Մետապլազիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետապլազիա
 Metaplasia Վիքիպահեստում

Մետապլազիա (< հուն․ μεταπλάσις — վերափոխություն), հյուսվածքափոխություն, հյուսվածքի մի տարատեսակի վերափոխումը այլ տեսակի, որը նախորդից տարբերվում է մորֆոլոգիապես և ֆունկցիայով՝ պահպանելով տեսակային պատկանելությունը։ Տերմինն առաջարկել Է. Ռ․ Վիրխովը (1884)։ Մարդու և կենդանիների մոտ նկատվում է միայն էպիթելային և շարակցական հյուսվածքների Մետապլազիա՝ լորձաթաղանթների (շնչառական, մարսողական ուղիների, արգանդի) գլանաձև էպիթելի փոխակերպումը բազմաշերտ տափակ եղջերացող էպիթելի (մաշկի էպիդերմիսի նման), ինչպես նաև թելավոր շարակցական հյուսվածքինը՝ ճարպայինի, աճառայինի կամ ոսկրայինի։ Տարբերում են ուղղակի մետապլազիա, որի դեպքում մի հյուսվածքը փոխակերպվում է այլ հյուսվածքի՝ դրա կառուցվածքային տարրերի փոփոխման շնորհիվ, և անուղղակի, երբ նոր հյուսվածքի զարգացումն իրականանում է չտարբերակված բջիջների բաժանմամբ և հետագա տարբերակմամբ։ Մետապլազիայի պատճառ կարող են դառնալ արտաքին միջավայրի փոփոխությունները, հյուսվածքների երկարատև բորբոքային պրոցեսները, ավիտամինոզ A-ն, արյունաստեղծ օրգանների, վարակիչ հիվանդությունները, հորմոնային տեղաշարժերը ևն։ Մ․ խախտում է հյուսվածքի բնականոն գործունեությունը և կարող է հանգեցնել չարորակ ուռուցքի սկզբնավորման։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետապլազիա» հոդվածին։