Մեխանիզատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վաղուց է, որ մեզ մոտ հողը եզներով կամ ձիերով չեն վարում։ Չէ որ մեկ ձին մեկ ձիաուժ է։ Ձին կարող էր քաշել միայն մեկ խոփանի գութան։ Այժմ գարնանը արևից ջերմացած դաշտերն է դուրս գալիս մետաղե մի հսկա, «պողպատե ձին»՝ տրակտորը։ Նրա հզորությունը 30-40 ձիաուժ է։ Այն իր ետևից քաշում է չորս կամ հինգ խոփանի գութան և մի անցումով վարում մոտ մեկուկես մետր լայնությամբ հողաշերտ։ Իսկ գութանին կցում են տափաններ, որոնք անմիջապես փխրեցնում են կոշտուկները, այլպես հողը շուտ կչորանա։ Գալիս է ցանքի ժամանակը, և նորից տրակտորն իր ետևից քաշում է երեք կամ հինգ շարքացան, որոնցից յուրաքանչյուրը ցանում է ավելի քան երեքուկես մետր լայնությամբ մի հողաշերտ։ Հետո էլ պետք է ցանքսը խնամել՝ ոչնչացնել մոլախոտերը, փխրեցնել հողը։ ԵՎ նորից դաշտ է դուրս գալիս տրակտորը, այս անգամ՝ կուլտիվատորներով՝ հողը փխրեցնող ու պարարտացնող, մոլախոտերը ոչնչացնող սարքերով։ Խոտը հնձում, հավաքում ու դեզերով կտիում են դարձյալ մեքենաները։ Հացահատիկն արդեն հասունացել է։ Արտով մեկ իրար ետևից շարժվում են կոմբայնները՝ արտերի նավերը։ Կոմբայնը հնձում է հասկերը, կալսում, և մաքուր հացահատիկը լցվում է կոմբայնի կողքով շարժվող մեքենայի թափքի մեջ։ Այժմ դաշտային գրեթե բոլոր աշխատանքները կատարում են մեքենաները։ Այդ մեքենաները կառավարում է մեխանիզատորը։ Նա լավ գիտե մեքենաների, նրանց շարժիչների կառուցվածքը, գիտե թե հստակ ու անխափան աշխատանքի համար ինչպես պետք է դրանք կարգի բերել։ Ցանքի կամ բերքահավաքի թեժ օրերին մեքենաները պարապուրդ չպետք է տան։ Մեխանիզատորից է կախված բրիգադների և կոլտետեսության բոլոր մեքենաների աշխատանքը։ Իսկ մեքենաների հստակ, դաշտային բոլոր աշխատանքների կատարումը ժամանակին, հետևաբար նաև լավ բերքը։ Ահա թե ինչու այժմ մեխանիզատորի մասնագիտությունն ամենակարևորն է գյուղատնտեսության մեջ։