Շրջուի եկեղեցի
Շրջուի եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Եռանավ բազիլիկա |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Որդուարի շրջան |
Տարածաշրջան | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Հասցե | Շրջու գյուղ |
Դավանանք | ![]() |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 13-րդ դարեր |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Առաջին հիշատակում | 1680 թվական՝ վիմական արձանագրություն |
Շինանյութ | Սրբատաշ բազալտ |
Շրջուի եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Շրջու գյուղի հյուսիս-արևելյան լեռնալանջի փեշին[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում: 1680 թվականի եկեղեցին վերանորոգվել էր Յովսեփի կողմից:
1730 թվականի Մարգար գրչի ձեռագրերից մեկի հիշատակարանում նշված էր Սուրբ Թովմա վանքի միաբանական դասի անդամների անունները, որոնց թվում՝ «Աղեքսանդր վարդապետն Շրջուացին»[2]:
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին կառուցվել էր 13-րդ դարում և գտնվում էր Շրջու գյուղի հյուսիս-արևելյան լեռնալանջի փեշին։ Առաջին անգամ հիշատակվում է 1680 թվականին[3]։ Եկեղեցու Ճարտարապետը անհայտ է, ինչպես նաև պատվիրատուն և մեկենասը։ Եկեղեցին եռանավ բազիլիկայի հորինվածք ուներ։ Որպես շինանյութ օգտագործվել էր սրբատաշ բազալտ և տեղական քար: Ուներ չորս մույթեր: Միակ մուտքը արևմտյան կողմից էր և բացվում էր գավիթ-սրահի մեջ:
Խորանը հնգանիստ կազմություն ուներ, որի երկու կողմերում ուներ ավանդատներ: Խորանի, ավանդատների և շինության այլ մասերում կային թաքստոցներ: Եկեղեցու ավանդատները և խորանը լուսավորվում էին մեկական նեղ լուսամուտներով: Աղոթասրահը լուսավորվում էր հարավային որմի համանման երեք և արևմտյան ճակատի մեկ մեծ և երկու նեղ լուսամուտներով: Հյուսիսային որմում լուսամուտ չկար, որը պայմանավորված էր եկեղեցու թեքադիր վայրում կառուցվելու հանգամանքով: Բեմի հատվածում կար ագուցված արձանագիր խաչքար:
Գավիթ-սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտյան ճակատին կից ունեցել էր գավիթ-սրահ: Գրավում էր եկեղեցու արևմտյան ճակատ ամբողջությամբ: Չորս մույթերի կառուցվածք ուներ: Հյուսիսային և հարավային ճակատները կամարակապ բացվածքներով բաց էին: Արևմտյան ճակատի չորս մույթերի կամարները նստած էին եկեղեցու արևմտյան որմի տրոմպների վրա:
Պարիսպ և օժանդակ շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու տարածքը շրջապատված էր պարսպով: Ներսի հատվածում ունեցել էր բնակաելի և օգտագործման շինություններ:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այվազյան Արգամ, «Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ», Երևան, 1981.
- Այվազյան, Արգամ (1980) Մեսրոպավանի, Շրջուի,Ողոհիի և Նորակերտի ճարտարապետական հուշարձանները. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԼԷ (Բ-Գ). pp. 93–94.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Այվազյան Արգամ, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ (խմբ. Շահբազյան), ««Հայաստան»», 1986, էջ 224։
- ↑ Ոսկեան Համազասպ, Հ., Վասպուրական-Վանի վանքերը, մաս Բ, Վիեննա, 1942 թվական, էջ 715
- ↑ Երվանդ Լալայան, Գողթն, էջ92