Մետաղագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մետաղագիտություն, գիտություն, որն ուսումնասիրում է մետաղների և համաձուլվածքների բաղադրության, կառուցվածքի և հատկությունների միջև եղած կապը, ինչպես նաև տարբեր տեսակի ներգործությունների (քիմիական, ջերմային, մեխանիկական) հետևանքով առաջացող փոփոխությունների օրինաչափությունները։ Որպես ինքնուրույն գիտություն մետաղագիտությունը ծագել և ձևավորվել է XIX դարում՝ մետաղաբանության անվան տակ։ «Մետաղագիտություն» տերմինը մտցվել է XX դարի 20-ական թվականներին Գերմանիայում (Metallkunde), իսկ «մետաղաբանություն» տերմինն առաջարկվել է պահպանել միայն ․մետաղների և համաձուլվածքների միկրո- և մակրոկառուցվածքների ուսումնասիրման համար։ Մետաղագիտության զարգացման առաջին փուլում (XIX դարի 70-ական թվականներ) ուսումնասիրվել են մետաղների միկրոկառուցվածքը, տեխնիկական մետաղների և համաձուլվածքների հատկությունների վրա ջերմային մշակման ազդեցությունը։ Ստեղծվել է մետաղական համակարգերի վերլուծության ֆիզիկաքիմիական եղանակ, ձևակերպվել են մետաղական նյութերի որակի գնահատման կարևորագույն չափանիշները, մշակվել որակյալ և լեգիրացված պողպատի արտադրության հիմունքները։ Մետաղագիտության պատմության նոր փուլը սկսվել է XX դարի 20-ական թվականներին՝ ռենտգենակաոուցվածքային վերլուծության կիրառմամբ։ Վերջինս հնարավորություն տվեց բացահայտելու մետաղների ատոմական կառուցվածքի՝ ջերմային, քիմիական և մեխանիկական մշակման հետևանքով առաջացած փոփոխությունների օրինաչափությունները։ Մետաղագիտության զարգացման այս ժամանակաշրջանը բնութագրվում է ֆիզիկայի նորագույն մեթոդների լայն օգտագործմամբ (տես Մետաղաֆիզիկա, Էլեկտրոնագրաֆիա, Նեյտրոնագրաֆիա)։ Ռենտգենակառուցվածքային վերլուծությունից բացի մետաղների ատոմաբյուրեղային կառուցվածքի ուսումնասիրման համար կիրառվում է էլեկտրոնային սպեկտրոսկոպիան, որը հնարավորություն է տալիս բացահայտելու համաձուլվածքների կառուցվածքի տեղային խախտումները (տես Արատանշում)։ Մետաղագիտությունը պայմանականորեն բաժանվում է տեսականի և կիրառականի (տեխնիկական)։ Տեսական մետաղագիտությունն ուսումնասիրում է տարբեր ներգործություններից մետաղներում և համաձուլվածքներում տեղի ունեցող պրոցեսների հիմունքներն ու կառուցվածքի օրինաչափությունները։ Տեսական մետաղագիտության հիմնական բաժիններն են․ մետաղների և համաձուլվածքների մետաղական վիճակի և ֆիզիկական հատկությունների տեսությունը, բյուրեղացումը, մետաղներում և համաձուլվածքներում ֆազային հավասարակշռությունը, դիֆուզիան, պինդ վիճակում ֆազային փոխակերպումները, պլաստիկ դեֆորմացիայի, ամրության, քայքայման և վերաբյուրեղացման պրոցեսների տեսությունը։ Կիրառական մետաղագիտության խնդիրներն են․ մետաղական նյութերի կոնկրետ խմբերի (օրինակ, երկաթածխածնային համաձուլվածքների, կառուցվածքային պողպատի, չժանգոտող պողպատի, մագնեզիումի համաձուլվածքների և այլն) բաղադրության, կառուցվածքի, մշակման տեխնոլոգիական պրոցեսների և հատկությունների ուսումնասիրությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 475