Պուրնուլուլու (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուրնուլուլու ազգային պարկ
Տեղագրություն Ավստրալիա Ավստրալիա
Կարգավիճակ Ազգային պարկ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1094
ռուս..անգլ..ֆր.

Պուրնուլուլու ազգային պարկ (անգլ.՝ Purnululu National Park), ազգային պարկ Ավստրալիայում` Արևմտյան Ավստրալիա նահանգում։ Ազգային պարկի կարգավիճակ է ստացել 1987 թվականին։ 2003 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ավստրալիայի աբորիգեններից մեկի լեզվով «պուրնուլուլու» բառը նշանակում է ավազուտ[1]։

Ազգային պարկը Արևմտյան Ավստրալիայի արևելյան մասում` Կիմբերլի բարձրավանդակում, զբաղեցնում է 239.723 հա տարածք[2].(անգլ.՝ Purnululu Conservation Reserve)[3]: Պարկի պահուստային ֆոնդի (անգլ.՝ Purnululu Conservation Reserve) մակերեսը 79.602 հա է։ Մոտակա բնակավայրը Կունունարա քաղաքն է, որը գտնվում է պարկից 300 կմ հյուսիս։ Տարածքի ռելիեֆը խիստ տարբեր է` ներկայացված հիմնական 4 էկոհամակարգերով։ Դրանք են Բանգլ-Բանգլ լեռնազանգվածը (անգլ.՝ Bungle Bungle Range)` 45.000 հա տարածքով, այն շրջապատող ավազային ընդարձակ հարթավայրերը, Օրդ գետի շրջակա խոտածածկ հարթությունը, որը գտնվում է պարկի արևելյան և հարավային մասերում և կրաքարային լեռները պարկի արևելքում և արևմուտքում[3]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավազի գոյացություն պարկի տարածքում

Պարկի տեսարժան վայրը Բանգլ-Բանգլ լեռնային զանգվածն է, որտեղ 20 միլիոն տարվա ընթացքում էրոզիայի արդյունքում ձևավորվել են փեթակ հիշեցնող կոնանման հատվածներ[2]։ Դրանք ունեն շերտավոր կառուցվածք.ավազի վառ նարնջագույն շերտերին հաջորդում են մուգ գունավորմամբ շերտերը, որոնք ունեն մի քանի միլիմետրից մինչև մի քանի մետր հաստություն։ Դրանք առաջացել են կապտականաչավուն ջրիմուռներից կամ ցիանոբակտերիաներից[1][4]։ Վառ նարնջագույն շերտերը, ի տարբերություն մուգ շերտերի, ունեն ջրի ներծծման ցածր մակարդակ` դրանով պաշտպանելով շերտերը ջրի քայքայիչ ազդեցությունից։ Բացի դրանից` նրանք պարունակում են երկաթի և մանգանի օքսիդներ, որոնք այդ շերտերին հաղորդում են առավել վառ երանգավորում[1]։ Տարածքի կարստային գոյացություններն ունեն գիտական կարևոր նշանակություն, քանի որ ներկայացնում են ավազից կոնանման կարստային գոյացությունների ձևավորումը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկը գտնվում է Կենտրոնական Ավստրալիայի անապատային չոր և Հյուսիսային Ավստրալիայի մուսսոնային կլիմայական գոտիների միջև[4]։ Տարվա մեջ լավ դրսևորվում են երկու եղանակներ` շոգ ու խոնավ ամառները, որ ձգվում են նոյեմբերից մինչև մարտ (միջին առավելագույնը հոկտեմբերին կազմում է 38,3 °C), և երկար ու չոր ձմեռները` ապրիլից մինչև հոկտեմբեր (միջին առավելագույն ջերմաստիճանը հուլիսին կազմում է 29.1 °C)[3]: Տեղումների տարեկան միջին քանակը մոտ 600 մմ է[4]։

Կենդանական և բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմավենիներ պարկում

Պուրնուլուլու պարկի կենդանական և բուսական աշխարհն աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով։ Այստեղ կան տեսակներ, որոնք բնորոշ են երկու տարբեր էկոհամակարգերի` հյուսիսային մերձարևադարձային և չոր անապատային։ Բուսական աշխարհից տարածված են նվենին, ակացիան։ Հանդիպում են նաև պտերներ, արմավենիներ, խոլորձ։ Ընդհանուր առմամբ պարկում հանդիպում է բույսերի մոտ 653 տեսակ, որոնցից 13-ը` էնդեմիկ են[3]։ Կենդանական աշխարհը ներկայանում է կաթնասունների 41, թռչունների 19, սողունների 81, գորտերի 12 և ձկների 15 տեսակներով[3]։

Հետազոտման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրճ պարկի տարածքում

Երկար ժամանակ ազգային պարկի տարածքը քիչ է ուսումնասիրված եղել եվրոպացիների կողմից, չնայած Ավստրալիայի աբորիգենների համար այն ունեցել է տնտեսական և մշակութային կարևոր նշանակություն. պարկի տարածքում հայտնաբերվել է մոտ 200 ժայռապատկեր։ Եվրոպացի գաղութարարների քիչ հետաքրքրվածությունը այս տարածքով ընդհանուր առմամբ բնիկներին փրկել է ոչնչացումից, սակայն նրանք տուժել են հիվանդություններից, էկոհամակարգի քայքայումից։ Առաջին անասնապահները այս տարածքում հայտնվել են 1884 թվականից, իսկ Բանգլ-Բանգլի` փեթակ հիշեցնող ձևերը եվրոպացիները բացահայտել են 1982 թվականին միայն, երբ նրանց վրայով թռել է կինոռեժիսորների խմբով ինքնաթիռը[3][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Purnululu National Park (Bungle Bungle)» (անգլերեն)։ Government of Western Australia։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-30-ին։ Վերցված է 4 апреля 2009 
  2. 2,0 2,1 «Purnululu National Park» (անգլերեն)։ UNESCO World Heritage Centre։ Արխիվացված օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 4 апреля 2009 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Purnululu National Park» (անգլերեն)։ UNEP-WCMC։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-14-ին։ Վերցված է 4 апреля 2009 
  4. 4,0 4,1 4,2 «Purnululu National Park» (անգլերեն)։ Australian Government. Department of the Environment, Water, Heritage and the Arts։ Արխիվացված օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 4 апреля 2009 
  5. «NATURE WORLD HERITAGE. Australia’s natural and ancient wonders are waiting for you» (անգլերեն)։ Tourism in Australia։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 4 апреля 2009