Ամբոխները խելագարված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպոեմ
ՀեղինակԵղիշե Չարենց
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1919
ՎիքիդարանԱմբոխները խելագարված

Ամբոխները խելագարված, Եղիշե Չարենցի պոեմներից՝ գրված 1919 թվականին։

1918-19 թվականներին Չարենցը մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական կռիվներին։ Հենց այդ կռիվների տպավորության հիման վրա գրում է «Ամբոխները խելագարված» պոեմը։ «Ամբոխները խելագարված» պոեմում Չարենցը նկարագրում է արդեն իրական հեղափոխական զանգվածներին, որոնք գնում էին նվաճելու հին աշխարհի խորհրդանիշ քաղաքը։ Պոեմում ժողովուրդը դուրս է եկել հին աշխարհը կործանելու, և նոր աշխարհը կառուցելու համար։ Չարենցը մեծարում է ժողովրդի կամքն ու անկոտրուն ոգին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամբոխները խելագարված» պոեմն ունի իրական հիմք։ Պոեմը սկսվում է ողջույն-դիմումով ուղղված բոլոր նրանց, ովքեր պատրաստ են գնալ ինքնազոհության հանուն ազատության։ Չարենցը վստահ էր, որ մարդկության ամբողջ պատմությունը եղել է միայն ճնշման պատմություն։ Հեղափոխական զանգվածները վրեժ էին լուծում այդ պատմության համար։ Իսկ կայարանում և քաղաքում գտնվում է ժողովրդի թշնամին։ Պոեմի 10 գլուխները նկարագրում են ռազմադաշտը, պատմում են գրոհի նախապատրաստման և կայարանի գրավման մասին։ Մնացած 7 գլուխները գիշերային սպասողական տագնապի մասին են։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմը սկսվում է ժողովրդական դյուցազնավեպերի հրովարտակը հիշեցնող դիմումով։ «Խելագարված ամբոխների» բանակը տարածվել է անծայրածիր դաշտում։ Չարենցի նպատակը ոչ թե հեղափոխության համայնապատկերը ներկայացնելն էր, այլ նրա համամարդկային բովանդակության բացահայտումը։ Պոեմն այնպես է կառուցված, որ կռվող «ամբոխների» նպատակը խորհրդանշող արևի ճանապարհին ընկած են կայարանը և քաղաքը՝ հին աշխարհի խորհրդանիշները։ Կայարանն արդեն գրավել են, քաղաքն էլ պիտի գրավեն, որ հասնեն արևին։ Ամբոխների միասնական կամքով և հերոսական ոգեշնչումով ծավալվում է ճակատամարտը երկաթուղային կայարանի ու քաղաքի գրավման համար, որի նկարագրությանն են նվիրված պոեմի մյուս մասերը՝ 4-16-րդ գլուխները։ Ահա և «ամբոխների» հուժկու ընթացքը դեպի արևը, որով էլ ավարտվում է պոեմը։

Աչքերն հառած հեռու-հեռուն կարմիր վառվող արեգակին
Արևավառ հեռուներում նրանք արեգակի հրով վառված՝
Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված՝
Դեպի արևն էին գնում ամբոխները խելագարված…

Պոեմի լեզուն և ռիթմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմն ունի պատշաճ բառապաշար։ Պոեմում ներկայացված էին նաև խորհրդանշական պատկերներ, որոնք ավելի հստակ են դարձնում հեղինակի գաղափարը։ Շատ են դիպուկ և բազմանշանակ փոխհարաբերությունները, համեմատեւթյունները, մակդիրները։

Պոեմն աչքի է ընկնում նաև ռիթմիկական բազմազանությամբ։ Չարենցի ժողովրդական էպոսների ոգով ու ոճով հերոսական վիպերգ է գրել աշխարհը վերափոխելու կոչված այն իրադարձությունների մասին, որոնց հետ կապում էր նաև իր հայրենիքի ապագան։ Այդ բնույթից է բխում բանաստեղծի չափազանցությունները, որոնք թափ ու ռիթմ են հաղորդում պոեմի ոճին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]