Մեծամոր (հնագույն բնակատեղի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեծամոր (այլ կիրառումներ)

Մեծամոր, հնագույն ամրոց-բնակատեղի Արարատյան դաշտում, Մեծամոր գետի ակունքներին մոտ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Երևանից մոտ 30 կմ արևմուտք։ 1965 թվականից Մեծամորում պարբերաբար պեղումներ է կատարում ՀՍՍՀ ԴԱ կոմպլեքսային արշավախումբը, ինչպես նաև ՀՀ հնագիտական խմբերը։ Բուն անունը հայտնի չէ, ուստի հնավայրը գետի անունով կոչվել է Մեծամոր։ Հնագույն բնակատեղին գտնվում է միջին անթրոպոգենեզի շրջանի հրաբխային կոներից մեկի վրա և շրջակա հարթավայրերում, ունի 30 հա տարածք։ Գրեթե բոլոր կողմերից շրջապատված է ջրերով, հս-արմ-ից եզերվում է Մեծամոր գետով, իսկ արևելքից պաշտպանվել է արհեստական խրամաա-շրապատնեշով։ Հնագիտական պեղումներով ապացուցվում է, որ մ․ թ․ ա․ 4-րդ հազարամյակի կեսերից մինչև ուշ միջնադար անընդմեջ բնակեցված է եղել։ Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի դարաշրջանի (վաղ, միշին և ուշ) փուլերին, վաղ և զարգացած երկաթի ժամանակաշրջանին (նախաուրարտական, ուրարտական և անտիկ), միջնադարին։ Մ․ Արարատյան դաշտի վաղ բրոնզի դարաշրջանի (մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակ) մշակույթի կենտրոններից մեկն է։ Մեծ բլուրի վրայի ամրոցը պաշտպանված է եղել աշտարակավոր կիկլոպյան պարսպով, որից դուրս, լայնադիր դարավանդներում կառուցված են եղել կացարաններն ու տնտեսական շինությունները։ Հայտնաբերված նյութերն ապացուցում են, որ Մեծամորում զարգացած են եղել երկրագործությունը, անասնապահությունը և արհեստները։ Պաշտամունքային նշանակությանը զուգընթաց Մ-ի փոքր բլրաշարքն ունեցել է նաև աստղագիտական նշանակություն, և, ինչպես ուսումնասիրություններն են հավաստում, մ․ թ․ ա․ 2800—2600 թվականներին այնտեղ դիտվել է Սիրիուսի ծագելը (որի երևան գալը հավանաբար կապել են նոր տարվա սկզբի հետ և երկրպագել)։ Մ-ում բաց երկնքի տակ կատարվող ծիսական արարողություններին ծառայող զիկկուրատ-աստղադիտարանի և Մոխրաբլուրի մոնումենտալ աշտարակի ուսումնասիրությունների հիման վրա հավանական է համարվում այդ տաճարների շուրջը գյուղական համայնքների համախմբման ու քաղաքների առաջացման հնարավորությունը, այսինքն՝ մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհում «քաղաքային հեղափոխության» առկայությունը, որի հետևանքով խարխլվեցին նախնադարյան հասարակարգի հիմքերը։ Հնագիտական ուշագրավ նյութերով են հագեցված մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակի մշակութային շերտերը, որոնք հիմնավորում են այն ծագումնաբանական կապը, որ գոյություն ունի բրոնզի դարաշրջանի զարգացման փուլերի միջև։ Վաղ երկաթի դարաշրջանում (մ․ թ․ ա․ 11—9-րդ դդ․) Մ․ քաղաք էր։ Այն իր միջնաբերդով և դեպի համանուն լճակը տարածվող հարթավայրում կառուցված քաղաքով զբաղեցրել է մոտ 80 հա մակերես։ Հզոր կիկլոպյան պարիսպներով պաշտպանված ամրոցում հիմնականում կենտրոնացվել են իշխանավորների և քրմական դասի բնակելի շինությունները, տաճարական համալիրն ու գլխավոր արտադրական միավորները (ձուլարաններ, արհեստանոցներ, մետաղի հարստացման կառույցներ)։ Նախաուրարտ․ քաղաքը բաղկացած է եղել միջին և ստորին խավերի բնակելի թաղամասերից։ Քաղաքն ունեցել է առանձին սրբատեղի, որի մի հատվածը պահպանվել է «Կարմիր քարեր» կոչվող տեղամասում։ Պեղածո նյութերից երևում է, որ քաղաքի բնակչությունը զբաղվել է արհեստներով, առևտրով, երկրագործությամբ, այգեգործությամբ բանջարաբոստանային մշակույթով։ Գոյություն է ունեցել ձուլման գործի հետ կապված խոշոր արտադրություն, որի մասին վկայում են աղյուսակերտ և գլանաձև ձուլարանները, դրանց մոտ հայտնաբերված թափոնների կույտերն ու ձուլման կաղապարները։ Մ-ում խոշոր չափերով զարգացած անասնապահությունը նպաստել է գույքային շերտավորման խորացմանը։

Ներկայումս ենթադրվում է, որ Մեծամորի հնավայրը հավանաբար Մար Աբաս Կատինայի նկարագրած Հայոց առաջին մայրաքաղաք Արմավիրն է /Արամալի/, և Մ. Խորենացին օգտվելով Կատինայի գրառումներից՝ այն շփոթել է ավելի ուշ կառուցված բուն Արմավիրի /Արգիշտիխինիլի/ հետ, քանի որ 5-րդ դարում Արամալին գոյություն չուներ, իսկ Արգիշտիխինիլիի ավերակները դեռ պահպանվում էին, բացի այդ երկու քաղաքներն էլ իրենց աշխարհագրական դիրքով և նկարագրությամբ բավական նման են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 439 CC-BY-SA-icon-80x15.png