Մայրավանք (Սոլակ)
Մայրավանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և վանք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Սոլակ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Կոտայքի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Ներկա վիճակ | վերականգնված է |
Կազմված է | Եկեղեցի Սբ. Աստվածածին, Բնակելի և տնտեսական կառույցներ և Գերեզմանոց |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 7-14-րդ դդ. |
Գմբեթ | 1 |
Mayravanq Monastery Վիքիպահեստում |
Մայրավանք, վանական համալիր Հայաստանի Կոտայքի մարզի Սոլակ գյուղից 3 կմ հս, բլրի լանջին, բացատում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսը միակամության հարցում իրեն ընդդիմած և Մայրավանք քշված Հովհան Մայրավանեցուն անարգելու նպատակով վանքն անվանել է “Մայրագոմ”, իսկ Հովհանին՝ “Մայրագոմեցի”: 451 թվականի Քաղկեդոնի ժողովից հետո Քրիստոնեական եկեղեցին պառակտվել էր և, հետևաբար թուլացել էր բյուզանդական եկեղեցու ազդեցությունը Հայ եկեղեցու վրա։ Միակամության գաղափարը ստեղծվել էր բյուզանդական կայսրերի կողմից և նրա հիմնական նպատակն էր՝ ստեղծել կամուրջ պառակտված եկեղեցիների միջև և վերականգնել կորցրած ազդեցությունը։ 633 թվականին՝ Կարինի ժողովի ժամանակ, Եզր կաթողիկոսը ստիպողաբար ընդունել էր Միակամության գաղափարը։ Բայց միակամությունը Հայաստանում չի արմատավորվել և համարվել է քաղկեդոնականություն։ Կաթողիկոսի դեմ ժամանակի հայ աստվածաբաններից միայն Հովհան Մայրավանեցին է բացահայտ հանդես եկել։
Մայրավանքը՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան, ընդգրկված է կառավարության հաստատած, Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և սեփականության իրավունքով հանձնված է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն։ Մայրավանքը ներառվել է առաջիկա վերականգնման ենթակա հուշարձանների ցանկում պահպանվածության առումով առավել վտանգված և հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիթորինգի ծրագրով 2009 և 2011 թվականներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում։ 2019 թվականի սեպտեմբերից սկսվել է Եկեղեցու ամբողջական վերականգնման աշխատանքները, որը տևեց շուրջ 4 տարի։ 2023 թ. հուլիսի 22-ին եկեղեցին վերաօծվեց։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածին եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանական համալիրի միակ եկեղեցին Սուրբ Աստվածածինն է։ Այն կառուցված է 11-րդ դարում։
Եկեղեցու շենքը դրսից գրեթե քառակուսի է (երկարություն՝ 8.4 մ, լայնություն՝ 7.13 մ)։ Պատերի հաստությունը0.8 մ։ Դրսից արևելյան պատի մեջ աբսիդը և խորաններն իրարից բաժանող միջնորմերի գծով, կան երկու անկյունաձև նիշեր[2], որոնց գագաթները զարդարված են կիսակոնաձև փորվածքների պսակով։ Արտաքին զարդաքանդակները շատ սակավ են և պարզ։ Դրանք են՝ մուտքի շրջանակ, կողքերից փոքրիկ կիսասյուներ և դրանց գագաթները միացնող ու ճակատաքարը վերևից գոտկող կիսագլան։ Արևելյան պատի վրա, ցածի խորանների կարճ և նեղ լուսամուտների գլխին պսակներ, վերին խորանների կլոր ու փոքր լուսանքների շուրջը՝ երկշարք կիսագլանաձև շրջանակներ, որոնցից հարավայինը խաչաձև է, իսկ հյուսիսայինը՝ ութանկյուն։ Գմբեթի թմբուկը միջակ բարձրության է և գլանաձև։ Միակ մուտքը արևմուտքից է՝ 1.88 մ x 1.12 մ կտրվածքով։
Ներսից եկեղեցին խաչաձև է։ Հյուսիսային և հարավային պատերին կից տեղավորված են 1.5 մետրանոց ելուստներ, որոն հաստությունը 0.77 մ է։ Ելուստների ճակատներին դրված են մեկական հաստ կիսասյուներ, գլանաձև խոյակներով։ Կիսասյուներն առնված են կիսագլանների (ճակատի անկյուններում) և անկյունաձև կտրվածքների շրջանակների մեջ։ Արևմտյան պատից մինչև ելուստ տարածությունը 1.32 մ է, իսկ ելուստից մինչև խորանի ճակատը՝ 2.47 մ։ Գմբեթը դրված է ելուստների և աբսիդի ծայրերի անկյունների վրա։ Աբսիդը խորը չէ։ Բեմը ցածր է և խորանների ճակատի գծից դուրս դրված։ Բեմի երկու կողմից, դուրս ընկած մասում, բարձրանում են երեքական նեղ աստիճաններ։ Աբսիդի երկու կողմից կան երկհարկ խորաններ։ Ցածի խորանների մուտքը 0.8 մ լայնություն ունի։ Վերին խորանների մուտքերը աբսիդի եզրերին, բեմի հատակից բարձր և նեղ են։ Ներսից պատերը սրբատաշ են, հատակը՝ սալապատ։ Լուսամուտները նեղ են ու կարճ, բացառությամբ աբսիդի արևելյան պատի մեջ, սեղանի վրա բացվածի, որը համեմատաբար ավելի լայն է ու երկար։ Չհաշված խորանների լուսանքները, եկեղեցին լույս է ստացել թվով ութ լուսամուտներից, որոնցից չորսը պատերի վերին մասում, չորսն էլ գմբեթի չորս՝ գլխավոր ճակատներին։ եկեղեցին ներսից շատ աղոտ լուսավորություն է ունեցել։
Եկեղեցին կառուցված է մոխրագույն բազալտ քարից։
Գերեզմանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարյան գերեզմանոցը գտնվում է եկեղեցու 100 մետր հարավ-արևելք, Սոլոկ գյուղ տանող արահատեի սկզբնամասում։
Արձանագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԴՐԱԽՏ https://www.youtube.com/watch?v=KnoO4aNlyXE&t=3s
- ՀՀ վանական համալիրների ցանկ
- Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ
- ՀՀ տաճարների ու եկեղեցական համալիրների ցանկ
- Արցախի վանական համալիրների ցանկ
- Ձագավանք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Զևոնդ Ալիշան, Այրարատ, Վենետիկ, 1892 թվական, էջ 270
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մայրավանք (Սոլակ) կատեգորիայում։ |