Պատմություն Պղնձե քաղաքին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Պատմություն Պղնձե քաղաքին», արաբական հեքիաթ, որի բնագիրը պահպանվել է «Հազար ու մի գիշեր» միջնադարյան գրական երկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատմություն Պղնձե քաղաքին»-ի պահպանված ձեռագրերից 32-ը (16-19-րդ դարեր) Մատենադարանում են, 5-ը՝ Փարիզի ազգային գրադարանում, 2-ը (17-18-րդ դարեր)՝ Վիեննայի Մխիթարյան մատենադարանում, 1-ը՝ Հռոմի Սուրբ Վլասի հայոց հյուրանոցի գրադարանում։ «Պատմություն Պղնձե քաղաքին»-ի հայերեն առաջին համառոտ թարգմանությունը կատարվել է 10-րդ դարի վերջին Տայոց գավառում՝ Դավիթ Կյուրապաղատի պատվերով («Ի խնդրոյ կամ ի հաճոյս»), նրա պատվերով թարգմանվել են նաև Մանկան և աղջկա, Ֆարման մանուկի պատմությունները (հայտնաբերել և 1958 թվականին միասին հրատարակել է Ներսես Ակինյանը՝ «Զրուց եւ խաւսք առաջի թագաւորացն եւ իշխանացն զոր թարքմանեցին Դաւիթ Կուրապաղատին ի հայ լեզու ի տաճիկ լիզվէ» վերնագրով)։

«Պատմութիւն...»-ը ավելի ուշ թարգմանել է նաև Առաքել Անեցին (Շիրակավանեցի) 1222 թվականին, Գրիգորիս Աղթամարցին՝ 16-րդ դարում. վերջինս այն հարստացրել է կաֆաներով ու բանաստեղծական հնարքներով։

Առաջին անգամ տպագրվել է 1708 թվականին Կոստանդնուպոլսում՝ Սարգիս Դպիրի տպարանում։ Տիտղոսաթերթին՝ «Գիրք պատմութեան վասն Պղնձէ քաղաքին. եւ հարցմունք աղջկանն եւ մանկանն. եւ պատմութիւն Խիկարայ եւ Փահլուլ թագաւորին, եւ այլն. որ է օրինակ աշխարհիս....» (168 էջ, 8օ, 11,7 x 7 սմ)։

Տպագրվել է նաև՝ 1709 թվականին Կոստանդնուպոլսում՝ առանց տպարանի հիշատակության (148 էջ, 8օ, 12 x 7 սմ)։

1721 թվականին Կոստանդնուպոլսում՝ Աստվածատուր Դպիր Կոստանդնուպոլսեցու տպարանում (176 էջ, 8օ )։

1731 թվականին նույն տպարանում (272 էջ, 8օ, 12 x 7 սմ)։

1749 թվականին Կոստանդնուպոլսում՝ Չնչին Հովհաննեսի տպարանում (224 էջ, 8օ, 12,2 x 7,6 սմ)։

1757 թվականին Կոստանդնուպոլսում՝ Մարտիրոս Սարգսյանի տպարանում (224 էջ, 8օ, 12,3 x 7,5 սմ)։

1792 թվականին Կոստանդնուպոլսում՝ Հովհաննեսի և Պողոսի տպարանում (224 էջ, 8օ, 13 x 8 սմ)։

Լույս է տեսել նաև 1834 և 1850 թվականներին (Կոստանդնուպոլիս, Արապյան տպարան), 1857 թվականին (Թիֆլիս, Ներսիսյան դպրոցի տպարանում), 1911 թվականին (Թիֆլիս, «Էսպերանտո» տպարանում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։