Ուղղաձիգ գոտիականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուղղաձիգ գոտիականություն, բարձունքային գոտիականություն, լեռներում բնական երևույթների ու պրոցեսների օրինաչափ փոփոխությունը՝ պայմանավորված ըստ բարձրության օդի խտության, ճնշման, ջերմաստիճանի՝, խոնավության և փոշու պարունակության նվազումով։ Մթնոլորտում ջրային գոլորշիների հիմնական մասը կենտրոնացած է երկրամերձ շերտում (մինչև 1,5-2 կմ բարձրության վրա)։ Դրանք նպաստում են ըստ բարձրության արեգակնային ճառագայթման լարվածության մեծացմանն ու երկրի մակերևույթից երկարալիք ճառագայթման և մթնոլորտի հանդիպակաց ճառագայթման հոսքի նվազմանը։ Տրոպոսֆերայում յուրաքանչյուր 1 կմ բարձրության վրա օդի ջերմաստիճանը նվազում է միջին հաշվով մոտ 5-6 °C։ Ըստ բարձրության խտանում են մթնոլորտում եղած ջրային գոլորշիները, ավելանում՝ ամպամածությունը և որոշակի բարձրության վրա ձևավորվում է առավելագույն տեղումների գոտի։ Այս բոլորն առաջացնում են կլիմայական Ուղղաձիգ գոտիականություն, որն իր հերթին պայմանավորում է լանդշաֆտների ու նրանցում ընթացող պրոցեսների օրինաչափ գոտիական փոփոխությունը։ Լեռնային երկրների մակրոդիրքադրությունների կամ առանձին լեռնաշղթաների կոնկրետ լանջերի բարձունքային գոտիների ամբողջականությունն ընդունված է անվանել գոտիական սպեկտր (տարապատկեր)։ Յուրաքանչյուր լայնակի զոնայի համապատասխանում է Ուղղաձիգ գոտիականությունյան իրեն բնորոշ սպեկտրը։ Վերջինս բնութագրվում է գոտիների թվով, կազմով, հաջորդականությամբ ը այլն։ Քանի որ ամեն մի լեռնային երկիր գտնվում է որոշակի լայնակի զոնայում (երբեմն՝ զոնաներում), ապա տվյալ լեռնային երկրին կից նախալեռնային հարթավայրերը ներկայացնում են լայնակի զոնային բնորոշ լանդշաֆտները, և Ուղղաձիգ գոտիականությունյան ներքին օղակը (գոտին) բնութագրում է տվյալ լայնակի զոնան։ Օրինակ, Հայկական լեռնաշխարհը գտնվում է չոր մերձարևադարձային կիսաանապատային զոնայում, հետևաբար նրա տարածքի Ուղղաձիգ գոտիականությունյան սպեկտրի ներքին աստիճանը սկսում է կիսաանապատից։ Լեռնային երկրներում միջլեռնային խոշոր գոգավորություններն ունեն լանդշաֆտային գոտիականության սպեկտրի ուրույն պատկեր։ Առանձին լեռնաշղթաներով ու լեռնաբազուկներով դրանց մեկուսացումը նպաստում է գոգավորության հատակում օդային հոսանքների խիստ ձևափոխմանը և կլիմայի ցամաքայնությանը։ Միջլեռնային գոգավորություններում առաջանում են որոշակի լանդշաֆտային գոտիներ, որոնք տիպական չեն տվյալ աշխարհագրական լայնությանը բնորոշ զոնային։ Ուղղաձիգ գոտիականությունյան սպեկտրը կտրուկ փոփոխվում է ծովերից դեպի ցամաքի խորքը։ Առանձնանում են Ուղղաձիգ գոտիականությունյան մերձծովյան (օվկիանոսային), ցամաքային և անցողիկ տարբերակները։ Մերձծովյան լեռնային շրջաններում իշխող լանդշաֆտային գոտին անտառայինն է։ Լեռնային երկըրներում Ուղղաձիգ գոտիականություն նկատելի ազդեցություն է ունենում տնտեսության վրա։ Ըստ բարձրության կրճատվում են վեգետացիայի ժամկետները, դժվարանում կամ անհնար դառնում ջերմասեր կուլտուրաների մշակումը, նվազում է թթվածնի քանակը, և մարդու օրգանիզմում առաջանում է որոշակի ֆիզիոլոգիական պրոցեսների խանգարում։ Ուղղաձիգ գոտիականությունյան մասին ժամանակակից գիտական տեսությունը սկզբնավորվում է Վ․ Վ․ Դոկուչաևից, որը հայտնաբերեց բնության կենդանի և անկենդան տարրերի միջև փոխազդեցությունների ու միասնության կախվածությունը աշխարհագրական զոնաներից ու ուղղաձիգ գոտիներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։