Միջուկային սպեկտրոսկոպիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միջուկային սպեկտրոսկոպիա, միջուկային ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է ատոմային միջուկների տարբեր վիճակները և դրանց միջև անցումները՝ նպատակ ունենալով տեղեկություններ ստանալ միջուկների ներքին կառուցվածքի, ռադիոակտիվ փոխակերպումների օրինաչափությունների և միջուկային ռեակցիաների մասին։ Ատոմային միջուկը միմյանց հետ ուժեղ կապված պրոտոնների ու նեյտրոնների քվանտամեխանիկական համակարգ է, որը բնութագրվում է գրգռված վիճակների կամ մակարդակների ընդհատ սպեկտրով։ Հետազոտելով միջուկի մի վիճակից մյուսին անցմանն ուղեկցող միջուկային ճառագայթումը, որը կապված է միջուկի էներգետիկ մակարդակների հետ, կարելի է տեղեկություններ ստանալ միջուկի կառուցվածքի վերաբերյալ։ Այդ պատճառով միջուկային ճառագայթման հետազոտությունը միջուկային սպեկտրոսկոպիայի հիմնական մեթոդն է։ Մակարդակների սպեկտրը և դրանց բնութագրական մեծություններն ուսումնասիրվում են α-, β-, γ- ճառագայթների գրանցման միջոցով։ Միջուկն առաքելով α- և β- ճառագայթներ, անցնում է հարևան միջուկների ցածր մակարդակներին, իսկ γ-ճառագայթումն ու կոնվերսիոն էլեկտրոնների առաքումն ուղեկցում են գրգռված վիճակից նույն միջուկի անցմանը ավելի ցածր էներգետիկ մակարդակի։ α-, β- և γ- ճառագայթների հետազոտման մեթոդները զգալիորեն տարբերվում են իրարից, ուստի միջուկային սպեկտրոսկոպիան բաժանվում է α-, β-, γ- սպեկտրոսկոպիայի։ Միջուկային սպեկտրոսկոպիայի մեթոդների համար անհասանելի տեղեկությունները միջուկների գրգռված բարձր մակարդակների մասին ստացվում են միջուկային ռեակցիաներից։ Դա պայմանավորված է նրանով, որ զգալիորեն մեծացել է ռեակցիաներից ստացվող մասնիկների էներգիայի ու կինեմատիկական պարամետրերի չափման ճշտությունը։ Փորձարարական միջուկային սպեկտրոսկոպիայի մեթոդներով որոշվում են միջուկների կառուցվածքի հետ կապված հետևյալ բնութագրական մեծությունները, մակարդակների միջև անցումների էներգիան և ինտենսիվությունը, միջուկների գրգռված մակարդակների սպինները և զույգությունը՝ γ-ճառագայթման մուլտիպոլության չափման ու β-անցումների բնույթի որոշման միջոցով, այդ մակարդակների կյանքի տևողությունը։ Ժամանակակից միջուկային սպեկտրոսկոպիայի տեխնիկական միջոցների զինանոցը խիստ բազմազան է։ Լայն գործածություն են գտել մագնիսական սպեկտրոմետրերը, գամմա-սպեկտրոմետրը, միջուկային ճառագայթման տարբեր դետեկտորները, կիսահաղորդչային դետեկտորը և այլն։ Միջուկային սպեկտրոսկոպիայի մեթոդները կիրառվում են միջուկային բոլոր հետազոտություններում, ինչպես նաև կենսաբանության, բժշկության մեջ, քիմիայում, տեխնիկայի տարբեր բնագավառներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 604 CC-BY-SA-icon-80x15.png