Շշուկների մատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շշուկների մատյան
ՀեղինակՎարուժան Ոսկանյան
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուռումիներեն
Հրատարակման տարեթիվ2009

Շշուկների մատյան (ռում.՝ Cartea șoaptelor, անգլ.՝ The Book of Whispers), ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի վեպերից (2009 թ.), Հայոց ցեղասպանության մասին պատմող և համաշխարհային ճանաչում ունեցող գրական գլուխգործոցներից մեկը։ Գիրքն արժանացել է միջազգային բազմաթիվ մրցանակների և թարգմանվել 18 լեզվով (ևս 2 լեզվով կհրատարակվի 2017-2018 թվականների ընթացքում)։ Լույս տեսնելու առաջին իսկ տարում Ռումինիայում ճանաչվել է Տարվա լավագույն գիրք (2009 թ.), իսկ Հայաստանում, Իսպանիայում, Կոլումբիայում և այլ երկրներում ամենաշատ վաճառված գրքերի ցանկում է։ 2013-2015 թվականներին Հայաստանի, իսկ 2013-2014 թվականներին Ռումինիայի և Իսրայելի գրողների միությունների կողմից առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի։ 2016 թ. գիրքն արժանացել է Կենտրոնական Եվրոպայի հեղինակավոր Անգելուս մրցանակին, ինչպես նաև այս մրցույթի ժյուրիի առաջին նախագահ Նատալյա Գորբանևսկայայի անվան ընթերցողների ու լավագույն թարգմանության մրցանակներին։ Կոլումբիայի նախագահ, 2016 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Խուան Մանուել Սանտոսն (2010-ներկա) հրապարակավ խոստովանել է, որ հենց այս գիրքն է նրան օգնում Կոլումբիական զինյալ հեղափոխական ճակատի հետ (FARC) խաղաղության փնտրտուքի ճանապարհին։ Այդ կապակցությամբ նա նաև շնորհակալական նամակ է ուղարկել հեղինակին[1]։ Համաշխարհային մամուլը 1000-ից ավելի էջ է նվիրել Շշուկների մատյանին, իսկ Ռումինիայի հանրային հեռուստատեսությունը գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանել՝ Շշուկների ուղին վերնագրով[2]։

Բեռլինի գրականության միջազգային փառատոնի և Պոտսդամի Լեփսիուսի տան նախաձեռնությամբ 2015 թվականի ապրիլի 21-ին ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության թեմայով ընթերցումներին ներկայացվեցին հայ գրականության այն անհատների ստեղծագործությունները, ովքեր զոհվեցին Հայոց ցեղասպանության ընթացքում (Դանիել Վարուժան, Սիամանթո, Ռուբեն Սևակ և այլն) կամ հետագայում բարձրացրին Հայոց ցեղասպանության հարցը իրենց ստեղծագործություններում (Եղիշե Չարենց, Պարույր Սևակ, Վիլյամ Սարոյան, Վարուժան Ոսկանյան և այլն)։ Շշուկների մատյանի 7-րդ և 8-րդ գլուխները ներկայացվեցին 21 լեզվով աշխարհի շուրջ 40 երկրների հարյուրից ավելի քաղաքներում։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շշուկների մատյանը գրվել է 2003-2006 թվականների ընթացքում։ Հեղինակը նշում է, որ 2006 թվականին, երբ նշանակվեց Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի, այնուհետև էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար, նաև դարձավ ռումին-թուրքական համագործակցության խառը հանձնաժողովի համանախագահ և, խուսափելով քաղաքական բնույթի խնդիրներից դիվանագիտական կոնֆլիկտ չառաջացնելու համար, վեպի լույս ընծայումը հետաձգեց մինչև 2009 թվականը՝ այդ ընթացքում սրբագրելով ու վերջնական տեսքի բերելով այն[1]։

Շշուկների մատյանն առաջին անգամ հրատարակվել է 2009 թվականին, Բուխարեստում։ Գրքի բնօրինակը ռումիներեն է, բայց հեղինակը նշում է հայերենը՝ որպես գրքի երկրորդ բնօրինակ, քանի որ անձամբ է մասնակցել հայերեն թարգմանությանը։ Հայոց ցեղասպանությանը և, ընդհանրապես, համաշխարհային նշանակություն ունեցող հարցերի վրա մշակույթի ու գրականության (մասնավորապես՝ Շշուկների մատյանի) ազդեցության վերաբերյալ հեղինակը նշում է. «Ինքս լինելով քաղաքական գործիչ ավելի քան 25 տարի՝ կարող եմ խոստովանել, որ այս մեկ գրքով և Ռումինիայում, և նրա սահմաններից դուրս ես ավելին արեցի, քան այդ ընթացքում Ցեղասպանության վերաբերյալ իմ ունեցած հարյուրավոր ելույթներով։ Շշուկների մատյանը թուրքերի հանդեպ ատելություն սերմանող գիրք չէ. այն ինչ-որ առումով ազդակ է թուրք հանրությանը ՝ առերեսվելու սեփական պատմությանը»[3]։

Ցեղասպանության մասին պատմությունները կազմել են հեղինակի մանկության անբաժան մասը, որոնք ընդգրկում էին ոչ միայն ռումինական Ֆոքշան քաղաքում հաստատված նրա պապերի ու իրենց հասակակիցների, այլև ջարդերի ու աքսորի ընթացքում զոհ դարձած իր բազմաթիվ մոտիկ ու հեռու ազգականների ճակատագրերը։ Գրքի գլխավոր հերոսների՝ իր երկու պապերի օրինակով, ներկայացվում է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ճակատագիրը, որոնք հաստատվում են Ռումինիայում և հետագայում ճաշակում նաև կոմունիստական կարգերի դառնությունը։ Գրքում այս ամենը համեմվում է հայկական տարատեսակ ավանդույթների, խոհարարական արվեստի, առանձին անհատների գործունեության ներկայացմամբ և այլն։

Հերոսները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շշուկների մատյանի բոլոր հերոսներն իրական են։ Իր հարցազրույցներից մեկում Ոսկանյանը նշում է, որ գրքի իսպաներեն թարգմանիչ Խոակին Գարրիգոսը ցանկացավ անձամբ համոզվել դրանում և ժամանեց Ռումինիայի Ֆոքշան քաղաքի հայկական գերեզմանոց՝ գիրքը ձեռքին, և փնտրեց ու գտավ գրքի բոլոր այն հերոսներին, որոնք այնտեղ էին թաղված[4]։ Շշուկների մատյանի հիմնական հերոսներն են.

Կարապետ Ոսկանյան - հեղինակի հորական պապը

Սեդրակ Մելիքյան - հեղինակի մորական պապը

Միսաք Թոռլաքյան - հայ վրիժառու, որը 1921 թվականի հոկտեմբերի 6-ին բանտից ազատ արձակվելուց հետո մեկնել է Հունաստան, ապա՝ Բելգրադ ու Բուխարեստ, որտեղ ապրել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը

Սահակ Շեյթանյան - Կարապետ Ոսկանյանի հարևանը

Հարություն Ֆրենկյան - Ռումինիայում հայտնի որպես «Շաքարի թագավոր», որը կորցրեց իր ողջ կարողությունը Ռումինիայում կոմունիստական վարչակարգի հաստատումից հետո

Մոռանալ, վրեժ լուծել, ներել[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շշուկների մատյանում» ներկայացված են երեք այլընտրանքներ` մոռանալ, վրեժ լուծել և ներել։ Այս առիթով Ոսկանյանը նշում է. «Եթե մոռանանք,  անձնասպանություն կգործենք։ Մոռանալը անտեսելն է, չհասկանալը, մոռանալը չի բուժում վերքը, բարակ կեղևով ծածկում է։ Եթե մոռանաս, նորից պիտի կոտորեն։ Վրեժն ամենավտանգավորն է. չես կարող վերքդ բուժել ուրիշի վերքը բացելով և բացի այդ՝ այն շարունակական բնույթ կկրի։ Ներելն ամենապատասխանատուն է։ Պետք է հասկանաս, թե ինչու ես ներում, և պետք է դիմացինն ընդունի իր հանցանքը։ Մոռանալը մենախոսություն է, ներելը՝ երկխոսություն։ Աններելին ներելը մարդկության ամենաբարձր մակարդակն է, բայց պետք է վստահ լինես, որ երկրորդ անգամ նույնը չի պատահի։ Այսօր չկա մեկը, որ երաշխավորի դա։ Հետևաբար, մենք ուզում ենք, որ Ցեղասպանությունը ճանաչվի։ Տարբեր երկրների խորհրդարաններից հնչեցրած հայտարարությունները բավարար չեն. միջազգային իրավունքը պետք է ճանաչի Ցեղասպանությունը»[5]։

Թուրքական արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինիայի մշակույթի նախկին նախարար Հունոր Կելեմանի վկայությամբ, 2009 թ. Թուրքիայի մշակույթի նախարարի հետ հանդիպման ժամանակ վերջինս խնդրել է, որպեսզի ռումինական պետությունը չսատարի վեպի տարածմանը[6]։

2012 թ. սեպտեմբերին Ռումինիայում Թուրքիայի դեսպանությունը նոտա է ուղարկել Ռումինիայի ԱԳՆ և մշակույթի նախարարություն, որում իր բողոքն է հայտնում` կապված Բուխարեստի Գյուղի թանգարանում Հայկական մշակութային օրերի շրջանակներում «Շշուկների մատյան» վեպի ներկայացման հետ։ 2013 թ. մարտ ամսին Բրյուսելի գրքի տոնավաճառի թուրք մասնակիցները հրաժարվեցին մասնակցությունից, քանի որ նույն ցուցահանդեսի շրջանակներում պիտի ներկայացվեր նաև «Շշուկների մատյան» վեպի ֆրանսերեն տարբերակը։ Ապա նաև Թուրքիայի ԱԳՆ-ից բողոքի նոտա հղվեց Ռումինիայի կառավարությանը, որտեղ պահանջում էին կասեցնել գրքի վաճառքը, քանի որ «այն վիրավորում է թուրք ժողովրդի ինքնությունը»։ Այս կապակցությամբ Ոսկանյանը նշեց. «Պետք է ևս մեկ անգամ շեշտեմ, որ գրքում ատելություն սերմանող ոչ մի խոսք չկա, այն ընդամենը իրադարձությունների համակողմանի ներկայացումն է և փորձում է գտնել այսօրվա փակուղային իրավիճակից դուրս գալու միջոցը»[3]։ 

Թարգմանությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շշուկների մատյանը թարգմանվել է իսպաներեն (Pre – Textos, 2010), իտալերեն (Kellerdi Rovereto Trento, 2011), հայերեն (ՀԳՄ հրատարակչություն, 2012, Անտարես, 2014), եբրայերեն (Hakibbutz Hameuchad, 2012), ֆրանսերեն (Editions des Syrtes, 2013), շվեդերեն (2244, 2013), գերմաներեն (Zsolnay Verlag, 2013, Büchergilde Gutemberg, 2015), բուլղարերեն (Avangard Print, 2013), հունգարերեն (Orpheusz, 2014), պորտուգալերեն (էլեկտրոնային հրատարակություն, 2015), պարսկերեն (Ketabe Miamak, 2015), լեհերեն (Książkowe Klimaty, 2015), հոլանդերեն (Uitgeverit Pegasus, 2015), չեխերեն (Havran, 2016), նորվեգերեն (Bokvennen, 2017), խորվաթերեն (Sandorf, 2017), անգլերեն (Yale University Press, 2017):

2017-2018 թվականների ընթացքում գիրքը կհրատարակվի նաև սերբերեն, ուկրաիներեն։

Համաշխարհային մամուլը «Շշուկների մատյանի» մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Estandarte (Իսպանիա) - Շշուկների մատյանը վերջին տարիների եվրոպական գրականության ամենակարևոր գրքերից է։

Editorial Pre-Textos (Իսպանիա) - Ընթերցողը գտնվում է մի վեպի առջև, որն ունեցել է արտակարգ հաջողություն և որը միաժամանակ նաև պատմական փաստաթուղթ է, պոեմ արձակի մեջ, երևակայություն և ցնցող իրականություն։ Հավանաբար կգա այն օրը, երբ 20-րդ դ. պատմությունը թերի կհամարվի, եթե չներառվի Շշուկների մատյանի բովանդակությունը կամ դրա որոշ էջեր։

La Vanguardia (Իսպանիա) - Մենք կանգնած ենք հսկայական խորություն ունեցող գրքի առջև։ Ոսկանյանը եվրոպական հոյակապ գրող է։

Revista de Arte y Ensayo Madrid en Marco (Իսպանիա) - Ոսկանյանը նման է Սերվանտեսին «պատմությունների պատմությունը», եթե ոչ՝ «վեպերի վեպը» ստեղծելու հարցում, ինչպիսին «Դոն Կիխոտն» էր։ Շշուկների մատյանը եզակի գիրք է, որը կարդացվում է, եթե չասենք՝ լսվում է, իր հերոսների շշուկներով։

La Esfera Cultural (Իսպանիա) - Շշուկների մատյանը վերջին տարիներին Իսպանիայում տպագրված ամենալավ գրքերից է։

Figaro Histoire (Ֆրանսիա) - Շշուկների մատյանը գունավոր, բուրավետ, քաղցր և դաժան որմնանկար է։

Frankfurter Allgemeine Zeitung (Գերմանիա) - Շշուկների մատյանը հրաշալի վեպ է, որը պատկանում է համաշխարհային գրականությանը՝ լինելով, հավանաբար, 21-րդ դ. տեղեկատուներից մեկը։ Գիրքն այնքան հրաշալի է, որ շունչ է կտրում։

Der Spiegel (Գերմանիա) - Շշուկների մատյանը Գաբրել Գարսիա Մարկեսի 100 տարվա մենություն գրքի համարժեքն է Արևելյան Եվրոպայում։

Haaretz (Իսրայել) - Մեծագույն գրող Վարուժան Ոսկանյանը ստեղծել է Հայոց ցեղասպանության հզոր դիմանկարն առանց քարոզի, ոգևորության կամ ճնշող մեղքի։ Ոչ մեկը չէր սպասում, որ Վարուժան Ոսկանյանը կգրի ռումինական գրականության լավագույն վեպը։

La Nacional (Չիլի) - Շշուկների մատյանը շատ գեղեցիկ գիրք է, բարձր գեղագիտական ստեղծագործություն, վեհություն։  

El Nacional (Վենեսուելա) - Վարուժան Ոսկանյանն, ամենից առաջ, մի գրող է, որը ժառանգել է հիշողություններ մահվան և վերապրումի մասին։

La Nacion (Արգենտինա) - Շշուկների մատյանը շատ լավ գրված վեպ է։ Հեղինակը մարմնավորում է հայ ժողովրդին ողբերգական և բարդ դյուցազնավեպի միջոցով։ Շշուկների մատյանը բացառիկ վեպ է, հայ ժողովրդի տառապանքների օրհներգը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ««ՇՇՈՒԿՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ» ՎԵՊԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ | Hayern Aysor». test.armdiasporamuseum.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
  2. «Calea Şoaptelor». www.tvrplus.ro. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  3. 3,0 3,1 ««Ցեղասպանության մասին պատմությունները իմ մանկության անբաժան մասն են»». www.irates.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  4. «INTERVIU Varujan Vosganian: „«Cartea şoaptelor» nu e un breaking-news"». Mediafax.ro. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  5. ««Եթե ներել, ապա մեր նահատակները պետք է ներեն»». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  6. «Շշուկների մատյանը հիացմունքի է արժանանում, իսկ Վարուժան Ոսկանյանը` հալածվում». news.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.