Նոր տրեդ-յունիոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոր տրեդ-յունիոններ (անգլ.՝ New Trade Unions), արհմիութենական կազմակերպություններ Անգլիայում։

Առաջացել են XIX դարի 1880-ական թվականների վերջին 1890-ական թվականների սկզբին, բանվորական շարժման վերելքի պայմաններում։ Հարել են բանվորական շարժման ձախ ուղղությանը։ Առաջին նոր արհմիությունները գազի արդյունաբերության բանվորներին դոկերների 1889 թվականին ստեղծված միություններն էին։ Ի տարբերություն «հին» տրեդ-յունիոնների, որոնք միավորում էին հիմնականում նույն մասնագիտության բանվորներին, նոր արհմիությունները կազմակերպվում էին արտադրական հատկանիշով (նույն ճյուղի տարբեր մասնագիտությունների բանվորներ)` հնարավորություն տալով նախկինում արհմիութենական շարժման մեշ չընդգրկված ոչ որակյալ բանվորներին ներգրավվելու նրա մեջ։ Նոր արհմիությունները մարտական ոգի մտցրեցին բանվորական շարժման մեջ։ Հանդես եկան բանվորական օրենսդրության, բանվորների նյութական կյանքի ու աշխատանքային պայմանների բարելավման, 8-ժամյա աշխատանքային օրվա, հողի և արտադրության միջոցների ազգայնացման պահանջներով։ Իրենց ազդեցությունը բանվորական լայն մասսաների շրջանում պահպանելու համար «հին» արհմիությունները սկսեցին իրենց շարքերն ընդունել ոչ որակյալ բանվորների։ Նոր արհմիությունները դեմ էին ձեռնարկատերերի հետ փոխզիջումների քաղաքականությանը, նպաստում էին արհմիությունների խոշորացմանը, դրանք ազգային մասշտաբի կազմակերպություն դարձնելու համար։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ նոր արհմիությունները կորցրեցին իրենց մարտական բնույթը և կանգնեցին համաձայնողական ուղու վրա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 372