Մեքենայական արտադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մեքենայական արտադրություն, հասարակական արտադրության զարգացման պատմական աստիճան, որի տեխնիկական հիմքը մեքենաներն են։ Կազմավորվել է կապիտալիզմի ժամանակ և եղել դրա լինելիության նյութական հիմքը։ Մեքենայական արտադրությունը փոխարինել է ավատատիրական դարաշրջանի մանր, մասնատված և ձեռքի տեխնիկայի վրա հիմնված արհեստային արտադրությանը։ Խոշոր մեքենայական արտադրության զարգացմամբ ավարտվել է արտադրության կապիտալիստական եղանակի ձևավորումը։ Մեքենայական արտադրության նյութական և տնտեսական նախադրյալները ստեղծվել են մանուֆակտուրային արտադրության պայմաններում։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման շնորհիվ մասնագիտացան աշխատանքի գործիքները և բանվորները, դրանով իսկ պայմաններ ստեղծվեցին ձեռքի աշխատանքի գործիքները մեքենաներով փոխարինելու համար։ Մեքենայական տեխնիկայի զարգացման հիման վրա մանուֆակտուրային արհեստանոցը վերափոխվեց կապիտալիստական ֆաբրիկայի։ Զարգացման որոշ աստիճանում մեքենայական արտադրությունը հեղաշրջեց մանուֆակտուրայի տեխնիկական հիմքը և ստեղծեց իրեն համապատասխան տեխնիկական բազիս։ Խոշոր արդյունաբերության հիմքը դարձավ մեքենան, սկսվեց մեքենայի միջոցով մեքենայի արտադրությունը։ Խոշոր մեքենայական արտադրությունն առաջացավ արդյունաբերական հեղաշրջման հետևանքով, որն սկիզբ առավ Անգլիայում 18-րդ դարի 2-րդ կեսին և ընդգրկեց Արևմտյան Եվրոպայի մյուս երկրները, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և այլն։

Իր բնույթի շնորհիվ, մեքենայական արտադրությունը բազմափուլ տեխնոլոգիական արտադրական գործընթաց է, պարտադրում է աշխատանքային գործընթացի համագործակցային բնույթ` աշխատանքի բաժանման բարձր մակարդակով։ Արտադրության միջոցների կենտրոնացումը մեծանում է, և արտադրության կազմակերպումը դառնում է տեխնիկական անհրաժեշտություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 500 CC-BY-SA-icon-80x15.png