Միրտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրտոս
Տեսակծոց, լողափ, Հանգստի գոտի և տուրիստական վայր
Երկիր Հունաստան
ՎարչատարածքPylarei Municipal Unit?
Երկարություն800 մետր
Քարտեզ
Քարտեզ

Միրտոս (հունարեն՝ Παραλία Μύρτου [Míːrtɒs]), լողափ Հոնիական ծովում գտնվող հունական Կեֆալոնիա կղզու հյուսիսարևմտյան մասում, Ագիա Դինատի (1131 մ) և Կալոն Օրոս (901 մ) սարերի ստորոտում[1][2]։

Հունաստանի զբոսաշրջության նախարարության կողմից պարբերաբար կազմվող և հրապարակվող՝ երկրի լավագույն լողափերի վարկանիշային աղյուսակում Միրտոսն արդեն տասներկու անգամ գրավել է առաջին տեղը[3][4]։ Միջազգային աղյուսակներում (չարթերում) նույնպես Միրտոսը ներկայացվում է որպես զմրուխտերանգ, զուլալ ջրով[5], չքնաղ բնությամբ, տրանսպորտային մատչելիությամբ ու հարմարավետությամբ աչքի ընկնող լողափ, որ լավագույններից մեկն է[6][7]։ Որոշ աղբյուրներում այն նկարագրվում է որպես «Հունաստանի ամենադրամատիկ լողափը, որ ունի մեկուկես մղոն ձգվածություն և շլացուցիչ ճերմակություն»[8]։ Ծածկված է մարմարի կերպափոխված կրաքարի մանրաբեկորներով։

Լողափ կարելի է հասնել մերձակա Դիվարատա կամ նավահանգստային Ագիա Էֆիմիա բնակավայրից ձգվող երկու կիլոմետրանոց ոլորապտույտ ճանապարհով, որով զբոսաշրջային եռուն տարեշրջանի ողջ ընթացքում երթուղային ավտոբուսներ են կանոնավոր երթևեկում՝ նախօրոք կազմված ու հրապարակված չվացուցակի համաձայն։ Լողափին գործում են բար-սրճարան (մերձակայքում՝ նաև պանդոկներ), հովանոցների ու անհրաժեշտ այլ պարագաների վարձույթի կետեր[9], ավտոկայանատեղի։

Միրտոս լողափին են նկարահանվել «Նավապետ Կորելլիի մանդոլինները» կինոնկարի որոշ տեսարաններ՝ Նիկոլաս Քեյջի և Պենելոպա Կրուսի մասնակցությամբ[8][10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]