Մասնակից:2020likilik/Ավազարկղ Ազատանի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատանի միջնակարգ դպրոց
2020likilik/Ավազարկղ Ազատանի դպրոց

ՀՀ կրթության և գիտության նախարարության Հրաչյա Իկիլիկյանի անվան Ազատանի միջնակարգ դպրոց -ՊՈԱԿ, հանրակրթական դպրոց Շիրակի մարզի Ազատան գյուղում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1836 թվականին ռուսական կառավարությունը մի դեկրետ հրապարակեց, ըստ որի՝ Էջմիածնի Մայր Աթոռին իրավունք էր վերապահվում գործող հայ եկեղեցիներին կից ստեղծել մեկական ծխական դպրոց։ Ծխական դպրոց է հիմնվում նաև Խլի Ղարաքիլիսայում: «Ալեքսանդրապոլի գավառի Խլի Ղարաքիլիսա գյուղի դպրոցը հիմնադրվել է 1867 թվականին»:[1]: Նորաբաց դպրոցի մասին հպանցիկ տեղեկություններ ենք քաղում շուրջ քսան տարի հետո մեզ հասած մի ոչ մեծ տեղեկագրից.

«Խլի Ղարաքիլիսան ունի մեկդասյա ծխական դպրոց, արականոց ա դասարան, ա բաժանմունք, 18 նոյեմբերի 1887 ամի, 40 աշակերտ, դպրոցի արժեքապահպանությանը հատկացված է 120 [[տուբլի]]: Դասավանդել է Ալեքսանդր Տեր-Հարությունյանը, որն ունեցել է տնային կրթություն, նրա տարեկան աշխատավարձը կազմել է 70 ռուբլի, դասավանդել է հայոց լեզու, թվաբանություն, երգ, վայելչագրություն»:
- [2]

1887 թվականի վերջերին ցարական կառավարության հրամանով փակվում են բոլոր ազգային դպրոցները, այդ թվում՝ և հայկական: Վեցամյա դադարից հետո,թեև ծանր պայմաններում, բայց հայկական դպրոցները նորից բացում են իրենց դռները: Քանի որ գյուղի երկդասյա դպրոցը իր գոյությունը պահպանում էր շատ խղճուկ միջոցներով, տեղացիների մոտ միտք է հղանում համառ ջանքերով մշակելի դարձնել եկեղեցու բակը և ստացած ամբողջ գումարը հատկացնել դպրոցին: 1900 թվականի վերջերին Փոքր Ղարաքիլիսայում բացվում է մեկդասյա ռուսական պետական դպրոց, որի տնօրեն է նշանակվում Ալեքսանդր Չմշկյանը: 1901 թվականի մայիսի 20-ին Ալեքսանդր Չմշկյանը Երևանի նահանգապետի հասցեով ուղարկում է մի խնդրագիր, որով խնդրում է, որ մեկ տարի առաջ գյուղում բացված մեկդասյա ռուսական դպրոցի բազայի վրա բաց անեն երկդասյա դպրոց: [3]: Դպրոցը շուտով դառնում է երկդասյա, սակայն տեսուչ Ալեքսանդր Զախարովը, որ փոխարինել էր Չմշկյանին, խիստ կերպով պատժում էր բոլոր նրանց, ովքեր դպրոցի պատերի ներսում կփորձեին խոսել մայրենի լեզվով: Գյուղի հասարակությունը սկսում է բողոքել ցարական աստիճանավորների կամայականությունների դեմ և խնդրագրեր է ուղարկում տարբներ հասցեներով: Գյուղացիների բողոքն իզուր չի անցնում: 1901 թվականի նոյեմբերի 18-ին ավագների խորհուրդը գումարում է համայնքի ընդհանուր ժողով, որին մասնակցում է տանուտեր Նիկոլ Հարությունյանը: Ժողովը միաձայն որոշում է գյուղում հիմնել երկդասյա դպրոց: ժողովի որոշման մեջ ասված է. «Մենք կտանք ուսուցչի վարձը և մյուս ծախսերը, միայն թե դպրոցը դառնա երկդասյա» [4]: Հիշյալ հասարակական վճռի տակ ստորագրում են 250 մարդ և ներկայացվում Երևանի նահանգական դպրոցների տնօրենին: 1902 թվականի գարնանը նորընտիր տանուտեր Ալեքսանդր Ռևազյանի մասնակցությամբ գյուղի եկեղեցու բակում տեղի է ունենում հասարակության բազմամարդ ժողով և որոշվում է կառուցել դպրոցական շենք: 1903 թվականի մայիսի 30-ին գյուղում բացվում է երկդասյա դպրոց, որի տնօրեն է նշանակվում Ներսիսյան դպրոցի սան, երկարամյա մանկավարժական փորձ ունեցող Թադևոս Գևորգյանը: 1907-1908 ուտարում դպրոցում սովորել են 162 երեխաներ: Դպրոցում դասավանդել են երեք ուսուցիչներ՝ Հովհաննես Սխրիկյանը, Հարություն Խրխոյանը, Ռուբեն Ասլանյանը:

Ազատանի միջնակարգ դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական 1-ին մասնաշենքը կառուցվել է 1938 թվականին, 1964 թվականին կառուցվել է եռահարկ մասնաշենքը,1987 թվականիին՝ երկհարկանի մասնաշենքը:1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժի պատճառով դպրոցի եռահարկ մասնաշենքը դարձել է վթարային, իսկ հետո՝ ապամոնտաժվել: Այժմ ուսումնական պարապմունքներն անցկացվում են 1987 թվականին կառուցված երկհարկանի հարմարեցված և 2004 թվականին կառուցված երկհարկանի մասնաշենքերում: Գործող 2 մասնաշենքերը գտնվում են իրարից 2 կմ հեռավորության վրա: Դպրոցում իրականացում է նաև ներառական կրթություն:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Իկիլիկյան, Հրայր Իկիլիկյան, Գյուղ Ախուրյանի ափին, Երևան «Հայաստան», 1986

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1 Հայ պարբերական մամուլի ՊԿԱ, ֆոնդ 48, ցուցակ 1, գործ 630, էջ 44
  2. 2 ՀՊԿԱ , ֆոնդ 48, ցուցակ 1 , գործ 511. Էջ 14
  3. 3 ՀՊԿԱ, ֆոնդ 19, ցուցակ 1, գործ 538, էջ 11-12
  4. 4 ՀՊԿԱ ֆոնդ 196, ցուցակ 1, գործ 530, էջ 32

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատանի միջնակարգ դպրոց