Մեծ համամ (Նիկոսիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեծ համամից)

Մեծ համամ (հունարեն՝ Μπουγιούκ Χαμάμ Mpougioúk Chamám), թուրքական բաղնիք Նիկոսիայի հյուսիսում գտնվող Իփլիկ բազար-Քորքութ էֆենդի թաղամասում։ Այն գտնվում է Իփլիկ բազարի մզկիթի մոտակայքում։ Ժամանակի ընթացքում բաղնիքի շուրջ գտնվող հողի շերտի բարձրացման պատճառով դուռն այժմ գտնվում է հողի մակերևույթից 2 մետր ներքև, իսկ բաղնիքի սենյակները՝ 3 մետր ներքև[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին եկեղեցու նախամուտքը

Բաղնիքի տարածքում 1306-1309 թվականներին կառուցված է եղել Լուսինյանների Սուրբ Գևորգ եկեղեցին, որի բացումն իրականացվել է մեծ շուքով[1]։ 14-րդ դարում երկու կարևոր իրադարձություններ տեղի են ունեցել հենց այս եկեղեցում։ 1330 թվականի նոյեմբերի 10-ին Պեդիեոս գետը հեղեղել է Նիկոսիան՝ անցնելով քաղաքի պարիսպներից ներս։ Ջրհեղեղի արդյունքում զոհվել է 3000 հոգի, իսկ այն տեղը, մինչև ուր հասել է ջուրը, նշված է լուսինյան շրջանի մեխով։ 1369 թվականի հունվարի 17-ին եկեղեցին եղել է դավադրության վայր, որտեղ որոշ ասպետներ ծրագրել են Կիպրոսի Պետրոս I թագավորի սպանությունը։ Ըստ Գևորգ Քեշիշյանի՝ եկեղեցին արքունական պալատի մոտակայքում է գտնվել, ուստի ունեցել է կարևոր նշանակություն․ ծխի անդամները կոչվել են «խառնածիններ», քանի որ նրանք լատինների և սիրիացիների միջև խառնամուսնությունների ծնունդ են եղել[2]։

Ըստ Ջորջ Ջեֆրիի՝ չնայած որոշ մարդիկ նշում են, որ այս շինությունը 14-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցին է, որևէ ապացույց չկա այս պնդումը հաստատելու համար։ Այս տեսությունն անտեսում է այն փաստը, որ չնայած շինությունը արտաքնապես նման է միջնադարյան եկեղեցու, այն չի համապատասխանում նմանատիպ շենքերի պլանավորմանը։ Արևելքից արևմուտք կառուցվելու փոխարեն՝ այն կառուցված է հյուսիսից հարավ այնպես, որը գրեթե անհնար կլիներ մինչև վենետիկյան տիրապետության շրջանը[3]։

Շենքը՝ որպես թուրքական բաղնիք, վերակառուցվել է 1571-1590 թվականների ընթացքում՝ կղզում օսմանյան տիրապետության առաջին տարիներին[1]։ Այն պատկանել է Մուսթաֆա փաշայի վակֆին, և անհատները վարձակալել են այն՝ կառավարելու նպատակով։ Օրինակ՝ ենիչերի Հաջի Մեհմեդ Ռաջիլը 1593 թվականից 16 տարով նշված է որպես բաղնիքի վարձակալ[4]։ Օսմանյան ժամանակաշրջանում այն հանրաճանաչ կենտրոն է եղել, որտեղ կանայք շփվել են, նորություններ են փոխանակել և սնվել[2]։ 1891 թվականին, երբ «sıcaklık» (տաք տեղ) հատվածի մարմարե սալիկները ապամոնտաժվել են, պարզվել է, որ դրանցից մեկը միջնադարյան գերեզմանաքար է, որն էլ տեղափոխել են թանգարան[5]։ Բաղնիքի եռարանը քարից է եղել, սակայն երբ կառավարիչը դժգոհել է, որ չափազանց շատ փայտ է պահանջվում տաքացնելու համար, և դա նվազեցնում է եկամուտները, քարը փոխարինվել է պղնձով[6]։

Բաղնիքը վերանորոգվել է 2007 և 2008 թվականներին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օգնությամբ՝ օգտագործելով տեխնիկա, որն ընդգծում է բաղնիքի բնօրինակ առանձնահատկությունները[6]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղնիքը կազմված է երեք մասից՝ «soyunmalık» (հանդերձարան), որտեղ հաճախորդները փոխում են իրենց հագուստները, «ılıklık», որը նշանակում է «տաք տեղ», և «sıcaklık», որը նշանակում է «շոգ տեղ»։ Ըստ Հաշմեթ Մուզաֆեր Գյուրքանի՝ «հանդերձարանի» հատվածը լատինական եկեղեցու մնացորդներից է կազմված[7]։ «Շոգ տեղում», որը բաղնիքի հիմնական հատվածն է համարվում, կա մի մեծ գմբեթ և կենտրոնական մերսման հարթակ։ Աշլար շենքը միհարկանի է։ Մուտքի կամարն ունի գոթական ռելիեֆ և դեկորատիվ տարրեր, քանի որ այն, ինչպես նաև «հանդերձարանի» հատվածի պատուհանագոգերը, լատինական եկեղեցու մնացորդներ են[1]։

Ներկայիս կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինությունը պատկանում է Էվքաֆ ադմինիստրացիային, որը ոչ առևտրային կազմակերպություն է, ավելի կոնկրետ՝ «Լալա Մուսթաֆա փաշա վաքֆին»։ Այն Կիպրոսի հյուսիսային հատվածում գործող միակ ինքնատիպ թուրքական բաղնիքն է[1]։ Այն կարևոր զբոսաշրջային վայր է, որտեղ կարելի է ծանոթանալ ավանդական թուրքական բաղնիքին։ Մեծ համամն առաջարկում է ավանդական մեթոդներով մերսում անուշաբույր յուղերով և փրփուրով։

Որոշ ժամեր նախատեսված են տեղացիների համար, իսկ որոշ ժամեր էլ՝ զբոսաշրջիկների։ Տեղացիների համար նախատեսված ժամերն առանձնացված են ըստ սեռերի. որոշ օրեր նախատեսված են կանանց համար, այլ օրեր՝ տղամարդկանց։ Իսկ զբոսաշրջիկների դեպքում նման տարանջատում չկա[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Mimari» (Turkish). Büyük Hamam. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 Keshishian, Kevork K. Nicosia: Capital of Cyprus Then and Now (2nd ed.). Nicosia: The Moufflon Book and Art Centre. էջ 200.
  3. "A Description of the Historic Monuments of Cyprus" by George Jeffery,Architect .Publ. Government Printing Office, Nicosia, 1918.
  4. Jennings, Ronald C. (1993). Christians and Muslims in Ottoman Cyprus and the Mediterranean World, 1571-1640. New York and London: New York University Press. էջ 113.
  5. «Tarihçe». Büyük Hamam, official website. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին. «For example, in 1891, when the marble plaques on the floor were disassembled, it was realized that one of them was a medieval tombstone and that one was transported to a museum.»
  6. 6,0 6,1 «Tarihçe» (Turkish). Büyük Hamam. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Gürkan, Haşmet Muzaffer. Dünkü ve Bugünkü Lefkoşa (Turkish) (3rd ed.). Galeri Kültür. էջեր 164–5. ISBN 9963660037.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Büyük Hamam, yabancıların gözdesi oldu» (Turkish). Haber KKTC - Star Kıbrıs. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)