Տկաչյով Պյոտր Նիկիտիչ (հուլիսի 11, 1844(1844-07-11), Վելիկոլուկսկի գավառ, Պսկովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 4, 1886(1886-01-04), Փարիզ, Ֆրանսիա[1]), ռուս հրապարակախոս, հեղափոխական նարոդնիկության գաղափարախոս։ Ուսանողական հեղափոխական հուզումներին մասնակցելու համար 1861 թվականին հեռացվել է Պետերբուրգի համալսարանից, սակայն 1868 թվականին էքստեռն ավարտել է իրավաբանական ֆակուլտետը։ 1865 թվականից աշխատակցել է առաջադիմական մամուլին։ 1869 թվականին ձերբակալվել է, դատապարտվել բանտարկության։ 1873 թվականին վտարանդվել է։ Պ․ Լ․ Լավրովի և Մ․ Ա․ Բակունինի հետ հարաբերությունները խզելուց հետո Ժնևում հրատարակել է «Նաբատ» ամսագիրը։ Հետագայում ապրել է Փարիզում և աշխատակցել Օ․ Բչանկիի թերթին։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է հոգեբուժական հիվանդանոցում։
Տկաչյովը եղել է պայքարի դավադրական մեթոդների կողմնակից, հեղափոխությունը համարել «հեղափոխական փոքրամասնության» դիկտատուրայի հաստատում։ Որպես րչանկիզմի հետևորդ չի ըմբռնել պետության դասակարգային էությունը, պնդում էր, որ ռուս, պետությունը արմատներ չունի տնտեսության մեջ և չի արտահայտում որևէ դասակարգի շահեր։ Տկաչյովի հայացքները որոշակիորեն արտացոլվել են «Նարոդնայա վոլյա» կազմակերպության գործունեության մեջ։ Բարձր գնահատելով Տկաչյովի և նարոդովոլականների ծառայությունները՝ Վ․ Ի․ Լենինը քննադատել է նրանց դավադրական տակտիկան։ Իբրև գրաքննադատ պաշտպանել է ռեալիզմը, գեղարվեստական երկին ներկայացրել բարձր գաղափարայնության ու հասարակական կարևորության պահանջ, պայքարել պահպանողական գրական-գեղագիտական ուղղությունների, «արվեստը արվեստի համար» տեսության դեմ։ Սակայն հաճախ անտեսել է գեղարվեստական երկի գեղագիտական արժեքը, սխալ գնահատել Ի․ Ս․ Տուրգենևի, Մ․ Ե․ Սալաիկով Շչեդրինի, Լ․ Ն․ Տոլստոյի ստեղծագործությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 21)։