Հուշարձան (Վերին Կարմիրաղբյուր)
![]() | |
Տեսակ | մշակութային արժեք և հուշարձան |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Վերին Կարմիրաղբյուր |
ՀՀ ՊՄԱՀ | 61/10 |
![]() |
Հուշարձան, Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում կառուցված հուշակոթող։ Հուշարձանին կից գործում է փոքրիկ թանգարան-սրահ, որի արտաքին պատի վրա փորագրված են Երկրորդ աշխարհամարտում զոհված 161 Վերին Կարմիրաղբյուրցիների անուն ազգանունները (այդ թվում՝ շարքայիններ և սպաներ), իսկ ներսում պահվում են ռազմաճակատից ուղարկված եռածալ նամակներ, նրանց շիրիմներից բերված հող (գերեզմանները գտնվում են նախկին ԽՍՀՄ-ի տարբեր տարածքներում)։ Հուշարձանն ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2] (համարանիշ՝ 61/10)։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեք մետր բարձրությամբ բազալտե պատվանդանի վրա ամբողջ հասակով կանգնած է հրացանը երկու ձեռքով կրծքին սեղմած, զինվորական թիկնոցն ուսերին, խիզախ հայորդու հավաքական կերպար հանդիսացող զինվորը՝ գլուխը թեքած դեպի ձախ (քանդակագործ՝ Գրիգոր Ահարոնյան, քարտաշ վարպետներ՝ Սարգիս և Վահե Դերմենջյաններ[3])։ Արձանի ձախ կողմում, թանգարան-սրահի հյուսիսային պատի վրա զոհվածների անուններն են, որի կողքին հայկական նարնջագույն տուֆի վրա հավերժության նշանին կանգնած արծիվ, հայկական ծիրան ու խաղող պատկերող փորագրանկար է։ Թանգարան-սրահն ընդարձակ, լուսավոր սենյակ է, որի ներսակողմյան ամբողջ պատն զբաղեցնում են զոհվածների լուսանկարները։ Պատերազմում երեք և ավելի որդի կորցրած 4 հերոս մայրերի լուսանկարները նույնպես այստեղ են՝ իրենց զավակների նկարների կողքին։ Պատի երկայնքով, լուսանկարների տակ ցուցափեղկեր են՝ հուշանմուշներով։
Հուշարձանը գտնվում է Հունքույալ կոչվող բլրի վրա, որտեղից տեսարան է բացվում դեպի ամբողջ գյուղը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում պատերազմի զոհերին նվիրված հուշարձան ունենալու գաղափարը ողջունվել է ինչպես գյուղի ղեկավարության, այնպես էլ բնակիչների կողմից, քանի որ համարյա բոլոր ընտանիքներից զոհեր էին եղել։ Յուրաքանչյուր ընտանիքից 20-ական ռուբլի նվիրատվությամբ, գյուղի կոլտնտեսության ներդրած դրամական միջոցների շնորհիվ, ինչպես նաև Հայաստանի և նախկին ԽՍՀՄ տարբեր բնակավայրերում ապրող Վերին Կարմիրաղբյուրցիների հանգանակությունների միջոցով հնարավոր է դարձել կյանքի կոչել այդ գաղափարը։
1969 թվականի նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել հուշարձանի բացման արարողությունը։ Ուշ աշնանային անբարենպաստ եղանակը չի խանգարել ավելի քան 3000 ներկաներին իրենց հարգանքի տուրքը մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսներին ու 160 ծաղկեփնջով զարդարել ամբողջ հուշարձանը[4]։ Պահին հանդիսավորություն են հաղորդել զինվորական համազարկը, շեփորահարների նվագը, անմար կրակը, լռության րոպեն, կարդացված զեկուցումներն ու հյուրերի ելույթները։ Բացման միջոցառումն ավարտվել 350 հոգու համար նախատեսված հոգեհացի սեղանով։
Մեր օրերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացման օրից ի վեր հուշարձանը յուրատեսակ սրբատեղի է դարձել ամբողջ գյուղի համար՝ ամեն տարի մայիսի 9-ին իր շուրջը համախմբելով գյուղի ողջ բնակչությանը։ Մեծ Հայրենականի յուրաքանչյուր տարելից նշվել է պատշաճ շուքով ու հանդիսավորությամբ, որոնց մասնակցել են ինչպես պատերազմի վետերաններն իրենց հուշերով, այնպես էլ դպրոցականներն իրենց ասմունքով, երգ ու պարով։
Հայաստանի անկախացումից հետո այս ավանդույթին միահյուսվել է հուշարձանի տարածքում մեր նորօրյա պատմության փառավոր հաղթնակներին նվիրված միջոցառումների անցկացումը։
Հուշարձանի մասին հոգ են տանում ռուսաստանաբնակ Վերին Կարմիրաղբյուրցիները․ վերջիններիս ֆինանսական աջակցությամբ 2020 թվականին այն հիմնովին վերանորոգվել է։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Հայաստանի կառավարության որոշում N 1929-Ն, 30 դեկտեմբերի 2004 թ․
- ↑ Բալաբեկ Մելյան, «Կարմիրաղբյուր», «Ասողիկ» հրատարակչություն, Երևան, 2001
- ↑ Բալաբեկ Մելյան, «Կարմիրաղբյուր», «Ասողիկ» հրատարակչություն, Երևան, 2001
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հուշարձան (Վերին Կարմիրաղբյուր) կատեգորիայում։ |