Մասնակից:Վարդուհի Կոստանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա

Տարեց մարդկանց իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեց մարդիկ առերեսվում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ տարիքային խտրականությունը, բժշկական հասանելիությունը և մատչելիությունը, աղքատությունը, հաշմանդամության սոցիալական ընկալումները, մեծահասակների խոցելիությունը։

Առայժմ գոյություն չունի տարեց անձանց իրավունքները պաշտպանող միջազգային որևէ գործակալություն կամ համաձայնագիր, սակայն տարեց մարդկանց իրավունքներն ամրագրված են միջազգային և տարածաշրջանային մի շարք փաստաթղթերում և համաձայնագրերում։

Տարեցներին վերաբերվող և նրանց իրավունքները ներկայացնող 2 կոնվենցիա ունի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ Սոցիալական ապահովության կոնվենցիա (1952 թ․) և Հաշմանդամության, ծերության, կերակրողին կորցրածների նպաստների կոնվենցիա (1967 թ․)։

1982 թվականին ծերության համաշխարհային համաժողովի կողմից ընդունվել է ծերության վերաբերյալ Վիեննայի միջազգային գործողությունների պլանը[1]։

ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների միջազգաին դաշնագրով (Հայաստանը վավերացրել է 1993 թվականին) ստեղծվել է տարեցների Տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների կոմիտե (ՏՍՄԻԿ), որտեղ ներկայացված են տարեցների իրավունքների կետեր[2]:

2002 թվականին ծերության վերաբերյալ համաշխարհային երկրորդ համաժողովի ընթացքում ընդունվել է Մադրիդի միջազգային գործողությունների ծրագիրը, որտեղ անդրադարձ է կատարվել զարգացմանը, առողջությանը, բարեկեցությանը և բարենպաստ միջավայրին[3]:

Եվրոպայի խորհուրդն ունի սոցիալական խարտիա և սոցիալական պաշտպանության տարեցների իրավունքի համար սահմանված պարտավորություններ (Հայաստանը վավերացրել է վերանայված եվրոպական սոցիալական խարտիան 2004 թվականին, բայց չի ընդունել սոցիալական պաշտպանության տարեցների իրավունքի Հոդված 23-ով սահմանված պարտավորությունները)։ Գոյություն ունեն եվրոպական խորհրդի այլ չափորոշիչներ, որոնք ներառում են 2014 թ. ՆԿ առաջարկություն CM/Rec (2014) 2-ը, տարեց անձանց մարդու իրավունքների խթանումը[4] և ԵԽԽՎ 2168 բանաձևը (2017 թ.)` տարեց մարդկանց իրավունքների և նրանց համապարփակ խնամքի մասին[5]:

Տարեց անձանց վերաբերյալ ՄԱԿ-ի սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմք ընդունելով միջազգային մի շարք չափանիշներ, այդ թվում Աշխատանքի միջազգային կազմակերպության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոնվենցիաների առաջարկություններն ու բանաձևերը, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 1991 թվականին ընդունել է տարեցների վերաբերյալ 18 սկզբունքներ[6]։

  • Անկախություն

1. Տարեցները պետք է ապահովված լինեն համապատասխան սնունդով, ջրով, ապաստարանով, հագուստով և բժշկական ապահովագրությամբ։

2. Տարեցները պետք է ունենան աշխատելու և եկամուտներ ստեղծելու հնարավորություններ:

3. Տարեցներն իրավունք ունեն մասնակցելու աշխատուժի հեռացման որոշմանը։

4. Տարեցներն իրավունք ունեն մասնակցելու կրթական և վերապատրաստման ծրագրերի:

5. Տարեցները պետք է ապրեն ապահով միջավայրում, որը պետք է հարմարեցված լինի նրանց անձնական նախասիրություններին։

6. Տարեցներն իրավունք ունեն երկար ժամանակ անցկացնել տանը։

  • Մասնակցություն

7. Տարեցները պետք է ինտեգրված լինեն հասարակությանը, ակտիվորեն մասնակցեն նրա քաղաքականության մշակմանն ու իրականացմանը և կիսվեն իրենց գիտելիքներով ու հմտություններով ավելի երիտասարդ սերնդի հետ։

8. Տարեցներն իրավունք ունեն իրականացնել համայնքի զարգացմանը վերաբերող ծրագրեր և կարող են կամավոր ծառայել համապատասխան պաշտոններում:

9. Տարեցները կարող են ձևավորել տարեցների շարժումներ կամ միավորումներ:

  • Խնամք

10. Տարեցներն իրավունք ունեն օգտվել համայնքի խնամքից և պաշտպանությունից` յուրաքանչյուր հասարակության մշակութային արժեքների համակարգին համապատասխան:

11. Տարեցները պետք է ունենան բժշկական ապահովագրություն, որը կօգնի նրանց պահպանել ֆիզիկական, մտավոր բարեկեցություն և կկանխի հիվանդությունների առաջացումը։

12. Տարեցներին պետք է տրամադրվեն սոցիալական և իրավաբանական ծառայություններ` նրանց ինքնավարությունը, պաշտպանությունն ու խնամքը ապահովելու համար:

13. Տարեցներն իրավունք ունեն օգտագործել ինստիտուցիոնալ խնամքին համապատասխան մակարդակները, որոնք կօգնեն ապահովել պաշտպանություն, վերականգնողական և սոցիալական խթան՝ անվտանգ միջավայրում:

14. Տարեցները կարող են օգտվել մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից՝ ցանկացած խնամքի կամ բուժման հաստատությունում բնակվելիս, ներառյալ լիարժեք հարգանքը նրանց և նրանց կրոնի նկատմամբ, ինչպես նաև, իրավունք ունեն իրենց կյանքին վերաբերող որոշումներ կայացնել։

  • Ինքնակայացում

15. Տարեցներն իրավունք ունեն հետևել իրենց ներուժի լիարժեք զարգացմանը:

16. Տարեցներին պետք է հասանելի լինեն հասարակության կրթական, մշակութային, հոգևոր և հանգստի աղբյուրները:

  • Արժանապատվություն

17. Տարեցները պետք է ապրեն արժանապատվորեն և լինեն անվտանգ, զերծ լինեն շահագործումից և ֆիզիկական կամ հոգեբանական բռնություններից:

18. Տարեց մարդկանց նկատմամբ պետք է արդար վերաբերմունք ցուցաբերել՝ անկախ սեռից, ռասայական կամ էթնիկական ծագումից, հաշմանդամությունից կամ այլ կարգավիճակից։

Հայաստանը և տարեց մարդկանց իրավունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Սահմանադրության հոդված 83-ը ամրագրում է տարեցների սոցիալական ապահովության իրավունքը։ Հոդված 84-ում սահմանվում է, որ տարեցների համար պետք է ապահովված լինի արժանապատիվ գոյություն։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը տարեց է համարում 65 տարին լրացած անձին։ 2018 թվականի տվյալներով Հայաստանում 65 տարին լրացած անձանց թիվը կազմել է 323100 կամ բնակչության ընդհանուր թվի 10.8%-ը: Ընդ որում, այժմ Հայաստանում նկատվում է բնակչության ծերացում։ Սա ենթադրում է, որ տարեց անձանց իրավունքները պետք է համարվեն առաջնային։

Գործում է կենսաթոշակային համակարգ ՀՀ տարեց բոլոր քաղաքացիների համար։ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կենսաթոշակ է ստանում 63 տարին լրացած և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը։ Ամսական միջին գումարը կազմում է 40․424 դրամ։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում 2019 թվականի դրությամբ կա 466 580 կենսաթոշակառու (բնակչության ընդհանուր թվաքանակի 15․8 %-ը)։ Նրանցից 464 110-ը համարվում են աշխատանքային կենսաթոշակառուներ[7]:

Հատուկ նպաստներ են սահմանվել նաև այն թոշակառուների համար, ովքեր ունեն չորս և ավելի երեխա և պատերազմի մասնակից են։

Տարեցների իրավունքների ապահովմանն ուղղված ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում գործում և իրականացվում են մի շարք ծրագրեր՝ ուղղված տարեցների խնդիրների լուծմանը։ 2015 թվականից իրականացվել է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգին և հայեցակարգի իրականացման 2015-2019 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 39 արձանագրային որոշումը[8]: Հայեցակարգը նպատակ ուներ ներդնել սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգ, որում կլինեն ինչպես կենսական անհրաժեշտության, այնպես էլ լրացուցիչ ծառայություններ։

2017 թվականի մայիսի 18-ին կառավարությունն ընդունել է «Բնակչության ծերացման հետևանքով առաջ եկող հարցերի լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունը» և դրա իրագործման համար 2017-2021 թթ. գործողությունների ծրագիրը[9]: Այն հիմնված է Մադրիդի միջազգային գործողությունների ծրագրի[3], Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծերացման և առողջության համաշխարհային զեկույց»-ի և Վիեննայի միջազգային գործողությունների պլանի[1] նպատակների վրա։

ՀՀ կառավարությունը բարեփոխումների շրջանակներում 2017 թվականի մայիսի 4-ին ընդունել է որոշում՝ ըստ որի պետք է մշակվեն տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող ծառայությունների նոր ձևեր, մեթոդներ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Իրավունք Կատեգորիա:Մարդ