Մարեն Էլիզաբեթ Բանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարեն Էլիզաբեթ Բանգ
Ծնվել է1797
ԾննդավայրKongsvinger, Հեդմարկ, Նորվեգիա
Մահացել էհուլիսի 3, 1884(1884-07-03)
Մահվան վայրՕսլո, Շվեդ-նորվեգական միություն
ՔաղաքացիությունՆորվեգիա
Մասնագիտությունհեղինակ և խոհարար

Մարեն Էլիզաբեթ Բանգ (նորվ.՝ Maren Elisabeth Bang, 1797, Kongsvinger, Հեդմարկ, Նորվեգիա - հուլիսի 3, 1884(1884-07-03), Օսլո, Շվեդ-նորվեգական միություն), խոհարարական գրքերի և տնային տնտեսության ուղեցույցների նորվեգացի հեղինակ: 1831 թվականին նորվեգերեն տպագրված առաջին խոհարարական գրքի՝ «Huusholdnings-Bog, indrettet efter den almindelige Brug i norske Huusholdninger» հեղինակն է: Նրա վաղ ստեղծագործություններն եղել են անանուն: 1942 թվականից գրքերը հրատարակել է իր անունով[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարեն Էլիզաբեթ Բանգը ծնվել է Հանս Արնտ Պուլսենի (1768-1809) և Սարա Էլիզաբեթ Բերգստրյոմի (1770-1845) ընտանիքում: Մանկությունն անցել է Նորվեգիայի հարավ-արևմուտքում: 1817 թվականին ամուսնացել է լեյտենանտ Լորից Քրիստիան Սթին Բանգի հետ, ով Քրիստիանիայում (այժմ՝ Օսլո) նորվեգական բանկում աշխատելիս յուրացման համար ազատազրկվել է 1829-1839 թվականներին: Ամուսնու բանտարկության տարիներին Մարեն Բանգն ապրուստը վաստակել է մթերք վաճառելով կա՛մ տանից, կա՛մ առաքելով: Նա բոլոր բաղադրատոմսերը գրառել է իր 1831 թվականին առաջին անգամ տպագրված «Huusholdnings-Bog, indrettet efter den almindelige Brug i norske Huusholdninger» (Տնային տնտեսության ուղեցույց. պատրաստված է համաձայն նորվեգական տնային տնտեսության նորմալ պրակտիկայի) գրքում, որը վերահրատարակվել է 1834 և 1838 թվականներին: Նրա բաղադրատոմսերի ընտրանին հրատարակվել է 1835 թվականին՝ «Den Norske Kokkepige» (Նորվեգացի խոհարարուհին)[2]:

Հետագայում լույս են տեսել «Huusholdningsbog for Almuen» (Ընդհանուր օգտագործման տնային տնտեսություն), «Slagtebog» (Charcuterie), «Almindelig Syltebog» (Պահածոյացում և մարինացում), «Nyttige Huusraad» (Տնային տնտեսության օգտակար խորհուրդներ), «Bagebog» (Թխվածքներ) և «Praktisk Farve-Bog for Almuen» (Ներկելու գործնական մեթոդներ) գրքերը[2][3]:

1849 թվականին զույգը տեղափոխվել է Քրիստիանիա, որտեղ լեյտենանտ Բանգն ունեցել է ռեստորան: 1862 թվականին ամուսնու մահից հետո Մարեն Բանգը վերսկսել է գրել, վերանայել է իր վաղ աշխատանքները և հրատարակել «Vinbog» (Գինիների գիրք) և «Raad og Veiledning for Landmanden» (Խորհրդատվություն և ուղեցույց գյուղական բնակչության համար)[2]:

Կյանքի վերջին տարիները Բանգն անց է կացրել Քրիստիանիայում, որտեղ մահացել է 1884 թվականի հուլիսի 3-ին սուր գաստրոէնտերիտից[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Maren Elisabeth Bang» (Norwegian)։ Store norske leksikon։ Վերցված է 19 November 2016 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Maren Elisabeth Bang» (Norwegian)։ Norsk biografisk leksikon։ Վերցված է 19 November 2016 
  3. «Noen virkelig gamle kokebøker»։ Bodils lille blogg։ 2013-04-03։ Վերցված է 2016-11-22