Հրշեջ տեխնիկա
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հրշեջ տեխնիկա, մարդկանց փրկելու, նյութական արժեքները և բնական հարստությունները հրդեհից պաշտպանելու տեխնիկական միջոց։ Հրշեջ տեխնիկայի հիմնական միջոցները հրշեջ մեքենաներն են (հրշեջ ավտոմոբիլներ, գնացքներ, նավեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ)։ Հրշեջ տեխնիկային են պատկանում նաև հրշիջման, հրշեջ ազդանշանման ստացիոնար տեղակայանքները, կրակմարիչները և հրդեհի վայրը հրշիջման միջոցների տեղափոխման սարքավորումը։ Հրշեջ տեխնիկա ստեղծելու փորձերը վերաբերում են վաղ անցյալին։
Դեռևս մ. թ. ա. հույն գյուտարար, մեխանիկ Կտեսիբիոսը կառուցել է մի մեքենա, որը ըստ հռոմեացի ճարտարապետ Վիտրուվիոսի նկարագրի, ունակ էր «ջուրը վեր նետելու»։ Այդ մեքենան ուներ մխոցավոր երկգլանանի պոմպի բոլոր կոնստրուկտիվ տարրերը։ Սակայն Կտեսիբիոսի գյուտը մոռացվեց, և միայն XVI դ. Աուքսբուրգում (Գերմանիա) անվանի վարպետ Անտոն Պլատները կառուցեց ձեռքի նույնատիպ հրշեջ պոմպ, որի օգնությամբ ջրաշիթը կարելի էր հասցնել այդ մեքենայից 6—8 մ հեռավորության։ 1672 թվականին Ամստերդամում հոլանդացի Ցան վան դեր Հեյդեն պատրաստեց դուրս նետվող փողրակով պոմպ, որը երկար ժամանակ օգտագործվում էր որպես հրշիջման հիմնական միջոց։ Հրշիջման ջրթափ խողովակները Ռուսաստանում սկսեցին կիրառվել առաջին անգամ XVII դարում։ Շոգեմեքենայի գյուտից հետո, 1829 թվականին, Լոնդոնում պատրաստվեց հրդեհի մարման տեղակայանք, որի պոմպերը շարժման մեջ էին դրվում շոգիով։ 1892 թվականին Գերմանիայում ստեղծվեց մեխանիկական հրշեջ պոմպ ունեցող ավտոմոբիլ, իսկ 1907 թվականին ի հայտ եկավ ավտոմոբիլին մոնտաժված առաջին հրշեջ սանդուղքը։ Երկար ժամանակ կրակմարիչ հիմնական միջոցը ջուրն էր, որի կիրառումը որոշ դեպքերում անհրաժեշտ արդյունք չէր տալիս (օրինակ, այրվող յուղերը, նավթը մարելու դեպքում)։ XX դ. սկզբում Բաքվի գիմնազիայի ուսուցիչ Լորանն առաջարկեց մարման նոր միջոց՝ քիմիական փրփուր, որն առաջանում էր կրակմարիչում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 632)։ |