Շառլոտա դե Բուրբոն
Շառլոտա դե Բուրբոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | 1388 |
Ծննդավայր | Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է՝ | հունվարի 15, 1422 |
Վախճանի վայր | Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս |
Կիպրոս | |
Երկիր | ![]() |
Տոհմ | Բուրբոններ |
թագավորական կոնսորտ | |
Հայր | John I, Count of La Marche? |
Մայր | Catherine of Vendôme? |
Երեխաներ | Աննա դե Լուզինյան և Հովհաննես II Կիպրացի |
Շառլոտա դե Բուրբոն (անգլ.՝ Charlotte of Bourbon, 1388, Ֆրանսիայի թագավորություն - հունվարի 15, 1422, Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս), Կիպրոսի թագուհի, որը Յանուս թագավորի հետ ամուսնության բերումով հանդիսացել է նաև Հայաստանի ու Երուսաղեմի տիտղոսակիր թագուհին։ Եղել է թագավորի երկրորդ կինն ու նրա օրինական վեց զավակների մայրը․ զավակների թվում էին Ջոն II-ն ու Աննա դե Լուզինյանը։ Հենց Շառլոտայի ազդեցությունն է կարևոր դեր ունեցել Նիկոսիայի թագավորական արքունիքում ֆրանսիական մշակույթի վերականգնման գործում[1]։
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Շառլոտան ծնվել է 1388 թվականին Ֆրանսիայում։ Լա Մարշի դուքս Ջոն I դե Բուրբոնի և վերջինիս կնոջ՝ Քեթրին դե Վենդոմի յոթ զավակներից մեկն է եղել, ունեցել է երեք քույր ու երեք եղբայր։ Նրանք էին՝ Լա Մարշի դուքս Ջեյմս II դե Բուրբոնը, Լյուդովիկոս I դե Բուրբոն-Վանդոմը, Քերենսիի և Դուիսանդի լորդ Ժան դե Բուրբոնը, Մոնպենսյեի կոմսուհի Աննա դե Բուրբոնը, Բրեենկուրի տիկին Մարի դե Բուրբոնը և Իզաբել դե Բուրբոնը։ Հոր՝ սիրուհու հետ ունեցած կապի պատճառով ունեցել են նաև ապօրինի մեկ եղբայր։
Հայրական կողմի տատիկ-պապիկը Լա Մարշի դուքս Ջեյմս I դե Բուրբոնն ու Ժաննա դե Շատիլոնն էին, մայրական կողմի տատիկ-պապիկը՝ Վենդոմի կոմս Ժան VI-ն ու Էպերնոնի տիկին Ժաննա Պոնտիեն։
Կիպրոսի թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]
1411 թվականի օգոստոսի 25-ին Նիկոսիայի Սուրբ Սոֆիայի մայր տաճարում Շառլոտան ամուսնացել է Կիպրոսի և Հայաստանի թագավոր Յանուսի հետ, որը նաև Երուսաղեմի տիտղոսակիր թագավորն էր․ դարձել է վերջինիս երկրորդ կինը։ Յանուսն ու Շառլոտան ամուսնացել են վստահված անձի միջոցով 1409 թվականի օգոստոսի 2-ին Ֆրանսիայի Մելյոն քաղաքում։ 1409 թվականի հունվարի 10-ով (Հին տոմարով) թվագրված (որը համապատասխանում է նոր տոմարի 1410 թվականի հունվարի 19-ին) մի փաստաթղթում նշվել է Վենետիկից Կիպրոս Շառլոտայիի ճանապարհորդության պայմանավորվածության մասին։ Ամադիի տարեգրությունն արձանագրել է օրիորդ Շառլոտա դե Բուրբոնի Կիպրոս ժամանումը և 1411 թվականի օգոստոսի 25-ին վերջինիս ամուսնությունը։ Շառլոտային դեպի Կիպրոս ուղեկցած շքեղ շքախմբի կազմում եղել են նաև բազմաթիվ երաժիշտներ։
Յանուսը Լուսինյանների հայտնի և ընդարձակ տոհմի անդամ էր, որը նաև նրա ազգանունն էր։ Նա ամուսնալուծվել էր իր առաջին կնոջից՝ Անգլեսիա Վիսկոնտիից մի քանի տարի առաջ և զավակներ չուներ։
Յանուսի և Շառլոտայի ամուսնությունը նկարագրվել է որպես «Լուսինյան արքունիքում ֆրանսիական մշակույթի աշխուժացման գործի անկյունաքար, որով բնութագրվել է Յանուսի իշխանությունը»[2]։ Ամուսնությունից հետո Նիկոսիայի արքունիքում նա անմիջապես հաստատել է քաղաքավարի հասարակություն (ֆր.՝ socièté courtoise), որտեղ ծաղկում էին ֆրանսիական գրականությունն ու երաժշտությունը։
Յանուս թագավորը երեք անօրինական երեխաներ է ունեցել անանուն սիրուհուց։
Շառլոտան մահացել է 1422 թվականի հունվարի 15-ին ժանտախտից։ Հուղարկավորվել է Նիկոսիայի Սբ Դոմինիկի թագավորական վանքում։
Զավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յանուսն ու Շառլոտան ունեցել են վեց երեխա․
- Ժակ դե Լուզինյան (մահացել է մոտավորապես 1416 թվականին)
- Կիպրոսի և Հայաստանի թագավոր Ջոն II, որը նաև Երուսաղեմի տիտղոսակիր թագավորն էր (16 մայիսի 1414 – 28 հուլիսի 1458) ու Անտիոքի տիտղոսակիր իշխանը։ Առաջին անգամ ամուսնացել է Ամադեա Մոնֆերատցու հետ, երկրորդ անգամ՝ Հելենա Պալեոլոգինայի հետ, որից ունեցել է երկու դուստր, այդ թվում՝ Շառլոտա Կիպրացին։ Հույն սիրուհի Մարիետա դե Պատրասից ունեցել է ապօրինի որդի՝ Ժակը, որը հետագայում թագավորել է որպես Կիպրոսի թագավոր Ջեյմս II։
- Անանուն զույգ (ծնվել է 1415 թվականի նոյեմբերի 7-ին), մահացել է մանուկ հասակում։
- Անանուն զույգ (ծնվել է 1415 թվականի նոյեմբերի 7-ին), մահացել է մանուկ հասակում։
- Աննա դե Լուզինյան (24 սեպտեմբերի 1418 – 11 նոյեմբերի 1462), ամուսնացել է Սավոյայի դուքս Լյուդովիկոս I-ի հետ, որից ունեցել է տասնինը երեխա։
- Մարի դե Լուզինյան (մահացել է 1437 թվականի ապրիլի 29-ից հետո), նշանվել է Բոժեուի լորդ Ֆիլիպ դե Բուրբոնի հետ, սակայն մահացել նախքան ամուսնությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Andrée Giselle Simard, The Manuscript Torino J.II.9: A Late Medieval Perspective on Musical Life and Culture at the Court of the Lusignan Kings at Nicosia, pp.35-36, December 2005, retrieved on 15 June 2009
- ↑ Andrée Giselle Simard, The Manuscript Torino J.II.9: A Late Medieval Perspective on Musical Life and Culture at the Court of the Lusignan Kings at Nicosia", pp.35-36, December 2005, retrieved on 15 June 2009
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Charles Cawley, Medieval Lands, Kings of Cyprus
- Charles Cawley, Medieval Lands, Maine
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շառլոտա դե Բուրբոն կատեգորիայում։ |
|