Էլեկտրոնագրաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրոնագրաֆիա, (էլեկտրոն և … գրաֆիա), նյութերի կառուցվածքի հետազոտման մեթոդ, որի հիմքում ընկած է էլեկտրոնների դիֆրակցիայի երևույթը։ Վերջինս պայմանավորված է էլեկտրոնների ալիքային հատկություններով։ Երբ էլեկտրական դաշտում արագացված էլեկտրոնների փունջն ընկնում է նյութի վրա և ցրվում տարբեր ատոմներից, դիֆրակցիոն պատկեր է առաջանում։ Եթե նմուշը բաղկացած է միմյանց նկատմամբ կանոնավոր դասավորված խոշոր բյուրեղներից, ապա էլեկտրոնագրաֆով ստացվող պատկերի՝ էլեկտրոնագրամի վրա երևան են գալիս ցանցի ձևով բաշխված լուսավոր բծեր, իսկ եթե բյուրեղները մանր են և անկանոն դասավորություն ունեն, ապա էլեկտրոնագրամի վրա ստացվում են համակենտրոն օղակներ։ Հայտնի են նաև այլ տիպի էլեկտրոնագրամներ։ Դիֆրակցիա առաջացնող էլեկտրոնների ալիքի երկարությունը կախված է արագացնող էլեկտրական դաշտի պոտենցիալների տարբերությունից. Ս=100 կվ պոտենցիալների տարբերության դեպքում : Նյութի մեջ այսպիսի էլեկտրոնների թափանցման խորությունը 1000A կարգի մեծություն է, ուստի էլեկտրոնագրաֆիան բարակ թաղանթների և նյութի մակերևութային շերտերի կառուցվածքի հետազոտման անփոխարինելի մեթոդ է։ Էլեկտրոնագրամների ուսումնասիրության, այսինքն՝ տարբեր անդրադարձումների միջե եղած հեռավորությունների, բծերի, գծերի կամ օղակների լայնությունների և սևացման աստիճանի չափման միջոցով հնարավոր է պարզել նմուշի պատկանելությունը բյուրեղային այս կամ այն ընտանիքին (սինգոնիա), որոշել տարրական բջջի պարամետրերը, նմուշում պարունակվող տարբեր բյուրեղների փոխդասավորությունը ևն։ Այս տվյալների հիման վրա պատկերացում է կազմվում նմուշի ներքին կառուցվածքի մասին։ Բյուրեղներում ծանր տարրերի ատոմների առկայության դեպքում թեթև տարրերի ատոմների դիրքը որոշելու համար է. շատ ավելի հարմար է, քան ռենտգենոգրաֆիկ մեթոդը, քանի որ էլեկտրոնները ցրվում են միջուկներից և էլեկտրոնային թաղանթների ստեղծած էլեկտրաստատիկ պոտենցիալներից, իսկ ռենտգենյան ճառագայթները՝ ատոմների էլեկտրոնային թաղանթներից։ Էլեկտրոնագրաֆիան լայնորեն կիրառվում է մետաղների և դրանց օքսիդացման պրոցեսների, օքսիդների, համաձուլվածքների, որոշ հանքատեսակների (օրինակ՝ կավային) կառուցվածքի, նյութերում առաձգական և ոչ առաձգական դեֆորմացիաների պատճառով առաջացած լարումների ուսումնասիրման համար։ Էլեկտրոնագրաֆիան նաև գազերում և գոլորշիներում մոլեկուլների կառուցվածքի հետազոտման արդյունավետ մեթոդ է։ Միկրոէլեկտրոնիկայի զարգացման հետ ներկայումս մեծացել է էլեկտրոնագրաֆիաի դերն ու նշանակությունը մետաղական, կիսահաղորդչային և ամորֆ թաղանթների կառուցվածքի ուսումնասիրման գործում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 31