Մոթբի ձորի կիկլոպյան ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոթբի ձորի կիկլոպյան ամրոց, Հայաստանում հայտնաբերված կիկլոպյան հնագույն ամրոցներից է։ Գտնվում է Ժամի դարի բերդի սարահարթի հարավային զառիթափի գլխին, դեպի Մարտունի տանող ճանապարհի ձախ կողմում, Կամո քաղաքից երկու կիլոմետր դեպի հարավ։

Այս հուշարձանը նման է Ժամի դարի և Ջաղացի դարի ամրոցներին։ Ամրոցի հարավային և արևմտյան կողմերը վերջանում են խիստ ժայռապատ ու մեծ թեքությամբ, իսկ հյուսիսային և արևելյան կողմերը, լինելով հարթ՝ պատնեշված են կիկլոպյան պարիսպներով, որոնց վրա հայտնաբերվեցին չորս քարաբուրգերի մնացորդներ։ Ամրոցը գրավում է ընդամենը կես հեկտարից քիչ ավելի տարածություն, որի համար գուցե և ճիշտ կլիներ այն համարեինք միջնաբերդ, մանավանդ որ նրա հարավային ու արևմտյան կողմերում երևում են բազմաթիվ բնակարանների հետքեր, որոնք, անշուշտ, կապված են եղել հիշված ամրոցի կամ միջնաբերդի հետ։

Բնակատեղիից դուրս, նրա շրջապատում կան բազմաթիվ դամբարաններ, որոնցից մի քանիսը պեղել է Եղիշե Լալայանը։ Պարիսպների հիմքի լայնությունը 3,5 մետր է։ Աշտարակների հիմքերը վատ են պահպանվել, այսուհանդերձ կարելի է որոշել նրանց մեծությունը՝ 4x4 մետր։ Ամրոցի հարավարևմտյան անկյունում երևում է ստորերկրյա մի գետնուղու մուտք, որի ժայռաքարերի միջով անցնում է դեպի դիմացի ձորը և այնտեղից ոչ հեռու գտնվող Գավառագետի վտակը։ Գետնուղին ունի մեկ մետր լայնություն, ութ մետր երկարություն և պահպանվել է մինչև հիմա։ Ըստ երևույթին, բնական քարանձավը հարմարեցված է գաղտնի կերպով դեպի ամրոց ելք ու մուտք անելու համար։ Նույնպիսի գետնուղի կա նաև Հայրիվանի ամրոցում։ Նման գաղտնուղի հավանորեն եղել է նաև Ջաղացի դարի ամրոցում, Կամո քաղաքի Բերդի գլխի ստորերկրյա ճանապարհին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ ժողովրդի պատմություն, հեղինակներ՝ Ժ. Աղայան, Բ. Առաքելյան, Գ. Գալոյան, Ս. Երեմյան, Լ. Խաչիկյան, Ա. Հակոբյան, Ա. Հովհաննիսյան, Մ.Ներսիսյան։