Պ․ Թ․ Սելբիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պ․ Թ․ Սելբիտ
Ծնվել էնոյեմբերի 17, 1881(1881-11-17)
ԾննդավայրՄիդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էնոյեմբերի 19, 1938(1938-11-19) (57 տարեկան)
Մասնագիտությունգրող և ձեռնածու-աճպարար
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
 P. T. Selbit Վիքիպահեստում

Պերսի Թոմաս Թիբլս, բեմական անուն՝ Պ․ Թ․ Սելբիտ (անգլ.՝ P. T. Selbit, Percy Thomas Tibbles[1], նոյեմբերի 17, 1881(1881-11-17), Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 19, 1938(1938-11-19)), անգլիացի իլյուզիոնիստ, գյուտարար և գրող, առաջինը, որ ներկայացրել է կնոջը սղոցելու աճպարարությունը։ Աճպարարների մեջ նա աչքի է ընկել նորարարությամբ և գործարարական հոտառությամբ, որն օգնել է նրան կյանքի կոչել բազմաթիվ աճպարարություններ, որոնք բեմական մեծ հաջողություն են բերել։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերսիվալ Թոմաս Թիբբլսը ծնվել է Լոնդոնի շրջաններից մեկում՝ Համպստեդում։ Երբ նրան տարել են արծաթագործի մոտ սովորելու, նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել յուրօրինակ ժանրի նկատմամբ։ Ոսկերչական խանութի նկուղային հարկը վարձակալության էր տրված իլյուզիոնիստ և գյուտարար Չարլզ Մորրիտին, որը նկուղն օգտագործում էր որպես «մոգական» արվեստանոց։ Նրա բացակայության ժամանակ պատանի Թիբբլսը հաճախ գաղտնի մտնում էր այնտեղ, որպեսզի ծանոթանա աճպարարի գյուտերին։

Թոմաս Թիբբլսն սկսեց մետաղադրամներով և գավաթներով հնարքը ցուցադրել Պ․ Տ․ Սելբիտ կեղծանունով, որն ինքն էր հորինել՝ ազգանունը գրելով հակառակ կողմից և մեկ բ–ն հեռացնելով։ Նա հետագայում օգտագործել է այս կեղծանունը նաև էթերթերից մեկում որպես լրագրող աշխատելիս, ավելի ուշ՝ մոգի ուղեցույցը կազմելիս և իլյուզիոնիստների համար հատուկ ամսագիրը խմբագրելիս։

1902-1908 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելբիտը մյուզիք-հոլերում աշխատել է Ջոադ Հիթեբի անունով։ Նա եկել է այն եզրակացության, որ հանդիսատեսը ձգտում է տեսնել ոչ սովորական, նորարարական բաներ։ Դիմահարդարումը, թիկնոցը, կեղծամն օգնել են նրան ստեղծել կեղծ եգիպտական պատկեր։ Սա արտացոլում է Սելբիտի բնավորության երկու հատկությունները, որոնք նրա իլյուզիոնիստական գործունեության մեջ ոչ պակաս դերակատարում են ունեցել․ հնարամտություն ու ձեռնակատիրական հետաքրքրություն, որոնցով նա ձգտել է հանդիսատեսին մշտապես ուրախություն պատճառել որևէ առանձնահատուկ բանով։

Հնարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին Սելբիտը հանդես է եկել «Հոգու նկարներ» հնարքով, որտեղ հանդիսատեսին առաջարկել են անվանել ցանկացած նկարչի և լույսերի ներքո հայտնվում էին այդ վարպետի ոճով աշխատանքները կտավների վրա։ Նրա հաջորդ ելույթի պաշտամունքային հնարքը «Ամենակարող պանիր» կոչվող համարն էր՝ հանդիսատեսին բեմ էր հրավիրում պանրի անիվի կլոր մոդելը փորձել շուռ տալու համար, բայց ոչ ոքի դա չէր հաջողվում, քանի որ հնարքը հիմնված էր գիրոսկոպի օգտագործման վրա[2]։

1912 թվականին Սելբիտն սկսել է աշխատել Մասկելինի և Դևանտի մոտ, ովքեր նպատակադրվել էին զավթել Բրիտանիայում իլյուզիոնիստական բիզնեսը՝ բեմադրություններ կազմակերպելով Եգիպտական և սուրբ Գեորգիի դահլիճներում։ Նրանց առաջին համագործակցությունը տեղի է ունեցել 1912 և 1913 թվականներին, երբ նրանք ելույթ են ունեցել մյուզիք-հոլլերում և ամերիկյան վարիետեներում՝ ներկայացնելով Դևանտի «Ուրվականների տան պատուհանը» հնարքը։

1914 թվականին Սելբիտը սուրբ Գեորգի դահլիճում առաջին անգամ աշխարհին ցույց է տվել մարդու՝ պատի միջով անցնելու հնարքը։

Կնոջ սղոցելու հնարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պ․ Տ․ Սելբիտը կատարում է կնոջը սղոցելու հնարքը
Տարբերակ 1
Տարբերակ 2
Գոլդինի՝ կլոր սղոցով տարբերակը

Գոյություն ունեն այս հնարքի կատարման բազմաթիվ տարբերակներ, սակայն նրա ծագման հարցը մինչև օրս պարզ չէ․ ոմանք վկայակոչում են 1809 թվականով թվագրված հնարքի մասին հիշատակումը, մյուսները այն կարծիքին են, որ նման պատրանքների արմատները ծագում են դեռևս հին Եգիպտոսից։ Ժամանակակից մոգ–իլյուզիոնիստ Ջիմ Սթեյնմեյերն ասում է, որ ֆրանսիացի մեծ աճպարար Ժան Էժեն Ռոբեր–Ուդենն այդ պատրանքի նկարագրությունն առաջին անգամ տվել է 1858 թվականին, սակայն գաղափարը չի հաջողվել թերթում տպագրվելուց ավելիին հասցնել։ Այդ պատճառով հնարքի հեղինակությունը վերագրում են Սելբիտին, որն առաջին անգամ այն ցուցադրել է 1921 թվականի հունվարի 17-ին Լոնդոնի Ֆինսբերի զբոսայգու «Էմփայր» թատրոնում։ Իրականում, Սելբիտը սղոցումով հնարքը ցույց տվեց ավելի վաղ, 1920 թվականի դեկտեմբերին, սուրբ Գեորգի դահլիճում հատուկ հավաքված հանդիսատեսի առաջ՝ բաղկացած անտրեպրենյորներից և թատերական մագնատներից։ Այս քայլը կատարվել է հնարքն արտոնագրելու նպատակով, որպեսզի այն իր անունի հետ կապվի։ Սելբիտի տարբերակում կինը մտնում էր փայտե արկղի մեջ, որը դագաղի կառուցվածք ուներ, բայց մի փոքր ավելի մեծ էր։ Օգնականները կնոջ դաստակները, ծնոտն ու պարանոցը կապում էին պարանով։ Այնուհետև արկղը փակում էին և կինն այլևս չէր երևում։ Այն բանից հետո, երբ արկղը հորիզոնական դիրքով էր դրվում, Սելբիտն սկսում էր աշխատել ձեռքի մեծ սղոցով՝ արկղը կենտրոնական մասից սղոցելով։ Քանի որ տարածության մեջ շարժումները սահմանափակ էին, սղոցի սայրը պետք է անցներ կնոջ գոտկատեղի միջով և կտրեր այն։ Երբ արկղը վերջապես բացվում էր, պարաններով կապկպված կնոջը բաց էին թողնում և նա անվնաս դուրս էր գալիս բեմ[3]։

Հնարքի ազդեցությունը լսարանի վրա լիակատար էր, և Սելբիտը վերածվել էր «դրամարկղային մագնատի»։ Ջիմ Սթեյնմեյերը հնարքի ժողովրդականության արագ աճը վերագրում է ոչ միայն Սելբիտի սրամտությանը, այլև ճիշտ ժամանակին ճիշտ տեղ ընտրելու նրա ունակությանը։

1920 թվականին աշխարհը հոգնել էր ավանդական «կախարդանքից»։ Հասարակության մեջ Առաջին համաշխարհային պատերազմի ձախորդություններից առաջացած փոփոխությունները սոցիալական և գիտական ոլորտներում առաջացած սրընթաց փոփոխությունների հետ մեկտեղ նշանակում էր, որ ճիշտ ժամանակն է հանրությանը ցնցել նոր մոգությամբ։ Նրբագեղ օգնականի ստեղծված կերպարը, ում իլյուզիոնիստները «կտտանքների» ու «խեղումների» են ենթարկում, սղոցով հնարքը դարձրեց նշանակալից։

Նախկինում, Սելբիտի այս հնարքից առաջ, ինչպես երիտասարդները, այնպես էլ աղջիկները մասնակցում էին կախարդական մոգություններին։ Վիկտորյական դարաշրջանի կանանց հագուստը փարթամ էր և անհարմարություն էր ստեղծում աճպարարական համարներին մասնակցելու գործում, քանի որ նրանցից պահանջվում էր երկար ժամանակ մնալ նեղ տարածության մեջ։ 1920 թվականին նորաձևությունը փոխվեց և գեղեցիկ, նրբակազմ օգնականի ցուցադրումը դարձավ ոչ միայն հնարավոր, այլև անհրաժեշտ։

Բացի գործնական նկատառումներից, վտանգի ենթարկված կնոջ կերպարը դարձել է իլյուզիոնիստական զվարճանքների որոշակի թրենդ։
- Մի անգամ նկատել է Ստեյնմեյրը

Սելբիտի հնարքն անմիջապես փորձեցին նմանակել և կատարելագործել այլ աճպարարներ։ Մի քանի ամիս անց ամերիկացի իլյուզիոնիստ Հորաս Գոլդինի ցուցադրած տարբերակում օգնականի գլուխը, ձեռքերն ու պարանոցը տեսանելի էին հնարքի կատարման ամբողջ ընթացքում։ Գոլդինը գրագողության նակատմամբ երբեք էլ հանդուրժողականություն չէր ցուցաբերել, այդ պատճառով երբեք չէր մոռանում օրենքի երկաթե ձեռքի մասին։ Երբ Սելբիտը մեկնել էր Ամերիկա՝ գլխավոր համարի շրջագայություններով, հայտնաբերեց, որ Գոլդինը բազմաթիվ հնարավոր անուններով գրանցել է իր համարը «Գրագողներից մինիատյուրների պաշտպանության միությունում»[4]։ Այդպիսով, Սելբիտն ստիպված էր հրապարակել նոր անվանումով ցուցապաստառ; Դա «Կնոջ բաժանում» ցուցապաստառն էր, որը պակաս հրապուրիչ էր «Կնոջ սղոցում» Ամերիկայում արդեն հայտնի դարձած տարբերակից։ Գոլդինի դեմ իր գաղափարի գողության համար դատական հայց հարուցելու Սելբիտի փորձերը, հաջողությամբ չեն պսակվել․ դատարանը վճռել էր, որ Գոլդինի հնարքն զգալիորեն տարբերվում է Սելբիտի հնարքից։ Հետագայում, երբ սղոցումով համարն իր տարբերակներով փառք և առևտրային հաջողություններ է բերել Սելբիտին և այլ իլյուզիոնիստների, այն բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել[3]։

Ավելի ուշ Գոլդինը հորինել է համարներ, որոնցում անհրաժեշտ չէր օգտագործել տուփի կափարիչը, իսկ սովորական ձեռքի սղոցի փոխարեն օգտագործել է կլորը։

Ալան Վակելինին է վերագրվում մեկ այլ հնարք, որն ակնհայտորեն ինչ-որ չափով կրկնում է Սելբիտի օրիգինալ տարբերակը։ Այնուամենայնիվ, Սելբիտը մինչև օրս համարվում է այս հնարքի գյուտարարը։ Երկար տարիներ մարդիկ սիրահարված են եղել և շարունակում են հմայվել նրա պատրանքով ամբողջ աշխարհում։

Վերածնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին անգլիացի հանրահայտ իլյուզիոնիստ Պոլ Դենիելսը իր «Գաղտնիքներ» հեռուստասերիալում ըստ արժանվույն անդրադարձել է Սելբիտին։ Պատմելով սղոցի հետ հնարքի ծագման մասին՝ Դենիելսը հնարքը կատարել է Սելբիտի օրիգինալ տարբերակով, այսինքն՝ ապակե թիթեղների օգտագործմամբ, որոնք այնպիսի տպավորություն են ստեղծում, ասես ասիստենտի գլուխն ու ոտքերը կտրված են և մարմինն էլ ուղղահայաց երկու կես է արված։

Հետագա գործունեություն և հնարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին Սելբիտը, Ամերիկայում ավարտելով դատական մրցավազքը, վերադարձել է հայրենիք։ Դա զգալիորեն խանգարել էր նրան հասնել այն նույն փառքին, որն ունեցել էր Բրիտանիայում։ Նա էլ իր ուշադրությունը սևեռել է նոր հնարքների զարգացման վրա՝ այնպիսի նշանակալի մի բան ստեղծել ակնկալիքով, որը կրկներ «Կնոջ բաժանման» հաջողությունը։

Նա համարվում է բազմաթիվ հնարքների գյուտարար, ինչպիսիք են՝ Առանց իրանի աղջիկ/տղա (1924), Ականջի միջով ասեղ (1924), Միլիոն դոլարի առեղծվածը, Երկարացող աղջիկ, Փախուստ մամուլից, Սելբիտի կախարդական խորանարդները և, հավանաբար, Սիբիրյան շղթայի անհետացումը հնարքները։ Չնայած որոշ հնարքների հմուտ կատարումը և նրանց ժողովրդականությունը թույլ են տվել հետագա սերնդի իլյուզիոնիստներին ներկայացնել այդ հնարքները, բայց նրանցից և ոչ մեկը չի հասել այն նույն փառքին, ինչպիսին կնոջ սղոցումն է։

1928 թվականին Սելբիտն օգնել է իլյուզիոնիստ Չարլզ Մորիթին, ումից իր գործունեության սկզբում գաղտնի սովորել էր «մոգություն» անել։ Մորիթին ձերբակալել էին և մեղադրել փողերի ապօրինի յուրացման մեջ․ ոչ ոք չէր հասկանում, որ իլյուզիոնիստը «Մարդը տրանսի մեջ» հնարքով դժվարությամբ վաստակում իր կյանքի ապրուստը։ Սելբիտը և Ուիլդ Գոլդսթոնը Մորիթին իրավաբանական պաշտպանության հարցում ֆինանսապես աջակցություն են ցուցաբերել և, ի վերջո, նա անմեղ է ճանաչվել։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1901 թվականին հրատարակեց «Իլյուզիոնիստի տեղեկատու» (The Magician's Handbook) գիրքը։
  • 1905–1907 թվականների միջև ընկած ժամանակահատվածում նա աշխատել է որպես «Կախարդ» (The Wizard) ամսագրի խմբագիր, որը հետագայում մեկ այլ խմբագրի հովանու ներքո վերանվանվել է «Կախարդական փայտիկ» (The Magic Wand)։

Աճպարարական համարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wrestling Cheese (1912) - Ըմբշամարտիկ պանիրը[5]
  • Walking through a Wall (1914) - Քայլելով պատի միջով[6]
  • Sawing through a Woman (1921) - Կնոջը սղոցելով կիսել[3]
  • Girl without a Middle (1924)
  • Through the Eye of a Needle (1924) - Ասեղի անցքի միջով[7]
  • Siberian Chain Escape - Սիբիրյան շղթայից փախուստ (հավանաբար)
  • Stretching a Girl - Աղջկա ձգում
  • Avoiding the Crush -Ճխլվելուց խուսափել[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Biographies Page QRS․ Percy Thomas Tibbles». www.magicnook.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  2. P. T. Selbit (անգլերեն). 2020 թ․ մայիսի 22.
  3. 3,0 3,1 3,2 «AmericanHeritage.com / Sawing a Woman in Half». web.archive.org. 2007 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  4. «Illusion device» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  5. «The Mighty (Wrestling) Cheese» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին. {{cite web}}: Text "The Illusion Repository" ignored (օգնություն)
  6. «Walking Through A Brick Wall» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  7. «Through The Eye of a Needle». Magicana (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  8. «Lybrary: P. T. Selbit». www.lybrary.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Steinmeyer, Jim, 1958- (2004). Hiding the elephant : how magicians invented the impossible. William Heinemann/Random House. London: William Heinemann. էջ 277—295. ISBN 0-434-01325-0. OCLC 224068473.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  • «Brief Biographies of Magican Inventors». MagicNook.com. Retrieved 2007-03-28.
  • Brown, Gary and Michael Edwards. «Dusty Tomes: A Guide to the History of Magic». Magical Past Times. Retrieved 2007-03-28.
  • Brown, Gary R. «Sawing a Woman in Half». AmericanHeritage.com. Retrieved 2007-03-29.
  • Venue info from «Violent Magic», episode 6 of the BBC television documentary series Magic first broadcast in 2004
  • «Magic or Conjuring». The History Channel website. Archived from the original on 2007-03-07. Retrieved 2007-03-29.
  • Steinmeyer, Jim, 1958- (2003). Hiding the elephant : how magicians invented the impossible. London: William Heinemann. էջ 302. ISBN 0-434-01325-0. OCLC 224068473.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  • «Publications old and new». MagicTricks.com. Archived from the original on 2007-01-18. Retrieved 2007-03-29.
  • Kalush, William; Sloman, Larry. «Footnotes to Chapter 12: Death Visits the Stage». The Secret Life of Houdini. The Conjuring Arts Research Center. Archived from the original on 2007-09-28. Retrieved 2007-03-29
  • «Digital Magic Wand Magazine on CD-ROM». Misdirections. Archived from the original on 2007-02-14. Retrieved 2007-03-30.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պ․ Թ․ Սելբիտ» հոդվածին։