Ճանիկ Գալբագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճանիկ Գալբագյան
Ծնվել էփետրվարի 2, 1881(1881-02-02)
ԾննդավայրՄարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 22, 1933(1933-02-22) (52 տարեկան)
Մահվան վայրԱՄՆ
Մասնագիտությունատամնաբույժ
ԱմուսինԷլիզա Թոփալյան

Ճանիկ Հակոբջանի Գալբագյան (փետրվարի 2, 1881(1881-02-02), Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 22, 1933(1933-02-22), ԱՄՆ), հայ ատամնաբույժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1881 թվականի փետրվարի 2-ին Հալեպի նահանգի Մարաշի գավառի կենտրոն Մարաշ քաղաքում՝ բժիշկ Հակոբջան Ավետիսի Գալբագյանի ընտանիքում։ Այս տոհմում ներկայացուցիչները 300 տարի շարունակ Այնթապում եղել են բժիշկներ։ Մի անգամ Հակոբջանի պապին՝ որպես Այնթապի նշանավոր բժշկի, ներկայացրել են սուլթան Մահմուդ II-ին, երբ նա ճանապարհորդում էր դեպի Բաղդադ։ Սուլթանը նրան պատվագդակ (գալբագ) է նվիրել՝ գրավոր հրամանով (ֆերմանով), որտեղից էլ առաջացել է Գալբագլը օղլու կամ Գալբագյան ազգանունը։ Հակոբջանի հայրը՝ բժիշկ Ավետիսը, նշանակվել է Մարաշի թաղապետական բժիշկ և ընտանիքով տեղափոխվել Մարաշ։

Ճանիկ Գալբագյանը նախնական ու երկրորդական կրթությունն ստացել է Մարաշում։ Ուսանել է ատամնաբուժություն։ Երկար տարիներ ատամնաբույժ է աշխատել Մարաշում։ Ամուսնացել է Մարաշի Տեր-Մեսրոպյան ընտանիքի դստեր հետ և ունեցել երկու դուստր։

1920 թվականի հունվարին՝ Մարաշի կոտորածի ժամանակ, կինն ու դուստրերը սպանվել են, իսկ ինքը բանտարկվել է ու անլուր տառապանքների ենթարկվել։ Բանտից ազատվելուց հետո շարունակել է զբաղվել ատամնաբուժությամբ։ Որոշ ժամանակ անց ամուսնացել է Մարաշի Աղջկանց քոլեջի շրջանավարտ Էլիզա Թոփալյանի հետ և երկու զավակ ունեցել։ Այնուհետև ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ։ Այնտեղ կինը մահացել է, իսկ ինքը նվիրվել է զավակների կրթության գործին։

1933 թվականի փետրվարի 22-ին հանկարծամահ է եղել 52 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ, Նիւ Եորք, 1934։
  • Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զէյթուն, Նիւ Եորք, 1988։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։