Մասնակից:Meri Stepanyan/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոմա
ՏեսակՊոեմ
ԺանրՊոեմ
ՁևՉափածո
Բնագիր լեզուՀայերեն
Գրվել է1918
Առաջին ներկայացում1918
Առաջին
ներկայացման վայր
Կարմիր բանակ
ՎիքիդարանMeri Stepanyan/Ավազարկղ3


Սոմա, հայ գրող Եղիշե Չարենցի հայտնի պոեմներից, գրված 1918 թվականի հունիս-հուլիս ամիսներին, Կարմիր բանակում։

Անվան բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոման հին հնդկական կրոնում ուրախության, առույգության ու քաջության աստվածն է։ Փոխաբերական գործածությամբ գեղարվեստական գրականության մեջ նշանակում է սիրո ու խնդության խորհրդանիշ: Սոման առաջացել է sauma՝ «ճզմել» բայից, պարսիկների մոտ՝ խաօմա։ Հին Հնդկաստանում աստվածային խմիչք էր, որը քուրմերը հատուկ բույսի տերևներից ճզմում էին և օգտագործում կրոնական ծիսակատարություններին: Այդպես էր նաև այդ խմիչքի աստծո անունը՝ Սոմա: Սոմային նույնացնում էին նաև Լուսնի աստծո հետ, և սա պատճառ էր, որ լուսինն էլ կոչեին այդպես: Հետո Սոմա սկսեցին անվանել նաև անձրևը: Այսպիսով Սոմա նշանակում է բույս, անձրև, աստված: Սոման Պարջապատի աստծո որդին է՝ ռազմիկների աստված Ինդրայի և կրակի աստված Ագնիի եղբայրը: Ինդրան և Սոման հաճախ հիշատակվում են բազմաթիվ հիմներում։ Սոման միայն աստված չէր, այլ նաև արբեցնող խմիչք: Այդ խմիչքն օգտագործում էին ոչ միայն քուրմերը, այլև՝ ռազմիկները պատերազմներից առաջ։ Թունդ խմիչքը նրանց ուժ և կորով էր տալիս: Ըստ հնդիկների` սոմա են խմում ոչ միայն մարդիկ, այլև աստվածները: Ալկոհոլային այս խմիչքն օգտագործում էին ծիսակատարություններին, որի ժամանակ էլ հայտնվում էր աստվածային Սոմա Պավամանը («Մաքրագործող»): Սոման ամբողջությամբ ալկոհոլ չէր, այն ավելի շատ թմրանյութ է, որն ունի հոլուցինագեն հատկություն: Հավանաբար սոման սովորական բուսական հյութ չէ, այլ ավելի բարդ բաղադրատոմս ունի։ Սոման հաճախ հիշատակվում է Ագնի կրակի հետ․ քուրմերն այն պատրաստում էին կրակի մոտ տարբեր նյութերից, որոնց գաղտնիքը միայն իրենք գիտեն։ Սոման հիշատակվում է հնդկական Վեդաներում և ունի զանազան արժանիքներ։ Այն ունի նաև աշխարհի տիրակալ, աստվածների աստված, կենարար ուժի կրող, «ոգևորող», «ամենագետ», ինչպես նաև` «երկնային» անվանումները։ Աստվածային Սոման մեծ ազդցություն ունեցավ ողջ հնդկական քաղաքակրթության վրա[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոետը` իբրև Գանգեսի քուրմ, իր կյանքը տալիս է Սոմայի լույսին և երգում խելագար Սոմային որպես քրոջ: Քաջ գիտակցելով, որ Սոմային սիրողը մեռնում է, նա, դարեր շարունակ կյանքը երգ շինած, փնտրել է նրան չար աշխարհում։ Պոետը մահն է տենչում և միայն վերջալույսին տեսնում է Սոմայի դեմքը, որպես զոհաբերում: Նա գիտի, որ Սոման մի աղջիկ ու երկնային քույր է, որը սուրբ ծաղիկներին տալիս է թույն, թախիծ ու բույր։ Մարդիկ, այդ բույսերից պատրատելով գինի և հարբելով սրբազան խմիչքից, ցանկանում են Սոմային։ Գիշերվա մթում այդ գինին մարդկանց տվել է երկունք ու մահ, գերեզման, հող ու անհուն, որպեսզի մարդիկ խելագար պար բռնեն իր հրդեհում: Կյանքը դառնում է կրակ։ Ամբոխները ծափ են զարկում և պարում` ջահ դառնալով կրակապատ աշխարհում։ Պոետը դիմում է հեռավոր ընկերներին ու եղբայրներին, որ գան ու մտնեն այդ շուրջպարի մեջ: Նրանք գալիս և հրդեհում պար են բռնում։ Այդ կրակի մեջ մարդկանց արյունը դիտվում է որպես սրբազան զոհ, և պոետն ինքն էլ պատրաստ է վառվել։ Սոմայի սերը թույն է, բայց քաղցր է: Պոետի կյանքը կմարի որպես հին, չնչին մի կայծ, բայց կվառվի բոլոր գալիք արշալույսներում[2]։

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշե Չարենցի «Սոմա» և «Ամբոխները խելագարված» պոեմներում իր դրսևորումն է գտնում հեղափոխական ռոմանտիզմը, որը կարելի է նաև անվանել հերոսական ռոմանտիզմ։ Այս պոեմներով հեղինակը բերում է մի շարք նորություններ։ Առաջնային է հերոսի ընտրությունը։ Պոեմների գլխավոր հերոսը այժմ ոչ թե անհատն է կամ անհատների խումբը, այլ ժողովուրդը՝ որպես հավաքական ամբողջություն։ Ժողովրդի կերպարի ստեղծման ճանապարհին գրողը բացահայտեց նաև ազատության անհատնում գեղեցկությունը և հոգեկան յուրօրինակ վերելքը։ Եղիշե Չարենցի պոեմները արտաքուստ թեթև սյուժետային կառուցվածք ունեն, սակայն ամբողջությամբ ուժի, գեղեցիկի ընկալման, էմոցիաների լարվածության միջոցով ստեղծում են հերոսական մթնոլորտ։ Այս ամենն էլ էպիակական զորություն է հաղորդում ժողովրդին։ Դարի ու բանաստեղծի ներքին կապի մասին է հյուսված «Սոմա» պոեմը։ Այս քնարական պոեմում դեռևս տեսանելի է սիմվոլիստական պոեզիայից մնացած տարրեր, պատկերներն ունեն առասպելական թեթև հանդերձավորում, որոնք էլ նշմարում են ժամանակի շունչը։ Պոեմը հազարամյա մարդկության արյան շարժումն է, թարմացումը։ Երիտասարդ ոգու կրակը բոցավառվում է բանաստեղծության մեջ՝ բերելով ողջակիզվող ամբոխների ոգևորությունը, ազատության տենչը։ Մարդկության շուրջպարը տեղի ունեցած հրաշագործության վկայությունն է․ փոխվել է դարը, փոխվել են ժողովուրդները, փոխվել է մարդու տանջահար ոգին։ Չարենցը պատկերում է նորագույն մարդու հոգու վերածնունդը։ Մարդկային ոգին ստանում է իր լույսը, գեղեցկանում է ներաշխարհը, բացվում են անհատի հնարավորությունները և գեղեցկությունները՝ պայմանավորված ժողովրդական տարերքի հոգեկան, ֆիզիկական և սոցիալական վերելքի հետ[3]։

Հեղինակի ներկայությունը պոեմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարենցը մշտապես ներկա և տեսանելի է իր կերտած աշխարհում։ Թեև հեղինակն իր հոգեկան հույզերն է արտահայտում, սակայն մի պահ այդ անհատականը դառնում է հավաքական, որն էլ քանդում է անջրպետը հանրության և հեղինակի միջև։ Այս ամենը ակնառու է Սոմա պոեմում, որի մուտքը հեղինակի հուզական խոստովանությունն է[4]

Որպես քուրմը Գանգեսի,

Կարոտակեզ, սիրակեզ

— Կյանքս տվե՜լ եմ լույսիդ

Եվ երգում եմ քեզ[2]։


Պոեմի շարունակական հատվածները վերածվում են Սոմային ուղղված ներբողի։ Հաջորդող հատվածներում հեղինակը իր անհատական ես֊ը խառնում է մենք֊ի հետ` դառնալով ընդհանուր տրամադրությունների երգիչ։ Իններորդ հատվածում հեղինակային ես֊ը դարձյալ առանձնանում է և Սոմա խորհրդանիշը դարձնում անհատական հուզապրում[4]

Կյանքս կմարի՝ հին, չնչին մի կայծ

Քո ոսկի հրում—

Բայց վառվի՛ պիտի սիրտս մոխրացած

Քո բոլո՛ր գալիք արշալույսներում.․.[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սոմա».
  2. 2,0 2,1 2,2 Եղիշե Չարենց (1984). Պոեմներ, բալլադներ. 1984: ԵՊՀ հրատարակչություն. էջեր 63–69. ISBN 006530. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  3. Հրանտ Թամրազյան (1987). Եղիշե Չարենց. Երևան: Արևիկ. էջեր 152–164.
  4. 4,0 4,1 Ժենյա Քալանթարյան, Եղիշե Չարենց (2012). Ուսումնասիրություններ. Երևան: ԵՊՀ Հրատարակչություն. էջեր 255-259։.