Մուրեյ (անգլ.՝ Murray), Ավստրալիայի ամենամեծ գետը, որը իր ամենամեծ վտակ Դառլինգի հետ կազմում է երկրի ամենամեծ գետային համակարգը, որի մակերեսը կազմում է ավելին քան 1 000 000 կմ² (մայրցամաքի մոտ 12 %)։ Երկարությունը 2570 կմ է (Դառլինգի ակունքից՝ 3750 կմ), ավազանը՝ 1160 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Ավստրալիական Ալպերից, թափվում Ալեքսանդրինայի ծովալճակը։ Գլխավոր վտակներն են Մառամբիջին և Դառլինգը։ Սնումը ձնաանձրևային է։ Վարարում է գարնանն ու ամռանը։ Տարեկան միջին հոսքը 14,8 կմ3 է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Հարուստ է ձկներով։ Մուրեյի և վտակների վրա կառուցվել են ջրամբարներ և ՀԷԿ-եր։ Գետը հատում է Վիկտորիա և Նոր Հարավային Ուելս նահանգների սահմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 98)։