցման տեխնիկայի զարգացման կարևոր փուլ էր կենտրոնական համակարգերի ստեղծումը։ 15-րդ դարում սկսեցին կիրառվել օդային, իսկ 19-րդ դարում՝ ջրային ջեռուցումը և շոգեջեռուցումը։ 20-րդ դարի սկզբին ստեղծվեց ճառագայթային և պանելային ջեռուցումը, զարգացում ստացան ջերմամատակարարման, ջերմաֆիկացման և կենտրոնական ջեռուցման համակարգերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 487 CC-BY-SA-icon-80x15.png