Ձարաշուշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձարաշուշան (լատին․՝ Crinum), պատկանում է շքանարգիզազգիների (Amaryllidacea) ընտանիքին։ Հայրենիքը Հարավային Աֆրիկան է, Արևադարձային Ասիան և Ամերիկան։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր սոխուկավոր բույս է, խոտային հաստ ցողունով, որի վերևում դեպի բոլոր կողմերը տարածվում են մշտադալար, կանաչ, ժապավենաձև, կախված երկար ու լայն տերևները։ Երկար ու հաստ ծաղկոթունը իր վրա կրում է բավական խոշոր, հովանոցաձև ծաղկաբույլ՝ 10-15 հատ խոշոր ծաղիկներով, որոնք նման են շքանարգիզի ծաղիկներին։ Բավական չորոդիմացկուն և խիստ լուսասեր է։ Ծաղկում է ինչպես ամռան և աշնան, այնպես էլ ձմռան ընթացքում։ Դա կախված է ջրման ռեժիմից, սնուցումից, լուսային պայմաններից, թաղարի չափերից և այլն։ Սոխուկները շատ խոշոր են, արձակում են մեծ քանակությամբ հաստ մսալի, արմատներ։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակվում են համապատասխան խոշոր թաղարներում կամ կիսատակառիկներում։ Հողախառնուրդ պատրաստելու նպատակով անհրաժեշտ է վերցնել 3 մաս ճմահող, 1 մաս տորֆահող, 1 մաս տերևահող, 1 մաս ավազ։ Ջերմատներում կամ բնակարաններում պահվող բույսի խնամքը բավական հեշտ է։ Ձմռան ընթացքում անհրաժեշտ է ջրել սակավ, բույսը պահել ջերմատան լուսավոր մասերում, 12-15° ջերմության պայմաններում հաճախակի մաքրելով տերևների վրայի փոշին և փխրեցնելով հողը։ Ամռան ընթացքում անհրաժեշտ է ջրել առատորեն, փոխադրել պարտեզ և պահել կիսաստվերում, 2-3 անգամ տալ կոմբինացված սնուցում։ Երիտասարդ բույսերի վերատնկումը կարիքի դեպքում կատարվում է տարեկան 2-3 անգամ, իսկ մեծերինը՝ 2-3 տարին մեկ։ Վերատնկման ժամանակ փոքրիկ սոխուկները տնկում են իրենց կեսի չափով, իսկ մեծերը ⅓-¼ մասով։ Բազմանում է սերմերով և սոխուկներով։ Ցանկը կատարվում է սերմահավաքից անմիջապես հետո, քանի որ սերմերը, ինչպես, օրինակ, Cr. Moorei Hook. տեսակինը, ծլում են նույնիսկ բաց վիճակում՝ հողի վրա, չոր պայմաններում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձարաշուշանի ցեղն ունի մոտավորապես 80 տեսակ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան