Մարգարիտ Սարվարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտ Սարվարյան
Ծնվել է1885
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել է1952
Մահվան վայրԹեհրան, Իրան
Մասնագիտությունմանկավարժ և դաստիարակ
ԱշխատավայրՀայկազյան դպրոց

Մարգարիտ Սարվարյան (օրիորդական ազգանունը` Հարությունյան, 1885, Թիֆլիս - 1952, Թեհրան, Իրան), իրանահայ մանկավարժ, կրթադաստիարակչական երախտավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտ Սարվարյանը ծնվել է 1885 թվականին Թիֆլիսում[1]։ Նախնական կրթությունն ստացել է տեղի հայկական, միջնակարգը՝ ռուս-վրացական դպրոցներում։ Ավարտել է Ֆրոբելյան մանկավարժական բարձրագույն դպրոցը։ Ուսմանը զուգահեռ 1901 թվականից Թիֆլիսում ծավալել է ուսուցչական գործունեություն։ 1905 թվականին Թեհրանի «Հայկազյան» դպրոցների տեսչության հրավերով մեկնել է Իրան, որտեղ սկսել է իր մանկավարժական գործունեության հիմնական շրջանը մինչև 1951 թվական։ Դասավանդել է Թեհրանի Դարվազե Ղազվին և Հասանաբադ թաղամասերի հայկական դպրոցներում։ Թեհրանում կրթա-դաստիարակչական գործունեությանը զուգահեռ մասնակցել է դպրոցին կից կազմակերպված Թատերասեր ընկերության բեմադրություններին, որտեղ ծանոթացել է Մկրտիչ Սարվարյանի հետ, և նրանք ամուսնացել են։

1910 թվականին Թեհրանում հիմնադրել է առաջին հայկական մանկապարտեզը՝ 37 սանով։ Մանկապարտեզն աշխատել է երկու տարի և փակվել է Սարավյանի Թիֆլիս տեղափոխվելու պատճառով[1]։ Վերադառնալով Թեհրան` դասավանդել է «Հայկազյան» դպրոցում։ 1920 թվականին դարձել է Թեհրանի բարեգործական միության մանկապարտեզի տնօրեն։ 1928 թվականին ԹՀԵԴՆԱ (Թեհրանի «Հայկազյան» երկսեռ դպրոցի նախկին աշակերտներ) միության նախաձեռնությամբ նշվել է Սարվարյանի մանկավարժական գործունեության 25-ամյա հոբելյանը։ 1935 թվականին, մանկավարժական աշխատանքին զուգընթաց, սկսել է մանկա-պատանեկան «Նոր հասկեր» երկշաբաթաթերթի հրատարակությունը, որը հրատարակվել է Սարվարյանի և նրա ընտանիքի անդամների ջանքերով։ Սարվարյանը թատրոնում աշխատել է նաև որպես դերասանուհի[1]։

1945 թվականին Սարվարյանը հիմնադրել է Իրանի հայկական մանկապարտեզներից մեկը` «Մանուկների պալատը», որտեղ 1951-1952 թվականներին հաճախել են 700 երեխաներ[2]։

Մարգարիտ Սարվարյանը մահացել է 1952 թվականի հունվարի 27-ին Թեհրանում[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղջիկը աշխատանք է փնտրում, Էյզներ, Ն., Մարգարիտ Սարվարյան, Թեհրան։ Նոր հասկեր, 1952 թ.[3]:
  • Արծվիկ։ Պատմվածք, Զարեչնայա, Ս., Մարգարիտ Սարվարյան, Երևան։ Հայպետհրատ, 1944 թ.:
  • Ռազմական գաղտնիք։ Պատմվածք, Շեյնին, Լև, Մարգարիտ Սարվարյան, Թեհրան, Ալվան, 1952 թ.:
  • Վայրենին, Վոզնեսենսկի, Ալ., Մարգարիտ Սարվարյան, Թեհրան, Ալվան, 1951 թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
  2. ««Բուստան» դպրոցը - «ԱԼԻՔ» Օրաթերթ». alikonline.ir. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.(չաշխատող հղում)
  3. «Կոհա առցանց քարտարան, Սարվարյան, Մարգարիտ». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.