Ներկացրիչ(էլեկտրական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներկացրիչ էլեկտրական՝ նախատեսված է մետաղե, պլաստմասսայե, փայտե և այլ իրերի հարթ ու ձևավոր մակերևույթների ներկման կամ լաքապատման, ինչպես նաև շինություններում օդի խոնավացման և զանազան հեղուկների փոշեցրման համար։ Ներկացրիչը բաղկացած է՝

  • ներկընդունիչ և ծայրափողակ-փոշեցրիչ ունեցող պոմպից
  • էլեկտրաթրթռիչից (որը շարժման մեջ է դնում պոմպը)
  • փոշեցրվող հեղուկի բաքից։

Պոմպն ու թրթռիչը տեղադրված են պլաստմասսայե իրանի մեջ, որին ներքևից ամրացվում է հեղուկի բաքը։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկացրիչը միացվում և անջատվում է բռնակոթի վրա գտնվող սեղմնակոճակով։ Ներկացրիչից արտամղվող հեղուկի քանակը և շիթի լայնությունը կարգավորվում են մատուցման բռնակի պտույտով։ Ներկացրիչի աշխատանքի արդյունավետությունը և լաքաներկի ծածկույթի որակը զգալիորեն կախված են փոշեցրվող հեղուկի մաքրությունից և մածուցիկությունից, ուստի օգտագործելուց առաջ ներկը կամ լաքը հարկավոր է լավ խառնել, ապա քամել մետաղե կամ թանզիֆե մաղով։ Հեղուկի մածուցիկությունը կարելի է որոշել կաթիլի անկմանը հետևելով. վերջին կաթիլները չպետք է թելի պես ձգվեն (ծորան)։ Աննշան մածուցիկություն ունեցող ջուրը և լուծիչները կարելի է օգտագործել առանց լրացուցիչ նոսրացման։ Ծայրափողակի կամ պոմպի խցանման դեպքում հարկավոր է հանել ծայրափողակը, մաքրել անցքը և լվանալ լուծիչով, այնուհետև անջատել բաքը, հանել պոմպը և լուծիչով խնամքով լվանալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։