Ճառընտիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մշո ճառընտիր

Ճառընտիր, ընտիր կամ ընտրովի ճառերի ժողովածու հայ միջնադարում։ Որոշակի բովանդակությամբ չի հատկանշվում, մինչդեռ տարատեսակներն ունեն իրենց որոշակի նպատակադրումը, կազմությունն ու անունը։ Հնագույն ճառերի ժողովածու է 8-րդ դարի գործիչ, Մաքենյաց վանքի առաջնորդ Սողոմոնի կազմած ժողովածուն, որ, Մշո վանքին պատկանելու պատճառով, «Մշո ճառընտիր» անունն է կրում։ Կազմված է տերունական տոների կարգով՝ Ավետման, Ծննդյան, Մկրտության, Հոգեգալուստի, Արմավինյաց, խորհրդավոր գիշերի, խաչելության, Համբարձման, Հարության վերաբերյալ քրիստոնեական ճանաչված հայրերի ճառերից կրում է նաև Տոնական անունը։ Ճառընտիրի մեկ ուրիշ տարատեսակ, որը բացահայտում է տոների պատճառները, անվանվել է Տոնապատճառ։ Ընտիր ճառերի երրորդ խումբը, որի մեջ ամփոփվում են բացառապես նահատակների մասին ճառ-պատմությունները, կրում է Վկայագիրք կամ Մարտիրոլոգ անունը։ Նշված ճառընտիրները սկզբնապես շարժական տոմարի կարգով դասավորված ճառեր էին, հետագայում՝ կայուն տոմարի հաստատումից հետո, մեծ մասամբ ամսակարգային բնույթ են ստացել։ Ճառընտիրները միջնադարյան մյուս ժողովածուներից տարբերվում է գեղարվեստական շարադրանքով և նախատեսված է ոչ արարողական, այլ առավելապես եկեղեցուց դուրս ընթերցանության համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 86