Պորտալ:Տիգրան Մեծ/Ընտրյալ վայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիգրանակերտ, երբեմնի հզոր քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, պատմական Հայաստանի հինգերորդ մայրաքաղաքը։ Այժմյան Մանուֆարկին գյուղի մոտ են գտնվում Տիգրանակերտ մայրաքաղաքի ավերակները, ժամանակակից Սիլվան քաղաքի մոտակայքում, Դիարբեքիր (պատմական Ամիդ) քաղաքից մոտ 60 կմ հյուսիս-արևելք, Սասնա լեռների հարավային ստորոտին։ Քաղաքը հիմնադրել է հայոց աշխարհակալ արքա Տիգրան Բ Մեծը։

Ենթադրվում է, որ Տիգրանակերտը ունեցել է մոտ 100 հազար բնակիչ։ Նրանք հիմնականում զբաղվել են արհեստագործությամբ և առևտրով։ Տիգրանակերտը եղել է նաև մշակութային խոշոր կենտրոն։ Ըստ հունա-հռոմեական աղբյուրների, հայկական թատրոնի առաջին շենքը կառուցվել է Տիգրանակերտում մ.թ.ա. 69 թվականին, սակայն շինության հետքերը մինչև օրս հայտնաբերված չեն։ Տիգրանակերտը շրջապատված էր 25 մ բարձրությամբ պարսպով, որի ներսում տեղադրված էին ախոռներ և պահեստներ, իսկ պատերի տարբեր մասերում կան հունարեն արձանագրություններ։

Տիգրան թագավորի պալատը, շրջապատված պարտեզներով, լճերով, գտնվել է միջնաբերդից դուրս։ Տիգրանակերտը նվաճվել է և մասնակիորեն ավերվել է Լուկուլլոսի մ.թ.ա. 69 թվականի արշավանքների ժամանակ։ մ.թ.ա. 55 թվականին Տիգրան Մեծի մահից հետո դադարել է Հայաստանի մայրաքաղաքը լինելուց։ Արտաշատի հետ միացած էր Արքունի Պողոտայով։