Ուրուգվայական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուրուգվայական թատրոն։ Թատերական առաջին ներկայացումները Մոնտեվիդեոյում տեղի են ունեցել 18-րդ դարի վերջին։ 1793 թվականին այնտեղ բացվել է Կոմեդիայի տուն։ 19-րդ դարի նշանավոր դրամատուրգներից են՝ Բ․ իդալգոն, Է․ Ֆախարդոն, Ֆ․ Խ․ դե Աչան։ 1856 թվականին Մոնտեվիդեոյում կառուցվել է «Սոլիս» թատրոնի շենքը։ Ազգային թատրոնի ծաղկումը կապված է դրամատուրգներ Ֆ․ Սանչեսի և Է․ Էռերայի ստեղծագործության հետ։ 1920-ական թվականներին բեմարվեստում և դրամատուրգիայում տարածվել են մոդեռնիստական հոսանքները, թատրոնները մեծ մասամբ դարձել են առևտրական ձեռնարկություններ։ 1930-40-ական թվականներին սկսվել է «Անկախ թատրոնների» շարժումը, որը դնում էր ներկայացումների գեղարվեստական մակարդակի բարձրացման, ազգային և համաշխարհային դրամատուրգիայի լավագույն երկերին անդրադառնալու, առևտրական թատրոնի դեմ պայքարի հարցերը։ Այդ շարժման ավանդույթները շարունակել են «էլ Դալպոն», «Թեատրո անիվերսիտարիո», «Մոնտեվիդեոյի քաղաքային թատրոն» և այլ թատերախմբեր, որոնք նպաստել են Ուրուգվայի թատրոնի վերելքին։ «Կոմեդիա նասիոնալ» պետական թատերախմշի (հիմնադրվել է 1947 թվականին) ներկայացումներն առանձնանում են պրոֆեսիոնալ բարձր մակարդակով։ Այլ թատերական կոլեկտիվներից են «Դրուպո-68», «Տեատրո ունո», «Տեատրո դել սուր»։ Թատերական գործիչներից են Ս․ Կոռիերին, Սավալա Մունյիսը, Ա․ դել Չյոպոն, Ֆ․ Վոլֆը, Ա․ Լառետան։ Գործում է դերասանուհի Մ․ Քսիրգուի 1949 թվականին ստեղծած դրամատիկական արվեստի դպրոցի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։