Մուրացյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մուրացյանից)

Մուրացյան, նախարարական տոհմ Մեծ Հայքում։

Հիշատակվում են որպես Երվանդունիների ժամանակակիցներ (մ․թ․ա․ III—II դդ․)։ Ընդարձակ կալվածներ են ունեցել Երասխի գետահովիտներում՝ Նախճավանում, Մարաց կողմերում։ Ըստ Մովսես Խորենացու, Երվանդ Վերջինի դեմ Արտաշես Ա-ի պայքարի ժամանակ Մուրացյանների նահապետ Արգամը (Արգավան) լքել է Երվանդին և իր նիզակակիր զորքով անցել Արտաշեսի կողմը։ Հաղթանակից հետո Արտաշես արքան Արգամին շնորհել է երկրորդական գահը։ Սակայն շուտով հակաարքունական դավեր նյութելու մեղադրանքով Արտաշեսի որդի Արտավազդը սպանում է Արգամին, կոտորում նրա տոհմը, իսկ կալվածները միացնում արքունի տիրույթներին։ Փրկված կրտսեր ներկայացուցիչները հետագայում կորցրել են իրենց նախկին հզորությունն ու կարևոր դիրքը։ Սահակյան Գահնամակում Մուրացյանների տերը հիշատակվում է նախավերջին՝ 69-րդ տեղում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 98