Մասնակից:Նանե Նազարյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գորշ հողեր, հողերի տիպ, ձևավորվում է մերձարևադարձային գոտու կիսանապատային բուսածածկույթի տակ, չլվացող և ներհոսող ջրային ռեժիմի պայմաններում, լյոսերի ու լյոսանման ապարների վրա: Բնութագրվում են հողառաջացման գործընթացի (գարնանը տեղի է ունենում բուսական մնացորդների կուտակում ու դրանց հումուսացում, ամռանը՝ հումուսային նյութերի հանքայնացում և դյուրալույծ աղերի բարձրացում հողի վերին հորիզոններ) տարեկան պարբերականությամբ, գորշ գունավորմամբ, լավ ջրաֆիզական հատկանիշներով, կենսբանական բարձրակտիվությամբ, հիմնային ռեակցիայով: Հողային կտրվածքի (մինչև 150 սմ հզորություն) բոլոր հորիզոնները պարունակում են կարբոնատներ, վերին հումուսային հորիզոնը՝ 1–4% հումուս: Գորշ հողերի ստորաբաժանվում են բաց, տիպիկ և մուգ ենթատիպերի: Գորշ հողերի բավականաչափ բերրի են և օգտագործվում են ոռոգովի երկրագործության մեջ. մշակվում է բամբակենի, շաքարի ճակնդեղ, հացահատիկային, կերային, պտղատու մշակաբույսեր, խաղողի վազ: Տարածված են Առաջավոր Ասիայում և Միջին Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Հյուսիսային Աֆրիկայում: Գորշ հողերի տարածման շրջաններում հայտնաբերվել են ոռոգման առավել հին օջախները:

Հայաստանի Հանրապետությունում տարածված են անտառային գորշ հողեր, մարգագետնային և կիսանապատային գորշ հողեր:

Մարգագետնային գորշ հողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգագետնային գորշ հողերը կազմում են Հայաստանի Հանրապետության տարածքի 2 %-ը (53 հզ. հա). զբաղեցնում են Արաքս գետի, Արմավիրի, Ստորին Հրազդանի և Արտաշատի ջրանցքների միջև ընկած Արարատյան դաշտի 800–950 մ բարձրության տարածքը: Ձևավորվել են 1–3 մ (որոշ դեպքերում՝ 5 մ) խորության ստորգետնյա և մակերևութային (ոռոգման) ջրերի մշտական ազդեցությամբ, որի հետևանքով հողերի մակերևույթն անընդհատ հարստացել է ոռոգման բերվածքներով: Հումուսի պարունակությունը ցածր է` 1,5–2 %, կարբոնատներինը` բարձր` 3–7 %, ունեն թույլ հիմնային ռեակցիա (pH=8,2–8,5), միջին կլանունակություն (30–40 մգէկվ), կավային և կավավազային մեխանիկական կազմ, բավարար ջրաֆիզիկական հատկություններ:

Կիսանապատային գորշ հողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսանապատային գորշ հողերը հաճախ անվանում են «ղռեր», կազմում են Հայաստանի Հանրապետության տարածքի 5,8 %-ը (152 հազար հա). զբաղեցնում են Արարատյան նախալեռնային գոտու ցածրադիր բլրաալիքավոր հարթությունների՝ 800–1250 մ բարձրները: Առաջանում են խիստ չոր, ցամաքային կլիմայի և կիսանապատային բուսածածկույթի պայմաններում` կարբոնատներով և խճով հարուստ ավազակավերի և թեթև կավավազների վրա: Հումուսի պարունակությունը ցածր է՝ 1,5–2 %, ունեն հիմնային ռեակցիա (pH=7,5–8,5), փոքր կլանունակություն (20–30 մգէկվ): Մեխանիկական կազմը միջին կավավազային է` զգալի քարքարոտությամբ: Հողբարելավման միջոցառումների կիրառման ոռոգման դեպքում պիտանի են գյուղատնտեսական արժեքավոր բույսեր (խաղող, դեղձ, ծիրան և այլն) մշակելու համար: Օգտագործվում է մոտ 1/3-ը: