Գուջարաթական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հուջարաթական գրականություն, հուջարաթցիների՝ Հնդկաստանի Հուջարաթ նահանգում և Բոմբեյում ապրող ժողովրդի գրականությունը։

Վաղ շրջանին (12-14 դդ.) բնորոշ են ժողովրդական տոնակատարությունների հետ կապված գեղարվեստակաև ձևերը, ինչպես նաև ջայնական քարոզիչների կրոնախրատական պոեմները (ռասո)։ 14-16 դդ. Հուջարաթական գրականություն ներթափանցված էր դեմոկրատական կրոնա-բարենորոգչական բհաքթի («Սեր առ աստված») շարժման գաղափարներով։ Նարսինհ Մեհթայի (1414-80), Միրա Բաիի (1499-1547), Բհալանի (14341514) պոեզիան ուղղված էր բարձր դասերի և ուղղափառ հինդուիզմի դեմ։ Լայնորեն օգտագործվում էին հին հնդկական «Մահաբհարաթա» և «Ռամայանա» էպոսի դասական սյուժեները։ Պադմանաբհի «Ասք Կանհադադի մասին» (1456) պոեմը նվիրված է 13-14 դդ. մուսուլման զավթիչների դեմ հուջարաթցիների պայքարին։ 17-18 դդ. ուժեղանում են կրոն, թեմաներից հեռանալու միտումները։ Աքոն (1591-1656), Պրեմանանդը (1636-1734) և Շամալը (1684-1769) խարազանում են կրոն, խավարամոլությունը, դասային բացառիկությունը, բողոքում կնոջ իրավազուրկ վիճակի դեմ։ Հուջարաթական գրականության միջնադարյան շրջանն ավարտվում է Դայարամի (1777-1852) ստեղծագործությամբ։ 19-րդ դ. հուջարաթական գրականությունը հագեցած էր հումանիստական գաղափարներով։ Նոր գրականության հիմնադիրներ Դալպատրամը (1820-98) և Նարմադշանկարը (1833֊ 1886) հանդես եկան հնդկա-մուսուլմանական երկպառակության, դասային անհավասարության, կնոջ ծանր վիճակի դեմ։ Դովանդհանրամ Տրիպատհի (1855-1907) «Սարասվատիչանդրա» վեպը հնդկական լուսավորական գրականության խոշորագույն ստեղծագործություններից է։ Այդ շրջանում հաստատվել են նոր ժանրեր՝ վեպ, պատմվածք, սոնետ, էլեգիա։ Հուջարաթերեն են թարգմանվել եվրոպական գրականության շատ գործեր։ 20-րդ դարին ուժեղացան ռեալիստական միտումները [Ռամանլալ Դեսաի, 1892-1954, Կանյալալ Մունշի (ծն, 1887), Զավերչանդ Մեգհանի, 1897-1947 և այլն], զարգացավ քննադատական ռեալիզմը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 681