Պարբերույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարբերույթ, շարահյուսական ուրույն կառույց (բարդ կամ բազմաբարդ նախադասություն, արտահայտություն, ասույթ), որի բաղադրիչ տարրերը գտնվում են բովանդակային, ռիթմահնչերանգային որոշակի համաչափության, ներդաշնակ համապատասխանության մեջ։

Պարբերույթի համար բնութագրական են հատկապես հետևյալ գծերը՝

  • ծավալուն ու երկկազմ է, ամփոփված բարդ նախադասության մե, բաղկացած է երկու հակադիր կամ զուգադիր մասերից, որոնք հնչերանգով ևս տրոհված են,
  • առաջին մասը կազմված է ներդաշնակ հարաբերակցություն ունեցող, համաչափ դասավորված տարրերից, անդամներից (երկու և ավելի), որոնք միմյանց նկատմամբ համասեռ են, միաբնույթ ու կառուցվածքով, հնչերանգային բնութագրով՝ մերձավոր։ Սա կարևորագույն մասն է, որն ըստ անդամների քանակի լինում է երկանդամ, եռանդամ, բազմանդամ։ Երկրորդ մասը փակում, ամբողջացնում է պարբերույթը (ինչպես կառուցվածքով, այնպես էլ բովանդակությամբ),
  • երկրորդ մասն առաջինի հետ միանում է շաղկապով, շաղկապական կամ ընդհանրացնող բառով, կամ էլ առանց դրանց,
  • առաջին մասի բաղադրիչ տարրերը սովորաբար միմյանց հարաբերակցում են համադասական կապակցությամբ,
  • հնչերանգային դրվածքը բնութագրվում է աստիճանական բարձրացումով (առաջին մասում), դադարով (երկրորդի սկզբում), ակնհայտ իջեցումով (վերջում),
  • բնորոշ է կառուցվածքային, իմաստաբանական ավարտվածությամբ, բովանդակային կապակցվածությամբ, միասնությամբ, ամբողջականությամբ, նաև՝ մասերի համաչափությամբ, կապակցող տարրեի (շաղկապների) միօրինակությամբ, բաղադրիչների (անդամների) արտասանական գրեթե նույն տևողությամբ, կառույցների կաղապարային մերձակցությամբ, հնչերանգային հստակ անցումներով և այլն։

Այս ամենը պարբերույթին տալիս են երաժշտականությւոն, ռիթմիկություն, արտասանվածքը դարձնում են գեղեցիկ, սահուն, արտահայտիչ։ Պարբերույթը գեղեցկախոսության կարևորագույն միջոցներից է. այն հաճախակի գործածվում է գրական խոսքում, արձակում, մասնավորապես չափածոյում, հրապարակախոսության ու ճարտասանության մեջ։ Խմբավորումները (տեսակավորումները) կատարվում են կառուցվածքային, իմաստաբանական և այլ հատկանիշներով։ Առաջին բնութագրություններն արվել են անտիկ մտածողների կողմից։ Այս գաղափարը հետագայում մշակվել է նաև հայ մատենագրության մեջ։

Պարբերույթի բնորոշ գծերը ցուցադրող օրինակներից է Նահապետ Ռուսինյանի «Կիլիկիա»-յից հետևյալ հատվածը.

Երբոր բացվին դռներն հուսո,
Երբ մեր երկրեն փախ տա ձմեռ,
Չքնաղ երկիր մեր Արմենիո,
Երբ փայլեն յուր քաղցրիկ օրեր,
Երբոր ծառերն հագնին տերև,-
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա
Աշխարհն, որ ինձ ետուր արև։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Առաքելյան, Հայերենի պարբերույթը, Երևան, 1968։
  • Գ. Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզու (Բարդ նախադասություն), Երևան, 1984։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։