Ջեյ Լիգայի առաջին դիվիզիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյ Լիգայի առաջին դիվիզիոն

«Ջեյ Լիգայի առաջին դիվիզիոն», պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա ճապոնական ֆուտբոլային ակումբների համար։ Ջեյ-լիգայի (Ճապոնական պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա) բարձրագույն դիվիզիոնն է և Ճապոնիայի ուժեղագույն ֆուտբոլային լիգան[1][2][3][4][5][6][7]։ Այնտեղ հանդես են գալիս 18 ակումբներ։ Առաջնությունն անցկացվում է «գարուն-աշուն» համակարգով մարտ-դեկտեմբեր ամիսներին։ Անցկացվում է 1993 թվականից, մինչ այդ ֆուտբոլը սիրողական մակարդակի վրա էր։

Մրցույթի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին կազմակերպվեց ֆուտբոլի առաջին ազգային լիգան՝ Ճապոնական սոքքեր լիգան (JSL)։ Այն ուներ սիրողական կարգավիճակ, այնտեղ ներկայացված թիմերը ներկայացնում էին ճապոնական խոշոր ընկերություններ, կրում էին իրենց անունը և բաղկացած էին այդ ընկերությունների աշխատակիցներից։ Ֆուտբոլիստները սիրողական էին և աշխատանքից ազատ ժամանակը նվիրում էին ֆուտբոլին, և միայն գոյության վերջին տարիներին ոմանք սկսեցին ուղղակիորեն գումար ստանալ խաղադաշտում խաղալու համար։ 1972 թվականից լիգային ավելացավ երկրորդ դիվիզիոնը, որի անդամները պայքարում էին երկրի առաջին (կամ բարձրագույն) դիվիզիոն մտնելու համար։ Ճապոնական սոքքեր լիգան գոյություն է ունեցել մինչև 1993 թվականը՝ մինչև առաջին պրոֆեսիոնալ լիգայի ձևավորումը։

Ջեյ լիգան իր գործունեությունը սկսել է 1993 թվականին ՝ որպես 10 թիմերից բաղկացած պրոֆեսիոնալ լիգա։ Առաջին սեզոնը տեղի է ունեցել մայիսի 15-ից դեկտեմբերի 15-ը։ Մինչև 2004 թվականը առաջնությունն անցկացվել է 2 էտապով։ Յուրաքանչյուր էտապ տեղի ունեցավ 2 փուլով։ Փուլերի հաղթողները երկխաղյա դիմակայությունում միմյանց միջև խաղարկեցին ոսկե մեդալներ։ Նման համակարգ օգտագործվում է Լատինական Ամերիկայում, որտեղ այն կոչվում է «Ապերտուրա և Կլաուսուրա»։ 1995 թվականի մրցաշրջանում մասնակցել է 14 ակումբ, այսպիսով յուրաքանչյուր ակումբ անցկացրել է 52 հանդիպում, ինչի պատճառով որոշում է կայացվել 1996 թվականի մրցաշրջանից սկսած յուրաքանչյուր փուլ անցկացնել մեկ շրջանով։ 1996 թվականից ի վեր առաջնությանը մասնակցել են նաև 16 թիմեր։

2005 թվականի մրցաշրջանից սկսած առաջնությունն ընդունել է ներկայիս տեսքը։ Թիմերի քանակը հասցվել է 18-ի, երկու փուլից բաղկացած համակարգը վերացվել է։ Առաջնությունը սկսել է անցկացվել երկու շրջանով, չեմպիոն է դառնում ամենաշատ միավորներ հավաքած ակումբը։ Վերջին 2 տեղերը զբաղեցրած ակումբները տեղափոխվում են երկրորդ դիվիզիոն։ Վերջից երրորդ տեղը զբաղեցրած ակումբը մասնակցում է երկրորդ դիվիզիոնում երրորդ տեղը զբաղեցրած ակումբի հետ երկխաղյա դիմակայությանը։ Հաղթողը իրավունք է ստանում մասնակցելու առաջին դիվիզիոնի հաջորդ մրցաշրջանին։

2009 թվականի մրցաշրջանից առաջին և երկրորդ դիվիզիոնի ակումբների միջև անցումային խաղերը չեղյալ են հայտարարվել։ Մրցաշրջանի արդյունքներով առաջին դիվիզիոնի 3 վատագույն ակումբները ավտոմատ կերպով դուրս են մնում։ Նրանց տեղերը զբաղեցնում են երկրորդ դիվիզիոնի լավագույն 3 ակումբները։

Յուրաքանչյուր ակումբի թույլատրվում է իր կազմում ունենալ ոչ ավելի, քան հինգ լեգեոներներ այլ երկրներից։ Մեկ թիմի կազմում խաղադաշտում կարող են միաժամանակ լինել 3 օտարերկրացիներ, գումարած մեկ խաղացող ԱՖԿ երկրից։ Երբ Ջեյ լիգան նոր էր ձևավորվել, ակումբները պայմանագրեր կնքեցին աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մի քանիսի հետ. «Կասիմա Անտլերսը», օրինակ, հրավիրել էր բրազիլացի Զիկոյին, իսկ «Ջեֆ Յունայթեդ Իթիհարը»՝ գերմանացի ֆուտբոլիստ Պիեռ Լիտբարսկուն։ Արտասահմանյան այս տաղանդներն արդարացրին իրենց վրա դրված հույսերը՝ երկրպագուներին հիացնելով իրենց վարպետությամբ։ Նրանք մեծապես նպաստեցին Ջեյ-լիգայի ժողովրդականության բարձրացմանը և հզոր ազդեցություն ունեցան ճապոնացի ֆուտբոլիստների վրա՝ նպաստելով նրանց խաղի տեխնիկայի էական բարելավմանը։

Ակումբը, որը ցանկանում է լինել Ջեյ լիգայի անդամ, պետք է բավարարի որոշակի պահանջներ։ Բացի հիմնական կազմից, առաջին դիվիզիոնի յուրաքանչյուր ակումբ պետք է ունենա դուբլ (խաղացողներ պատրաստելու համար) և երեք սիրողական պատանեկան թիմեր՝ երիտասարդական (մինչև 18 տարեկան), պատանեկան (մինչև 15 տարեկան) և մանկական (մինչև 12 տարեկան)։ Երկրորդ դիվիզիոնի ակումբներին ներկայացվող պայմանները նման են, բացառությամբ, որ պատանեկան և մանկական թիմեր ունենալը պարտադիր չէ։ Առաջին դիվիզիոնի ակումբները պետք է կարողանան խաղալ առնվազն 15,000 հանդիսականի համար նախատեսված մարզադաշտում, երկրորդ դիվիզիոնի ակումբներին անհրաժեշտ է առնվազն 10,000 տեղանոց մարզադաշտ, և երկուսն էլ պահանջում են ակումբի տարածքներ որոշակի քանակությամբ խոտածածկ դաշտերով։

Այս պահանջները բավարարելու համար յուրաքանչյուր ակումբ գրանցվում է որպես իրավաբանական անձ, և հազվադեպ չէ, որ ընկերությունները, տեղական ինքնակառավարման մարմինները և գործունեության այլ սուբյեկտներ իրենց մասնաբաժինն ունեն այդ կորպորացիաների բաժնետոմսերում։ Ակումբային միջոցների զգալի մասը գալիս է հովանավորներից, օրինակ՝ ընկերություններից, որոնք վճարում են իրենց անունները մարզահագուստով գովազդելու համար։

Մրցանակակիրների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջ

  • 1993 թվականին Ջեյ լիգայի ձևավորումից հետո թիմերի անուններից հանվեցին հովանավոր կորպորացիաների անունները։

Ակումբների ձեռքբերումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Չեմպիոն
«Սանֆրենչե Հիրոսիմա» 8 (1965, 1966, 1967, 1968, 1970, 2012, 2013, 2015)
«Կասիմա Անտլերս» 8 (1996, 1998, 2000, 2001, 2007, 2008, 2009, 2016)
«Տոկիո Վերդի» 7 (1983, 1984, 1987, 1991, 1992, 1993, 1994)
«Յոկոհամա Ֆ. Մարինոս» 7 (1989, 1990, 1995, 2003, 2004, 2019, 2022)
«Ուրավա Ռեդ Դայմոնդս» 5 (1969, 1973, 1978, 1982, 2006)
«Կավասակի Ֆրոնտալե» 4 (2017, 2018, 2020, 2021)
«Ջուբիլո Իվատա» 4 (1988, 1997, 1999, 2002)
«Սերեսո Օսակա» 4 (1971, 1974, 1975, 1980)
«Ջեֆ Յունայթեդ» 2 (1976, 1986)
«Կասիվա Ռեյսոլ» 2 (1972, 2011)
«Գամբա Օսակա» 2 (2005, 2014)
«Սենան Բելմար» 2 (1977, 1981)
«Նագոյա Գրամպուս» 1 (2010)
«Վիսել Կոբե» 1 (2023)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «J-League History Part 5: Expansion, success, and a bright future». Goal.com. 2013 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. «J-League History Part 4: Exporting Talent». Goal.com. 2013 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  3. «J-League History Part 3: Growing pains emerge on the road to the 2002 World Cup». Goal.com. 2013 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. «J-League History Part 2: Verdy Kawasaki dominates the early years». Goal.com. 2013 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. «J-League History Part 1: Professional football begins in Japan». Goal.com. 2013 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  6. «Tokyo Journal; Japan Falls for Soccer, Leaving Baseball in Lurch». The New York Times. 1994 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. «Japan Wages Soccer Campaign». Christian Science Monitor. 1993 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]