Ոչ գծային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ոչ գծային համակարգ, համակարգ, որի հատկությունները կախված են դրանում ընթացող պրոցեսներից։ Այդպիսի համակարգերը նկարագրվում են ոչ գծային հավասարումներով։

Ոչ գծային են, օրինակ, մեխանիկական այն համակարգերը, որոնց մեջ մտնող մարմինների զանգվածները կախված են արագությունից, սեգնետաէլեկտրիկներ պարունակող էլեկտրական այն համակարգերը (շղթաները), որոնց դիէլեկտրիկ թափանցելիությունը կախված է էլեկտրական դաշտի լարվածությունից և այլն։ Գծային համակարգերից ոչ գծային համակարգեր տարբերվում են վերադրման սկզբունքի խախտումով (Հուկի օրենքի խախտումը մեխանիկական ոչ գծային համակարգերում, Օհմի օրենքի խախտումը էլեկտրական ոչ գծային համակարգերում և այլն)։

Այդ հանգամանքը խիստ բարդացնում է ոչ գծային համակարգերի վերլուծումը, քանի որ բացառում է արտաքին ազդեցությունների պատկերումը պարզ (տարրական) ազդեցությունների գումարի տեսքով։ Եթե արտաքին ազդեցության չափը չի սահմանափակվում, ապա իրական բոլոր համակարգերը վաղ թե ուշ դրսևորում են ոչ գծային հատկություններ։ Գծային մոտավորությունը հնարավոր է արտաքին ազդեցության փոփոխման սահմանափակ տիրույթում։

Ոչ գծային համակարգերի ամենակարևոր կիրառումը չմարող տատանումների գրգռումն է։ Մինչդեռ գծային համակարգերում չմարող տատանումներ սկզբունքորեն հնարավոր չեն՝ դրանք կամ մարում են, կամ անսահման աճում ի վերջո շարքից դուրս բերելով համակարգը։ Ռադիոէլեկտրոնիկայում ոչ գծային համակարգերի օգնությամբ իրականացնում են էլեկտրամագնիսական տատանումների կարևոր փոխակերպումները՝ մոդուլումը, դետեկտումը, սահմանափակումը, ուղղումը, կայունացումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 618 CC-BY-SA-icon-80x15.png