Շահ (փիլիսոփայություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահ (այլ կիրառումներ)

Շահ, հասկացություն, որը բնութագրում է այն, ինչ օբյեկտիվորեն ուղղված է սուբյեկտի (անձ, խումբ, ընտանիք, դասակարգ և այլն) սոցիալական ինքնահաստատման, պահանջմունքների բավարարման ապահովմանը։ Ձևավորվելով պահանջմունքների հիման վրա՝ շահերը արտահայտում են սուբյեկտի պահանջմունքների և դրանց բավարարման պայմանների միջև եղած հակասությունները։ Մարքսիստական սոցիոլոգիան շահը կապում է առաջին հերթին հասարակական արտադրության համակարգում խմբի, դասակարգի գրաված տեղի, տնտեսական հարաբերությունների հետ։ Շահն արտացոլվում է մարդկանց պատկերացումներում, ձգտումներում, գաղափարներում, դառնում գիտակցված նպատակ, գործունեության դրդապատճառ։ Այս կամ այն շահը կարող է չգիտակցվել կամ աղավաղված ընկալվել, չափազանցվել կամ անտեսվեք։ Հոգեբանության մեջ շահը արտահայտվում է հետաքրքրաթյան տեսքով, որը բնութագրում է անձի համար շահի առարկայի նշանակությունը և արժեքավորությունը, շահի բովանդակության նկատմամբ անձի հուզական վերաբերմունքը։ Բարոյագիտության մեջ կարևոր են անհատի շահերի և նրա հասարակական պարտքի փոխհարաբերության, շահերի ապահովման միջոցների ընտրության, շահերի միջև հակասության հողի վրա բարոյական կոնֆլիկտի հարցերը և այլն։ Իրավագիտության մեջ կարևոր են տարբեր սուբյեկտների շահերի պաշտպանության կամ սահմանափակման, իրավական նորմերում շահերի արտացոլման, շահերի փոխազդեցության իրավական կարգավորման միջոցների հարցերը և այլն։ Քաղաքականության մեջ էական են դասակարգի, ազգի, պետության արմատական և ընթացիկ շահերի փոխհարաբերության հարցերը։ Բուրժուական, փիլիսոփայության և բարոյագիտության մեջ շահերի մեկնաբանումը որպես կանոն տառապում է սուբյեկտիվ հակադրում է անհատի և հասարակության շահերը, հանգում է մարդու անփոփոխ եսամոլության դրույթին։ Անհատի շահերի առավելագույն բավարարումը իբրև բարոյախոսական հիմնական սկզբունք բնութագրական է ուտիչիտարիզմին, իսկ պրագմատիզմը անհատի շահերի տեսակետից օգտակարությունը դիտում է իբրև ճշմարտության չափանիշ։ Անհատի և հասարակության շահերի հակադրությունը անխուսափելի է մասնավոր սեփականատիրական հարաբերությունների պայմաններում, հատկապես անխակտելի է բուրժուական անհատապաշտության գաղափարներից։ Սոցիալիզմի պայմաններում, շնորհիվ արտադրության միջոցների հանրային սեփականության, շահագործման վերացման, գերիշխող է հասարակական և անձնական շահերի և նպատակների զուգակցումը, որը նպաստում է կոլեկտիզմի դրսևորմանը։ Կոմունիստական բարոյականությունը պահանջում է անհատի շահերի ենթարկում հասարակության շահերին, դրանով իսկ երաշխավորելով հասարակության անդամների մեծամասնության շահերի իրագործումը, հասարակական, կոլեկտիվ և անձնական շահերի ներդաշնակության ապահովումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 416