Շահերի ներդաշնակության տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շահերի ներդաշնակության տեսություն, տասնիներորդ դարի կեսերի բուրժուական քաղաքատնտեսության հիմնական դրույթներից։ Առավել հայտնի ներկայացուցիչներն են Ֆրեդերիկ Բաստիան (Ֆրանսիա) և Հ. Չ. Քերին (ԱՄՆՇահերի ներդաշնակության տեսության հետևորդներից էին նաև Ֆ․ Ուոքերն ու Գ․ Ջորջը (ԱՄՆ), Մ․ Վիրտն ու Եվգենի Դյուրինգը (Գերմանիա), Ն․ Բունգեն (Ռուսաստան)։ Հասարակության դասակարգային «ներդաշնակության» գաղափարների վրա են խարսխված «Մասնակցություն», «Սոցիալական գործընկերություն», «ժողովրդական կապիտալիզմ», «Սահմանային արտադրողականություն» և այլ կոնցեպցիաները, որոնց նպատակն է կապիտալիզմը ներկայացնել ներհակություններից զերծ բանական հասարակարգ։

Բաստիայի տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաստիան ձգտում էր ապացուցել, որ ժամանակակից բուրժուական հասարակարգում բացակայում են հակասություններն ու դասակարգային հակամարտությունները, տիրող սիստեմը կատարյալ է, արդարացի, ներդաշնակ և հիմնվում է փոխադարձ ծառայությունների վրա։ Ժխտում էր արժեքի օբյեկտիվ բովանդակությունը, այն համարում երկու փոխանակվող ծառայությունների հարաբերություն։ Այդ ծառայությունները, ըստ Բաստիայի, կատարում են ոչ միայն բանվորները, այլև կապիտալիստներն ու հողատերերը։ Շահույթը համարում էր կապիտալի սպառումը հետաձգելու համար կապիտալիստների, իսկ հողային ռենտան՝ հողը մշակելու և բարելավելու ծառայության համար հողատիրոջ ու նրա նախնիների վարձահատուցումը։ Նրա կարծիքով, ստեղծված արդյունքի մեջ կապիտալիստների բաժինը կրճատվում է, բանվորներինը՝ աճում։ Այդ ներդաշնակությունը կարող է խախտել միայն մարդկանց տնտեսական հարաբերությունների մեջ պետության միջամտությունը, այստեղից էլ՝ կողմ էր կապիտալիզմի ոչնչով չսահմանափակվող (մրցակցության, ձեռնարկատիրության ազատություն) զարգացմանը։

Քերիի տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերին ոչ միայն պաշտպանում էր կապիտալիզմը, այլև արդարացնում ԱՄՆ-ի հարավում գոյություն ունեցող ստրկատիրությունը։ Իր տեսության հիմքում դնելով «բաշխման օրենքը»՝ ցանկանում էր ապացուցել, որ բուրժուական հասարակարգում տարբեր դասակարգերի շահերը ներդաշնակ են։ Բանվորների աշխատավարձը, նրա կարծիքով, աճում է աշխատանքի արտադրողականության բարձրացման համապատասխան, որի հետևանքով բանվորների ու կապիտալիստների տնտեաական դրության տարբերություններն աստիճանաբար վերանում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 421